«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական աշխատանքների համար արդեն ավելի քան 160 շտաբ է բացել մայրաքաղաքում։
Կուսակցությունը մտադիր է շտաբների թիվն ավելացնել։ ԲՀԿ-ի կողմից նախընտրական աշխատանքների, քարոզարշավի եւ հետընտրական հնարավոր զարգացումների վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է կուսակցության քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը։
– Տիկին Զոհրաբյան, նվազագույնը 160 շտաբ՝ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ։ Մի տեսակ ճոխության է նման։ Գիտենք ԲՀԿ-ի հնարավորությունները, սակայն իրո՞ք դրա անհրաժեշտությունը կար։
– Դա ճոխություն չէ, դա անհրաժեշտություն է եւ հստակ հաշվարկի արդյունք։ Չեմ կարծում, որ կազմակերպչական հարցերը պիտի կապել ճոխության հետ։ Հաշվարկների արդյունքում նպատակահարմար է գտնվել այդքան շտաբ ունենալ։
Կարդացեք նաև
– Փաստորեն, դա ձեւի համար չէ, եւ ԲՀԿ-ն իր մկանները ցուցադրելու նպատակ չի ունեցել։
– Հարցը, կարծում եմ, ճիշտ չէ։ Շտաբները մկաններ .ցույց տալու ձեւ չէ, այլ ընդամենը՝ անհրաժեշտություն։
– ԲՀԿ-ի շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում։
– Եթե որեւէ քաղաքական ուժ կասի, որ ինքն ընտրություններին մասնակցում է երկրորդ, երրորդ կամ վերջին տեղը գրավելու համար, ես լուրջ կասկածներ կունենամ տվյալ քաղաքական ուժի դատողության հետ կապված։ Մեզ համար նշաձողը հաղթանակն է եւ մենք գնում ենք հաղթելու։
– Իսկ եթե ավելի իրատեսորեն…
– Ես ինքս բավականին պրագմատիկ քաղաքական գործիչ եմ եւ շատ իրատեսորեն եմ գնահատում մեր շանսերը։ Ազատ, արդար ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն հաղթելու է այս ընտրություններում։
– Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ-ի չեզոք կեցվածքից հետո, հատկապես երբ ընտրություններում ժողովուրդն «ապտակեց» բոլոր իրեն չհավատացող քաղաքական կուսակցություններին եւ գնաց Րաֆֆի Հովհաննիսյանի ետեւից, ԲՀԿ–ի վարկանիշի փոփոխություն պետք է կատարված լինի, այն էլ՝ ոչ դրական առումով։
– Գիտեք, ես ինքս ամեն օր շփվում եմ ժողովրդի հետ եւ վարկանիշի ակնառու փոփոխություն չեմ նկատել։ Քարոզարշավի ընթացքում կտեսնեք, որ «Բարգավաճ Հայաստանն» իր խոսքը ասելու է։
– Դուք շատ ճիշտ ասացիք՝ «իր խոսքն ասելու է»։ ԲՀԿ-ի գործը վերջին ներքաղաքական զարգացումներում չի երեւում։ Եթե դիտարկենք թեկուզ Ազատության հրապարակի պրոցեսները, ԲՀԿ-ն այնտեղ էլ չկա։
– Համաձայն չեմ Ձեզ հետ։ Եթե մենք հարթակում չենք, չի նշանակում, որ պասիվ ենք։ Դա նշանակում է, որ դա մեր մարտավարությունն է, դա էլ մեր ռազմավարությունն է։ Մենք նպատակահարմար ենք գտնում այս պահին էնտեղ չլինել։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
«Հայկական ժամանակ»