Լրահոս
Օրվա լրահոսը

Համամասնական տարբերակ Սերժի եւ Րաֆֆիի համար

Մարտ 29,2013 12:04

Վերադառնալով  հարյուր  տոկոսանոց  համամասնական  ընտրակարգի  թեմային`  անցած  անգամվա  կիսատ  թողածս  ասելիքը  ձեր  թույլտվությամբ  շարունակեմ:

Անշուշտ  ինքս  էլ  եմ  կարծում,  որ  հարյուր  տոկոսանոց  համամասնական  ընտրակարգը  դեմոկրատական  և  արդար  ընտրությունների  իրականացման  հիմնական  ու  թերևս  միակ  ճանապարհն  է:  Այդուհանդերձ,  կարծում  եմ  նաև,  որ  մեր  կուսակցականներն  ու  մանավանդ   ընդդիմադիր  կուսակցությունների  կասակցականներն  ու  պատգամավորներն  էդ  մասին  պիտի  հիշեն  ոչ  թե  դեպքից  դեպք  և  ժամանակ  առ  ժամանակ`  ընտրությունների  նախօրյակին  կամ  արդեն  կայացած  ընտրությունների  արդյունքները  վիճարկելիս:  Հարյուր  տոկոսանոց  համամասնական  ընտրակարգն  իսկապես  այսօր  հրատապ  ու  կարևորագույն  հարց  է,  բայց  այն  պետք  է  ընդունվի  մանրակրկիտ  և  հրապարակային  քննարկումների  արդյունքում,  որպեսզի  առաջին  հերթին  ընտրողներն  ընկալեն  համամասնական  ընտրության  իմաստն  ու  անհրաժեշտությունը:  Խոսքը,  իհարկե,  չի  վերաբերում  այն  քաղաքացիներին  ու  ընտրողներին,  որոնք  կուսակցականներից  ու  պատգամավորներից  ավելի  լավ  են  պատկերացնում  համամասնականի  իմաստն  ու  անհրաժեշտությունը:

Խորհրդային  Միությունում  ապրածներս  լավ  ենք  հիշում,  որ  խորհրդային  հանրապետությունների  ժողովուրդներից  ամենահակասովետականը  մերձբալթյան  ժողովուրդներն  էին,  և  եթե  խորհրդային  Հայաստանում   դիսիդենտներին  կարելի  էր  մատների  վրա  հաշվել,  մերձբալթյան  երկրներում  գրեթե  ողջ  ժողովուրդն  էր  հակասովետական  ու  այլախոհ,  բացառությամբ,  իհարկե,  այդ  հանրապետություններում  բնակվող  ռուսների:

Հետխորհրդային  զարգացումներին  ու  գործընթացներին  մի  քիչ  ուշադիր  հետևողներս  զարմանքով  նկատում  ենք,  որ,  այսօրվա  դրությամբ,  մերձբալթյան  հանրապետություններում  կոմունիստական  ու  սոցիալիստական  կուսակցություններն  անհամեմատ  հարգի  են,  քան,  ասենք,  Անդրկովկասյան  կամ  հետխորհրդային  այլ  հանրապետություններում:  Ռուսաստանն,  իհարկե,  չհաշված:  Եվ  մերձբալթյան  հանրապետությունների  խորհրդարաններում  կոմունիստներն  ու  սոցիալիստները  մշտապես  ներկայացված  են  և  խմբեր  ու  խմբակցություններ  ունեն`  ի  տարբերություն  Հայաստանի  և  հետխորհրդային  այլ  հանրապետությունների:

Աշխարհի  բազմաթիվ  այլ  երկրների  պառլամենտներում  էլ  են  կոմունիստներն  ու  սոցիալիստները  ներկայացված,  իսկ  Ֆրանսիայի  ու  կապիտալիստական  այլ  երկրների  պառլամենտներում  պատկառելի  քանակությամբ  մանդատներ  ունեն:

Դա  խոսում  է   այն  մասին,  որ  տվյալ  երկրներում  բազմակուսակցական  համակարգը  միանգամայն  կայացած  է,  և  տվյալ  երկրների  պառլամենտներում  ժողովրդի  սոցիալական  վիճակի  մասին  ռեալ  մտածողներ  կան:

Մեր  Ազգային  ժողովում  էլ  են  սոցիալիստները  որոշ  չափով  ներկայացված`  ի  դեմս  ՀՅԴ-ի,  բայց  դաշնակցականների  սոցիալիստ  լինելու  մասին  ոչ  միայն  ընտրողներս  ենք  տևականորեն  մոռանում,  այլև  իրենք`  դաշնակցականները:  Իսկ  Հայաստանի  Կոմունիստական  և  Սոցիալիստական  կուսակցություններն  Ազգային  ժողովում  ոչ  միայն  չեն  հայտնվում,  այլև  հույս  էլ  չկա,  թե  երբևէ  կհայտնվեն:

Տարիներ  առաջ  Աշոտ  Մանուչարյանն  ու  մի  քանիսը  փորձեցին  սոցուժերի  դաշինք  ստեղծել,  բայց  արդյունքում  ոչ  թե  սոցուժերի  դաշինք  ստացվեց,  այլ`  սոցթույլերի,  և,  փաստորեն,  սոցդաշնակիցները  որևէ  արդյունքի  չհասան:

Աշոտ  Մանուչարյանը,  կարծում   եմ,  այն  անհատականությունն  է,  ով  ի  վիճակի  էր  և  հիմա  էլ  է  ի  վիճակի  ստեղծել  սոցիալիստական  միանգամայն  լուրջ  կուսակցություն,  եթե…  Այս  եթե-ի  փոխարեն  կարող  էի  գրել  բայց,  և  այս  եթե-ն  ու  բայց-ը  չափազանց  կարևոր  ու  էական  են,  որովհետև  վաղուց  արդեն  պարզից  էլ  պարզ  է,  որ  մեզանում  առանց  ֆինանսական  լուրջ  հնարավորությունների`  լուրջ  կուսակցության  մասին  խոսք  լինել  չի  կարող,  և  միամտություն  է  կարծել,  թե  այսօր  որևէ  կուսակցություն  կարող  է  իր  անդամների  անդամավճարների  միջոցով  գոյատևել:  Կուսակցականների  անդամավճարների  միջոցով  Հայաստանի  որևէ  կուսակցություն  կարող  է  գոյատևել  ճիշտ  այնպես,  ինչպես  Հայաստանի  Կոմկուսն  է  գոյատևում:  Եթե,  իհարկե,  դա  գոյատևել  համարենք:

Ակնառու  փաստ  է,  որ  մեր  ԱԺ-ում    ներկայացված  կուսակցությունները  բոլորն  էլ  ֆինանսական  տեսանկյունից  անհամեմատ  ավելի  բարվոք  վիճակում  են,  քան`  Հայաստանի  Կոմկուսը,  և  այդ  կուսակցություններից  որևէ  մեկն  իր  անդամների  անդամավճարներով  չի  ապրում:  Եթե  ՀՅԴ-ի,  «Ժառանգության»  կամ,  ասենք,  ՀԱԿ-ի  ֆինանսական  աղբյուրների  ակունքները  դժվար  է  բացահայտել  ու  նշմարել,  ՀՀԿ-ի  ու  ԲՀԿ-ի  ֆինանսական  ակունքներն  ու  հնարավորություններն  անհամեմատ  երևացող  են,  ինչպես  նաև`  երևելի:

Ինչ  վերաբերում  է  կուսակցականների  անդամավճարներին,  դրանցով  կարող  է  գոյատևել  Զյուգանովի  կուսակցության  պես  հարյուր  հազարավոր  անդամներ  ունեցող  կուսակցությունը:  Դա  կոմունիստական  կամ  սոցիալիստական  կուսակցությունների  գոյատևման  թերևս  միակ  ճանապարհն  է,  որովհետև  դժվար  է  պատկերացնել,  որ  որևէ  կապիտալիստ  ֆինանսական  լուրջ  ներդրում  կատարի`  հանուն  կոմունիստական  կամ  սոցիալիստական  կուսակցությունների  կայացման:

Ասածս  չի  նշանակում  թե`  Հայաստանում  անհնարին  է  կոմունիստական  կամ  սոցիալիստական  առավել  լուրջ  կուսակցությունների  գոյությունը,  բայց  այդ  ուղղությամբ  իրենք  պետք  է  մտածեն,  այլ  ոչ  թե`  ուրիշները:  Եվ  նախադրյալներ  էլ  կան,  որովհետև  խորհրդային  տարիների  մանավանդ  դրական  երևույթները  մեր  ընտրողների  մտապատկերում  դեռևս  առկա  են,  և  ընդամենը  պետք  է  նոր  ժամանակների  ոգով  ու  տրամաբանությամբ  դրանք  հրամցվեն:

Սերժ  Սարգսյանի  ու  Րաֆֆի  Հովհաննիսյանի  հանդիպման  ժամանակ,  ըստ  խոսակցությունների , «Ժառանգության»  առաջնորդի  առաջադրած  պայմաններից  մեկն  էլ  հարյուր  տոկոսանոց  համամասնական  ընտրակարգի  հետ  է  կապված  եղել:

Կարծում  եմ`  ի  թիվս  այլ  հարցերի,  այս  հարցի  շուրջ  էլ  կարող  են  համաձայնության  գալ:  Ավելին.  դրա  ճիշտ  ժամանակն  է:  Եթե  այդ  թեմայով  այժմվանից  սկսած  ԱԺ-ում  համապարփակ  ու  մանրակրկիտ  քննարկումներ  անցկացվեն,  բոլորն  էլ,  համոզված  եմ,  ընդհանուր  համաձայնության  կգան,  և  երեք  տարի  անց  մենք  իսկապես  հարյուր  տոկոսանոց  համամասնական  ընտրություն  կկատարենք:  Այդ  ընթացքում  կոմունիստներն  ու  սոցիալիստներն  էլ  կմտածեն`  ինչպես  և  որտեղից  ֆինանսական  միջոցներ  հայթայթեն:   Եվ,  որ  ամենակարևորն  է,  նոր  ընտրությունների  նախօրյակին  ընդդիմությունը  չի  բարձրացնի  հարյուր  տոկոսանոց  համամասնական  ընտրակարգի  անցնելու  հարցը:

Չեմ  կարծում  թե`  հարյուր  տոկոսանոց  համամասնականի  դեպքում  ընտրակաշառքներն  ու  ընտրակեղծիքներն  իսպառ  կվերանան,  բայց  համոզված  եմ,  որ  հարյուր  տոկոսանոց  համամասնական  ընտրակարգն  այլընտրանք  չունի:

Եթե,  իհարկե,  մեր  նպատակը  ժողովրդավարական  երկիր  կառուցելն  է:

 

ՈՍԿԱՆ  ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031