Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Մարտ 29,2013 13:58

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ երեսուներորդ

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Որ էս ընթացքում երեսունտոկոսանոց թոքերիցս չէի խոսում ու գրում, դրա պատճառը ոչ թե էն է, որ մտածել եմ՝ ձեզ չի հետաքրքրի, այլ էն, որ ես էս ընթացքում իսկապես դեպքից դեպք ու առիթից առիթ եմ թոքերիս ու առողջականիս մասին հիշել, եւ հատկապես ու առանձնապես էս գրելուս պահերին առողջականիս ու թոքերիս մասին չեմ հիշում, որովհետեւ առավոտները՝ իմ էս գրագրության ու վիպասանության պահերին ուրիշ՝ շատ ավելի կարեւոր բաներ եմ հիշում իմ ու ձեր էս մինուճար ու հարափոփոխ կյանքից, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ ես գիտակցաբար ու հասկանալով եմ առողջական խնդիրներս շրջանցում ու մոռացության մատնում, ու էդպես հնարավոր էլ չի, որովհետեւ եթե ամեն րոպե փորձես մոռանալ առողջական խնդիրներդ, ամեն րոպե ստիպված կլինես հիշել դրանք, եւ դրանք չհիշելն ու մոռանալը հնարավոր է միայն էն դեպքում, եթե միտքդ ու հոգիդ տեւականորեն զբաղեցնող այլ զբաղմունք ունես, եւ իմ դեպքում մտքիս ու հոգուս զբաղվածությունն ապահովողը գրականության հետ որոշ կապ ունեցող էս տվայտանքներս են, որոնց ժամանակ առ ժամանակ ու հատկապես հիմա հաջողությամբ փոխարինում են Օրթախ Աբոյի ու օրթախականների իրիկնային ու սրճարանային զրույցները՝ քաղաքական ու  անխտիր բոլոր թեմաներով, ու էս ամենին էլ գումարած՝ ընտանիքիս ու անձամբ իմ սոցիալական խնդիրները, որոնք նույնպես չեն լքում միտքս ու հոգիս, եւ էս ամենն իսկապես զբաղմունք է, եւ իմ դեպքում՝ նաեւ հարաբերական փրկություն, որովհետեւ զբաղմունք չունեցող ու պարապ մնացած մարդուն այլ բան չի մնում, քան՝ իր առողջականի մասին առավոտից իրիկուն մտածելը, ու երեւի էդ էր պատճառը, որ Սովետի օրոք, երբ մեկին պաշտոնից հանում էին, անմիջապես ինֆարկտի փայ էր դառնում, եւ եթե մեր օրերում պաշտոնից զրկվածն անմիջապես ինֆարկտից չի զարկվում, էդ նրանից է, որ մեր օրերի պաշտոնյան իր պաշտոնավարության ընթացքում որոշակի բիզնես դնելով՝ ոչ միայն հետագայի իր ֆինանսականն է ապահովում, այլեւ՝ հետագայի իր զբաղվածությունը, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ Սովետի օրոք ինֆարկտի դեպքերն ավելի շատ էին, քան՝ մեր օրերում. ավելին. մեր օրերում ոչ միայն ինֆարկտի դեպքերն են կտրուկ ավելացել, այլեւ՝ զանազան այլ հիվանդությունները, ընդ որում՝ ասածս էդ նույն պատճառով,  այսինքն՝ զբաղվածության, ավելի ճիշտ՝ չզբաղվածության, որովհետեւ անզբաղմունք ու պարապ մարդն ավելի հաճախ է իր իսկ առողջականի մասին մտածում, քան՝ աշխատող ու զբաղված մարդը, եւ սեփական առողջության մասին շարունակ մտածելու վտանգավորությանն արդեն թեթեւակի անդրադարձանք, եւ չնայած Սովետի օրոք էլ պարապսարապներն առանձնապես քչություն չէին անում, էդ պարապսարապները որոշակի աշխատանքի ու որոշակի զբաղմունքի տեր էին, եւ չնայած աշխատանքի բերումով  որեւէ աշխատանք չէին կատարում, այդուհանդերձ, պարապ ժամերին ամեն ինչի մասին մտածում էին՝ բացառությամբ  իրենց առողջականի, եւ նմանապես մահվան մասին չէին մտածում, մինչդեռ էսօրվա պարապները պարապությունից ոչ միայն իրենց զանազան  հիվանդությունների մասին են մտածում, այլեւ՝ մահվան մասին, ու էս հարցի շուրջ մի քիչ էլ մտածելով՝ մանրից գալիս եմ էն եզրակացության, որ մահվան մասին ամենից քիչ հենց զբաղվածներն են մտածում, մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում ու ենթադրել է տալիս, որ առաջին հերթին զբաղվածներն ու բուն կյանքով անմնացորդ ապրողները պիտի մահվան մասին մտածեին ու իրենց կյանքի վրա դողդողային, բայց մեր էս թռուցիկ  ու հընթացս հետազոտությունները ճիշտ հակառակն են ցույց տալիս. մեր էս հընթացս ու թռուցիկ  հետազոտությունները ցույց են տալիս, որ հիմնականում պարապսարապներն ու փիլիսոփաներն են մահվան մասին մտածում, եւ մեր թռուցիկ հետազոտություններն ու ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ մարդիկ հիմնականում պարապությունից են փիլիսոփայում ու փիլիսոփա դառնում, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ ես հիմա պարապությունից եմ էս բաները խոսում ու փիլիսոփայում. ընդհակառակը. իմ փիլիսոփայելը ոչ թե պարապությունից է, այլ՝ սկսնակ արձակագրի իմ զբաղվածությունից ու ոգեւորությունից, որովհետեւ  հատուկենտ ընթերցողներիցս ոմանք դեռեւս էն կարծիքին են, որ էս գրավոր փիլիսոփայություններս ավելի հետաքրքիր են, քան՝ երկարբարակ երկխոսություններս, բայց եթե էս երկարբարակ փիլիսոփայությունս էլ չափից ավելի ձգձգելով՝ ճիշտ ժամանակին չընդհատեմ ու չավարտեմ, էս փիլիսոփայությունս էլ անդուր ու ձանձրալի կդառնա, որովհետեւ մարդ արարածն ընդհանրապես ու հատուկենտ ընթերցողներս նմանապես փիլիսոփայական ու խելոք-խելոք բաներ լսել ու կարդալ սիրում են, ճիշտ է, բայց էդ խելոք ու փիլիսոփայական բաները սիրում են կարդալ ու լսել միմիայն էն ժամանակ ու էն դեպքերում, երբ խելոք ու փիլիսոփայական բաներ լսելու եւ կարդալու ժամանակ ու մանավանդ  հավես են ունենում, եւ ընթերցողներն ու բոլորը բոլորի փիլիսոփայելը հանդուրժում են՝ երբ էդ փիլիսոփայելը տեղին ու ճիշտ ժամանակին է տեղի ունենում, ու էդ է պատճառը, որ մենք հիմնականում փիլիսոփաների փիլիսոփայելը չենք սիրում, որովհետեւ, ի տարբերություն արձակագիրների ու այլոց,  փիլիսոփաների փիլիսոփայելը մշտական ու անդադար գործընթաց ու իրողություն է, եւ սովորականներս ոչ միշտ ենք տրամադրված լսել ու մանավանդ կարդալ արհեստավարժ փիլիսոփաների փիլիսոփայությունը՝ ոչ միայն էն պատճառով, որ Սովետի փլուզումից հետո մեզանում վերափոխված փիլիսոփայություն կոչվող գիտությունը դեռեւս սաղմնային փուլում է, այլեւ էն պատճառով, որ մենք բոլորս էլ փիլիսոփա չլինելով՝ աշխատանքից ազատ ժամերին ամենից ավելի հենց փիլիսոփայել  ենք սիրում, եւ ոչ միայն աշխատանք ունեցողներն են աշխատանքից ազատ ժամերին փիլիսոփայել սիրում, այլեւ՝ աշխատանք չունեցողները, որովհետեւ մարդ արարածի փիլիսոփայելու համար ոչ միայն ազատությունն է պարարտ հող, այլեւ՝ պարապությունը, եւ քանի որ արդեն նշել ենք, որ պարապ մարդիկ զբաղվածներից ավելի հաճախ են կյանքի ու մահվան եւ այլեւայլ բարձր մատերիաների մասին մտածում, առանց կրկնվելու պիտի ավելացնեմ նաեւ, որ պարապ մարդկանց փիլիսոփայելու հակումներն առավել ակնհայտ են, քան՝ զբաղվածներինը, էլ չասած, որ պարապները   պարապությունից դրդված՝ ավելի շատ ու ավելի հաճախ են կյանքի ու մահվան մասին մտածում, եւ կյանքի ու մահվան մասին մտածելն ու մանավանդ արտահայտվելը հենց փիլիսոփայելն է. համենայն դեպս, ես էդպես եմ կարծում ու ստիպված եմ իմ իսկ անձնական կարծիքով բավարարվել ու սահմանափակվել, եւ այլ ելք ու այլ տարբերակ չունեմ էլ, որովհետեւ իմ շրջապատում արհեստավարժ փիլիսոփաներ չկան, որպեսզի հարցուփորձով  ճշտեմ թե՝ փիլիսոփաները հատկապես ի՞նչ հարցերի շուրջ են մտածում ու մլուլ տալիս, եւ չնայած ինստիտուտում մի քանի տարի փիլիսոփայություն անցել եմ, եւ չնայած Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում էլ եմ փիլիսոփայություն անցել, էս պահին էդ առարկայից որեւէ բան չեմ հիշում,  ինչպես որ դպրոցում ու ինստիտուտում տարիներ շարունակ անգլերեն անցնելով ու ուսումնասիրելով՝ էս պահի դրությամբ անգլերենից բացարձակ զրո եմ, եւ փիլիսոփայության հարցերին ու խնդիրներին վերադառնալով՝ պիտի ասեմ, որ էդ հարցերից ու էդ խնդիրներից անտեղյակ  լինելով՝ էս վեպիս տարածքում մշտապես ու աջուձախ փիլիսոփայում եմ, եւ իմ փիլիսոփայելն էլ է սկսնակ արձակագրի ոգեւորության ու խանդավառության արդյունք ու արգասիք, որովհետեւ էս արձակ ու սանձարձակ փիլիսոփայելս շատերին է դուր գալիս, ընդ որում՝ Օրթախն ու Հայկունն էս փիլիսոփայական հատվածներս ավելի են  հավանում, քան՝ անձամբ իրենց վերաբերող հատվածներս, բայց դա չի նշանակում թե՝ իրենց ճաշակն ու նախասիրությունները կարեւորելով եւ ձեր համբերությունը չարաշահելով՝ պիտի անվերջ ու շարունակ էսպես շատախոսելով փիլիսոփայեմ. այսինքն, կարծում եմ, որ հիմա էս փիլիսոփայական շատախոսությունս դադարեցնելու ճիշտ ժամանակն է, մանավանդ որ՝ դրա համար լիքը պատճառներ ունեմ, ու պատճառներից մեկն էլ էն է, որ ես պարտավոր եմ անմիջապես եւեթ վերադառնալ անցյալ դարի իննսունյոթ թվականի դեկտեմբերի երեսունմեկ եւ Լեւոն Ներսիսյանի՝ կինո «Նաիրիի» դիմացի բնակարան, որը մաեստրոն չվայելեց, որովհետեւ երբ ինքը Սայաթ-Նովայի վրա գտնվող բնակարանից տեղափոխվեց կինո «Նաիրիի» դիմացի էդ շենք, արդեն բավական լուրջ հիվանդությունների տեր էր, բայց լուրջ հիվանդությունների տեր լինելով՝ տարեմուտի էդ իրիկնային պահերը հետներս լավ էլ վայելում էր, եւ չնայած Ֆերեշեթի վրա ժամանակ առ ժամանակ զայրանում էր, այդուհանդերձ, երբեմն-երբեմն էլ հետներս հավասար ուրախանում ու հետներս քահ-քահ ծիծաղում էր. ուզում եմ ասել, որ սաստիկ ցավերի բացակայության դեպքում նույնիսկ լուրջ հիվանդության տեր մարդն է ի  վիճակի ուրախանալ եւ լիաթոք վայելել էս կյանքի պահերը, եւ եթե Լեւոն Ներսիսյանը տարեմուտի էդ իրիկուն երբեմն-երբեմն եւ ժամանակ առ ժամանակ Ֆերեշեթի վրա բարկանում ու չարանում էր, էդ երեւի նրանից էր, որ ժամանակ առ ժամանակ իր ցավերն ուժգնանում ու սաստկանում էին, եւ ցավերի ժամանակ իր նեղսրտությունն ու իր զայրույթը վերջին տարիների իր ամենամոտիկներից մեկի՝ Ֆերեշեթի վրա էր թափում, ու էս ասածներս հիմա ավելի լավ եմ զգում ու հասկանում, քան՝ անցյալ դարի իննսունյոթ թվականի տարեմուտի էդ իրիկուն, եւ հիմա՝ հենց էս պահին եմ հրաշալի հասկանում, որ սաստիկ ցավերի բացակայության դեպքում նույնիսկ լուրջ հիվանդության տեր մարդն է ի վիճակի էս կյանքով ու էս կյանքի մնացորդով միանգամայն լիասիրտ եւ միանգամայն լիաթոք ուրախանալ, եւ նմանապես սրտի ու թոքերի հիվանդությունների տեր մարդն է ի վիճակի ուրախանալ էս կյանքով ու էս կյանքի մնացորդներով, եւ հատկապես ու առանձնապես սրտի ու թոքերի հիվանդությունների տեր մարդն է ի վիճակի էս կյանքով ու էս կյանքի մնացորդներով ուրախանալ ու ցնծալ, եւ դուք իրավունք չունեք էս ասածներիս կասկածով վերաբերվել, քանի որ էս բաներն անձամբ իմ օրինակի վրա եմ ասում, որովհետեւ կյանքիս էս մնացորդները երեսունտոկոսանոց թոքերով ապրելով ու շարունակելով՝ միանգամայն լիասիրտ ու միանգամայն լիաթոք եմ վայելում կյանքիս էս մնացորդը, եւ մանավանդ հիմա՝ հենց էս պահին եմ լիասիրտ ու լիաթոք վայելում, որովհետեւ հիմա՝ հենց էս պահին երկու հազար տասնմեկ թվականի սեպտեմբերի յոթն է, եւ էս պահի դրությամբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն արդեն հաղթել է Սլովակիայի ընտրանուն, ընդ որում՝ 4:0 խոշոր հաշվով, ավելի ճիշտ՝ 0:4 հաշվով, որովհետեւ ֆուտբոլի մեր ընտրանին ֆուտբոլի նրանց ընտրանուն անցած գիշեր էդքան համոզիչ հաղթեց նրանց իսկ դաշտում, ու ես, որ ընդամենը մի օր առաջ կարծում էի թե՝ էս կյանքում ամեն ինչ տեսել ու էս կյանքը համարյա անմնացորդ եմ ապրել, մերոնց էդ կեսգիշերային խաղուպարից հետո՝ հիմա միանգամայն այլ կերպ ու միանգամայն այլ բաներ եմ մտածում. հիմա արդեն մտածում եմ, որ իրավունք չունեմ մերոնց առաջիկա խաղերը չտեսած՝ վերցնել ու էսքան անպատեհ հրաժեշտ տալ իմ ու ձեր էս մինուճար կյանքին:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031