Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կիսել իշխանությունը

Մարտ 29,2013 13:39

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանից մի շարք առանցքային պաշտոններ ուզելու փաստը հասարակությունն այնքան էլ լավ չընդունեց: Զարմանալի մարդիկ են. տեղեկանալով, որ Րաֆֆին պաշտոններ է ուզում, շատերը, չգիտես ինչու, մտածեցին, որ Րաֆֆիի ուզածը պաշտոններն են։ Ավելին. գտնվեցին այնպիսի քաղաքականապես տհաս մարդիկ, ովքեր առանց հասկանալու սկսեցին չարախոսել, թե իրր երբ քաղաքական տարբեր կուսակցություններ նույն կառավարության մաս են կազմում, դա կոչվում է կոալիցիա, հետեւաբար՝ «Ժառանգությունն» ուզում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել։ Եվ երեւի դեռ երկար կշարունակվեին այս չարանենգ ցեխարձակումները, եթե Արմեն Մարտիրոսյանն ամենայն վճռականությամբ չհայտարարեր, թե իրենք ոչ թե կոալիցիայի են ձգտում, այլ ուզում են կիսել իշխանությունը։

Այստեղ երկու  տարբերակ կա. կամ «Ժառանգությունում» չեն հասկանում, որ իշխանությունը կիսել հնարավոր չէ, կամ լավ էլ հասկանում են, պարզապես փորձում են մոլորության մեջ գցել իրենց կողմնակիցներին։ Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ հնարավոր չէ կիսել իշխանությունը։ Փորձենք բացատրել։ Ենթադրենք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները կատարվում են, եւ նա մի քանի առանցքային պաշտոններում նշանակում է «իր մարդկանց»՝ զուգահեռաբար շարունակելով սկզբունքային պայքարը Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ։ Հիմա պատկերացրեք՝ Սերժ Սարգսյանը, որպես երկրի փաստացի ղեկավար, ձգտում է, ասենք, լավ հարաբերություններ պահպանել Իրանի հետ, իսկ արտգործնախարարը «Ժառանգությունից» է (Րաֆֆին արտգործնախարարի պաշտոնն էլ է պահանջել), պաշտոնական այցով մեկնում է Թեհրան, Ահմադինեժադի կաբինետում վեր պարզում Օբամայի լուսանկարը եւ հայտարարում, որ Իրանը չարիքի կայսրություն է, եւ Հայաստանի ազգադավ նախագահը դեռ շատ կզղջա, որ նորմալ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ։ Համաձայնվեք՝ անհեթեթ իրավիճակ է։ Կարող ենք նաեւ այլ օրինակներ բերել։ Ասենք՝ բոլորի համար էլ պարզ է, որ քաղաքականությունն ու տնտեսությունը սերտորեն կապված են իրար հետ։ Ուրեմն ինչպե՞ս կարող են այդ երկու ոլորտները ղեկավարել հակադիր քաղաքական հայացքներ ունեցող ուժեր։ Կամ պատկերացրեք՝ էկոնոմիկայի նախարարությունը որոշում է, որ Հայաստանի տնտեսության գերակա ճյուղը պիտի լինի, ասենք, հանքարդյունաբերությունը, եւ ըստ այդմ՝ մեզ հազարավոր ինժեներներ են պետք, իսկ Րաֆֆիի նշանակած ԿԳ նախարարը հայեցակարգ է մշակում, որի արդյունքում բուհերում պատրաստվում են միայն լեզվաբաններ եւ հայագետներ։ Այդպես չի լինում։ Եթե ավտոբուսը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, եւ ներսում գտնվողները վստահ են, որ սխալ ուղղությամբ է շարժվում, որեւէ մեկը չի մոտենում վարորղին ու ասում. «գիտե՞ք, ես պնդում եմ, որ պետք է շարժվել հակառակ ուղղությամբ, բայց ձեզ փոխզիջում եմ առաջարկում՝ դուք շարունակեք վարել մեքենան, իսկ ինձ անվերապահորեն հանձնեք արգելակներն ու փոխանցման տուփը»։ Դրա համար ենք ասում՝ հնարավոր չէ կիսել իշխանությունը։ Իշխանությունը կամ ամբողջովին վերցնում են, կամ, եթե չի ստացվում, գոնե փորձում կողքից վերահսկել (վերահսկողական ֆունկցիաների առումով Րաֆֆու պահանջներն այս իմաստով միանգամայն տրամաբանական են):

Մի խոսքով՝ իշխանության մեջ առանցքային պաշտոններ ստանձնել ու նորմալ աշխատել հնարավոր է միայն մի դեպքում, եթե պատրաստ ես կատարել Սերժ Սարգսյանի եւ վարչապետի հրահանգները։ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում ենք, հասկանում է սա։ Իսկ եթե հասկանում է, նշանակում է՝ իրականում ուզում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, իսկ «իշխանությունը կիսելու» մասին խոսքերն ընդամենը հասարակությանը խաբելու համար են։

Իսկ գուցե չի՞ հասկանում։ Եթե այդպես է՝ ուրեմն ամեն ինչ անհամեմատ ավելի վատ է։ Ստացվում է, որ մարդը հսկայական թվով ձայներ է ստացել, փաստացի հաղթել է նախագահական ընտրություններում, բայց ոչ մի պատկերացում չունի պետական կառավարման մեխանիզմների մասին։ Այդ դեպքում իսկապես լավագույն լուծումն այն կլինի, որ բանակցությունները հնարավորինս արագ հաջողությամբ պսակվեն, եւ ՀՀԿ- «Ժառանգություն» կոալիցիան կայանա։ Երկրի կյանքում դրանից ոչինչ չի փոխվի, բայց «Ժառանգության» պաշտոնյաներն էլ հաստատ սրանցից վատը չեն լինի։ Փոխարենը՝ ընդդիմադիր դաշտը մի քիչ կզուլալվի: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ ինչ-որ ժամանակ հետո նորմալ ընդդիմություն ձեւավորվեց։ Նորմալ՝ այն իմաստով, որ կփորձի ոչ թե փայ ստանալ իշխանություններից, այլ դառնալ իշխանություն եւ արմատախիլ անել փայ մտնելու սովորույթը։

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, ապա այն, որքան էլ ցավալի է, կարծես թե այլեւս կապ չունի համաժողովրդական շարժման հետ։ Ժողովուրդն իր դերը կատարեց եւ հեռացավ։ Րաֆֆիի համար հիմա կարեւորը «թուղթ ու գրիչն» է։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031