Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը քաղաքական նոր մշակույթ է ձևավորում, սակայն արդյունքները դեռ տեսանելի չեն։ Մի կողմը պնդում է, թե պետք է դուրս գալ հացադուլից ու սեղանի շուրջ բանակցել, մյուսն էլ թե՝ միայն Ազատության հրապարակում, միայն հացադուլով։ Ո՞րն է ելքը։ Այս հարցն ուղղեցինք Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակից, «Ժառանգություն» կուսակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՆ։
– Որպեսզի ելքը տեսնես,- պարզաբանեց տիկին Բախշյանը,- պետք է մտածես այնպես, ինչպես Րաֆֆին, ով ծնվել, ապրել, կրթվել է մի հասարակարգում ու հատկապես մի ընտանիքում, որտեղ այս բոլորը հաղթահարված են։ Ինքը գիտի ինչպես դա անել։ Որպես համառ, վճռական և իրապես հայրենասեր մարդ, մեզ, բոլորիս ուզում է հասկացնել՝ այ ձեր ցավը տանեմ, ես դա տեսնում եմ, դա հնարավոր է։
– Բայց իրողություններն այլ բան են հուշում։
– Մեր հասարակությունը ոչ այդ կրթությունն է ստացել ու ամենակարևորը՝ ոչ էլ նման հասարակարգում է ապրել։ Չեն հավատում, որ կարելի է ապրել մի երկրում, որտեղ մարդը, քաղաքացին արժեք ունեն, նրանց ձայնը լսելի ու վճռական է։ Ես էլ չեմ ապրել այդ հասարակարգում, բայց ուզում եմ այդպիսի երկրում ապրել, դրա համար Րաֆֆիի կողքին եմ՝ բարձր գնահատելով նրա բարոյական արժեհամակարգը, ընդունելով իրեն այնպիսին, ինչպիսին կա՝ իր առավելություններով ու սխալներով։ Թե այս ամենն ինչքան կտևի, չեմ կարող ասել, որովհետև չունեմ այդ գիտելիքները, իր կարդացած գրքերը չեմ կարդացել, բայց համոզված եմ, որ լավ փոփոխություններ լինելու են։
Կարդացեք նաև
– Ստացվում է՝ հայկական իրականության «մարդ» չէ՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, ու այդ իսկ պատճառո՞վ նրա քայլերը հաջողությամբ չեն պսակվի։
– Րաֆֆին մեր իրականության հետ շա՛տ կապ ունի։ Մեր Սահմանադրությամբ ամրագրված է՝ Հայաստանը ժողովրդավար, ինքնիշխան պետություն է։ Սա Րաֆֆին չի գրել, սրան մեր ժողովուրդն «այո» է ասել։ Մենք գրել ենք, բայց չենք կարողանում իրագործել։ Էս մարդն ասում է՝ գրել եք, կարող եք անել, հավատացեք ձեզ, ձեր ուժերին, կամքին։ Հանուն դրա ես պատրաստ եմ ինձ զոհելու։
– Ծայրահեղ չի՞ հնչում «զոհելը»։
– Բոլորովին։ Պատմության մեջ շատ անհատներ իրենց զոհաբերությամբ շրջել են պետությունների ճակատագիրը, որովհետև նրանք տեսել են այն, ինչ մնացածները չեն տեսել։ Ես հավատում եմ Րաֆֆիի տեսլականին։ Մեր երկրում էլ կան մարդիկ, ովքեր այդ արժեքները կրում են, պարզապես անհայտության մեջ են, որովհետև անցած քսան տարում իշխանությունները մարդկանց գլուխներն այլ արժեքներով են լցրել, ու շա՜տ շնորհալի, կարող ուժերին ինքնադրսևորվելու հնարավորություն չի տրվել։
– Հացադուլով փոփոխություն կլինի՞։
– Այո, Րաֆֆին հացադուլով փոխում է։
– Ի՞նչը։
– Այն մարդիկ, ովքեր Րաֆֆու այդ քայլը չեն գնահատում, իրենք իրենց են վնասում։
– Մարդկայնորեն, բարոյապես, հոգեբանորեն գնահատում ենք, բայց քաղաքական առումով դա մեր երկրին, ժողովրդին ի՞նչ է տալու:
– Այն նամակագրությունը, որն այսօր կա: Այդ նամակագրությունը հեշտությամբ չի հասունացել: Րաֆֆին արդեն քսան օր նստած է բաց երկնքի տակ, հացադուլի մեջ է: Նա իր պահանջները շատ բարեկիրթ ներկայացնում է։ Դուք կարծում եք՝ այս փաստն իշխանությանը հաճելի՞ է։ Ոչ։ Դա իր շնչի վրա է նստած։ Մարդը պահանջներ է դրել, որքան էլ իրենք չհասկանալու են տալիս։
– Որպես Րաֆֆիի թիմակից, Դուք այդ պահանջներին ինչպե՞ս եք վերաբերվում։ Տեսակետ կա, որ պաշտոն պահանջելը նշանակում է գնալ քաղաքական առևտրի։
– Այն մարդիկ, ովքեր այդպես են մտածում, իրենք չեն խորացել այդ նամակի մեջ, որում գրվածը համակարգային փոփոխություններ պահանջող պաշտոններ են՝ Արդարադատության խորհուրդ, ԱԱԾ, ՎՊ, նախարարություններ, սրանք այն առանցքային գերատեսչություններն են, որոնց ղեկավարի նաև բարոյական արժեքներով է պայմանավորված համակարգի կոռումպացվածությունը կամ արդյունավետ աշխատանքը։
-Ի դեպ, Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի «անփորձ կադրերը» ղեկավարեն այդ գերատեսչությունները, մեկ տարի հետո կունենանք ավելի կոռումպացված համակարգ։
– Ճիշտն ասած, Գալուստ Սահակյանի ասածը ես ամբողջությամբ չեմ բացառում։ Ես էլ ունեմ այդ մտահոգությունը։ Անշուշտ, Րաֆֆին ունի այդ ցանկը, բայց բոլորի համար երաշխավորել, թե գնալու են ու մաքուր աշխատեն, օրենքը դնեն իրենց գլխի վրա, ես էլ եմ մտահոգվում։ Համենայն դեպս, Րաֆֆին ասում է՝ բոլորը պետք է օրենքով առաջնորդվեն, ով չառաջնորդվի, նա ամեն ինչ կանի, որ տվյալ մարդը պատժվի։
– Այդուհանդերձ, թույլ տվեք ես էլ կասկած հայտնեմ Րաֆֆի Հովհաննիսյանի ճիշտ կադրային քաղաքականության առնչությամբ։ Բոլորս շատ լավ հիշում ենք նախորդ գումարման ԱԺ¬ում «Ժառանգություն» խմբակցության անդամների ակտիվ գործունեությունը։ Մինչդեռ այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ «գործուղեց» մարդկանց, որոնց «Ժառանգության» թիմ դժվար է համարել։ Սա ինձ հիմք է տալիս չվստահելու Հովհաննիսյանի կադրային քաղաքականությանը։
– Այո, դա բացթողում էր, որի համար Րաֆֆին հազար անգամ ներողություն է խնդրել հասարակությունից։ Կարծում եմ, որ սա իր համար շատ լավ դաս է լինելու։ Շատերը ժամանակին ասացին, որ միավորումը ճիշտ չէ։ Բայց ինքը հավատաց միավորմանը, քանի որ դրա կողմնակիցն է։ Էս մարդը Հայաստան գալու առաջին օրվանից ասում է՝ միավորվենք։
– Խոսքը ոչ միայն «միավորման» մասին է։ Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան. ամենաակտիվ պատգամավորներ, որոնցից ոչ մեկը խորհրդարանում չէ։
– Այո, սակայն մենք հավատում էինք, որ քսան տոկոս ձայն ենք հավաքելու։ Երեքս էլ նաև մեծամասնականով առաջադրվեցինք։
– Բայց ակնհայտ էր, չէ՞, որ դուք քսան տոկոսը չէիք հաղթահարի և մեծամասնականով էլ դժվար թե ընտրվեիք։
– Մենք էլ հենց ուզում էինք այդ կարծրատիպը կոտրել։ Որպես մեծամասնականով առաջադրված, համոզված էի, որ ես հաղթելու եմ, որովհետև իսկապես ծառայել էի, ասում էի ինձ ընտրեք, գնամ ձեզ ծառայեմ, գիշերը չքնեմ, վազվզեմ, խնդիրներդ բարծրաձայնեմ։ Հիմա Րաֆֆի՞ն էր մեղավոր, որ ինձ չընտրեցին։ Այդ ընտրությունից հետո ժողովրդին ասացինք՝ դու քո թշնամին ես, չուզեցիր Ստյոպան, Անահիտը, Արմենը գնան ու քեզ համար աշխատեն, ընտրեցիր չգիտեմ ում։ Մինչև այսօր նամակներ են ինձ գրում։ Ա՜յ ցավդ տանեմ, ես պատգամավոր չեմ։ Ասում են՝ ոչինչ, մի կերպ հարցը բարձրացրու։ Ուրեմն ինձ չի ընտրել, բայց մինչև հիմա ինձ է դիմում։ Բա ես չասե՞մ՝ լսիր, ժողովուրդ, այս անգամ գոնե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ չծախվես։ Թող ընտրեն, ավագանի դառնանք, ցույց կտանք, թե Երևանի ավագանին ինչպես պետք է աշխատի։ Արդեն հրաշալի ուսումնասիրել եմ ավագանու լիազորություններն ու իրավունքները։ Ընտրվելու դեպքում դա անելու եմ։
– Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովուրդը 37 % ձայն տվեց, ում մեղադրեցիք «ծախված» լինելու մեջ։ Արժե՞ բոլոր մեղավորությունները «բարդել» ժողովրդի վրա։
– Իհարկե, ներողություն, սխալ է միայն ժողովրդին մեղադրելը։ Այսօր մարդիկ կարիքի մեջ են, և մի քանի հազար դրամը նրանց աչքին երևում է։ Իշխանություններին ձեռնտու է այս իրավիճակը, որ ընտրությունների ժամանակ մի քանի հազար դրամով կառավարեն ընտրությունները։ Ժողովրդի այս վիճակը և իշխանության գործելաոճը փոխկապակցված են։ Այսօր կարդում եմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքը, թե վարչապետի ոտքերը, ձեռքերը կապված են: Երբ ես եմ դա ասում, ինձ ասում են՝ ընդդիմություն է, այդպես պետք է ասի: Բայց իմ ու Վազգեն Մանուկյանի ասածները նույնն են: Եթե նա նման բան է հայտարարում, նշանակում է՝ շատ բան գիտի: Մենք էլ ասում ենք՝ վարչապրետի ոտքերն ու ձեռքերը պետք է ազատ լինեն։
Իսկ Րաֆֆիի կադրերի բերանը որևէ նախագահ փակել չի կարող։ Ես անձամբ հիմա էլ չեմ քննադատում, ընդամենը Վերահսկիչ պալատի հաշվետվությունն եմ անընդհատ մեջբերում, փաստեր եմ ասում, բարձրաձայնում, որ բյուջեն իրենց գրպանին ծառայեցնողները պետք է պատժվեն։ Իսկ եթե ես լինեմ ՎՊ-ի նախագահը, տես, թե այդ պետբյուջեի գումարները մսխող ամեն մի պաշտոնյա ոնց է պատժվելու։ Եթե ես ՎՊ-ի ղեկավարը լինեմ, հանքարդյունաբերության ոլորտը թալանողների արածները պարանի վրա «փռելու» եմ, ներկայացնելու եմ, թե ինչպես է մեր պետության ընդերքը մի քանի մարդու հարստացրել։ Կարծես ապրում ենք այսօրվա համար, պարտքեր ենք կուտակում, որոնք մեր թոռներն ու ծոռներն են վերադարձնելու։ Ստացվում է՝ թքած, թե մեր թոռներն ինչպես են ապրելու։
– Մի ծաղկով գարուն գալի՞ս է։
– Այո, չգիտեմ, էս ժողովուրդն էլ ինչ է ուզում։ Րաֆֆին մաքուր մարդ է, իր կենսագրությամբ է ապացուցել, որ շահ չունի։ Ասում է՝ հնարավոր է ձեր ասած ապահով երկիրը կառուցել։ Ինչպես կարելի է չսատարել նրան։ Պիտի ասեն՝ վա՜յ քո ցավը տանեմ, արի։ Եթե Սերժ Սարգսյանն ուզում է ապահով Հայաստան, կարող է իր շրջապատին ասել՝ լսեք, այսքան մարդ Րաֆֆու հետևում կանգնած է և փոփոխություն է ուզում, չեմ կարող չանել։ Պատմության մեջ էլ կգրվի, որ Հայաստանի չորրորդ նախագահն իր մեջ քաղաքական կամք գտավ՝ հակառակվելու իր շրջապատին և ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Հայաստանը դուրս բերեց այս իրավիճակից։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
«Իրատես de facto»