Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ՀՀԿ-ական պատգամավորներին չի պատասխանում

Մարտ 29,2013 13:11

Երեւանի քաղաքապետարանում մարդու իրավունքների խախտումների մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի զեկույցը, որը հրապարակվեց անցյալ շաբաթ եւ, ըստ էության, Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին, արժանացավ ՀՀԿ-ականների բուռն հակադարձմանը: Հիշեցնենք, որ զեկույցում արձանագրված են չարաշահումների եւ մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքեր:

Այսօր Aravot.am-ը Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ զեկույցի այդ հատվածը հրապարակվեց հենց ավագանու ընտրություններից առաջ, միտում կա՞ր: «Զեկույցներ հրապարակելիս մենք միտումներ չունենք, այն իմաստով, որ դրանք քաղաքական միտումներ չեն: Մենք հրապարակել ենք որոշակի հերթականությամբ, փորձել էինք համակարգել ըստ ոլորտների: Տվյալ պարագայում արդարադատության համակարգից մինչեւ տեղական ինքնակառավարման մարմիններ»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, մեր երկրում երկու գլխավոր խնդիրներ կան՝ արդարադատության պակաս եւ սոցիալ-տնտեսական վիճակը՝ «հացի պակասը»:

Որքանով են իր զեկույցները քաղաքականացվում՝ ՄԻՊ-ն իր խնդիրը չի համարում:

«Քաղաքապետարանն արձագանքել է ավագանու մեկ անդամի խոսքով, որքանով ես եմ տեղյակ: ՀՀԿ-ական պատգամավորների արձագանքները ես այստեղ չեմ պատրաստվում մեկնաբանել, որովհետեւ դա մասնագիտական քննարկում չէ դեռ»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ ԱԺ նախագահի հետ պայմանավորվածություն կա իր զեկույցն ԱԺ առաջիկա քառօրյայում հնչեցնելու եւ թե ՀՀԿ-ական, թե ընդդիմադիր պատգամավորներն այտեղ հնարավորություն կունենան քննարկելու, քննադատելու, խորհուրդներ տալու եւ նույնիսկ գովաբանելու՝ եթե նման առիթ կգտնեն:

Քաղաքապետարանի արձագանքի մասով էլ ասաց. «Եթե իրենք կասկածում են, որ օրինակ, գանձվել են գումարներ կադաստրային արժեքի անվան տակ՝ այն դեպքում, երբ դա չպետք է լիներ, եթե իրենք կասկածում են, որ կա թափանցիկության եւ միատեսակ մոտեցման խնդիր՝ կրպակների եւ, ասենք, ավտոտնակների ու մնացած դեպքերում, ես պատրաստ եմ անուն առ անուն, գործ առ գործ ներկայացնել»:

ՄԻՊ-ը միայն մեկ դիմումատուից թույլտվություն ուներ իր անունը եւ իր գործը՝ որպես փաստ հրապարակելու: Դա Վանիկ Առաքելյանն է, ում քաղաքապետարանը ստիպել է ապօրինի գումարներ վճարել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031