Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հենակետ Ինդոնեզիայում

Մարտ 29,2013 11:56
haykakan jamanak

Երեկ ՀՀ կառավարությունը երեք որոշում է կայացրել երեք երկրներում դեսպանատներ հիմնելու մասին։

Դրանք են՝ Շվեդիան, Ինդոնեզիան եւ Մեքսիկան։ Սրանով միայն այս տարվա սկզբից կառավարությունը արդեն 5 երկրներում դեսպանատներ բացելու որոշումներ է կայացրել։ Երկու շաբաթ առաջ կառավարությունը որոշում էր ընդունել դեսպանատներ հիմնել Վատիկանում ու Վիետնամում։ Ինչու է գործող իշխանությունը այսպես ինտենսիվ տարածում դիվանագիտական շոշափուկները։ Ընդ որում, Վատիկանում ու Շվեդիայում 2013 թ. դեսպանատներ հիմնելու ծրագիր ընդհանրապես չի եղել։ Նախ ներկայացնենք, թե ինչ գումարների հետ է կապված նոր դեսպանատան հիմնումը։ Օրինակ Ինդոնեզիայում դեսպանատուն հիմնելու համար ՀՀ 2013 թ. պետական բյուջեից հատկացվելու է ավելի քան 160 միլիոն դրամ։ Այդքան գումար անհրաժեշտ է 2 դիվանագետի եւ 3 վարչատնտեսական աշխատակիցների աշխատավարձերի եւ տարածքի մեկ տարվա վարձակալության համար։ Մեքսիկայում դեսպանատուն հիմնելու համար այս տարվա բյուջեից հատկացվելու է ավելի քան 150 մլն դրամ։ Այս գումարը նույնպես բաշխվելու է տարածքի վարձակալության, 2 դիվանագետի եւ 3 վարչատնտեսական աշխատակցի աշխատավարձերին։ Շվեդիայում նոր դեսպանատան համար կպահանջվի 168 միլիոն դրամ, բայց այդքանը միայն կես տարվա համար։ Այստեղ էլ տարածք է վարձակալվելու եւ 2 դիվանագետի ու 3 վարչատնտեսական աշխատողի աշխատավարձ է տրվելու։ Այսքանը խնդրի ֆինանսական կողմի մասին։ Հիմա անհրաժեշտության մասին։ Սկսենք Ինդոնեզիայից։ «Հարավ-Արևելյան Ասիան աշխարհի ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է, որը ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ քաղաքական համեմատական կայունության շնորհիվ, գնալով նշանակալից տեղ է գրավում ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում։ Նույնը վերաբերվում է տարածաշրջանում գործող միջազգային կազմակերպություններին, նախ և առաջ՝ ԱՍԵԱՆ-ին և Չմիավորված երկրների շարժմանը (ՉԵՇ): Հարավ– Արևելյան Ասիայի երկրների հետ ՀՀ կապերի ինտենսիվացումը ժամանակի հրամայականն է։ Նկատի ունենալով տարածաշրջանի հեռավորությունը, ՀՀ կարիք ունի դիվանագիտական հենակետերի, որոնցից ելնելով հնարավոր կլինի ծածկել ողջ տարածաշրջանը, ինչպես նաեւ խրախուսել ԱՍԵԱՆ-ի երկրների հետ հարաբերությունների զարգացումը, այդպիսով ապահովելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առավել ներգրավվածությունը»,– նշված է Ինդոնեզիայում դեսպանատուն ստեղծելու պաշտոնական հիմնավորման մեջ։ Շատ լավ է: Բա մի հատ հենակետ չունենա՞նք էդ կողմերում։ Բայց մի րոպե։ Իսկ ինչպես էր հիմնավորվում Վիետնամում դեսպանատուն ստեղծելու անհրաժեշտությունը։ «Հարավ– Արևելյան Սսիան աշխարհի ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է, որը ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ քաղաքական համեմատական կայունության շնորհիվ, գնալով նշանակալից տեղ է գրավում ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում։ Նույնը վերաբերվում է տարածաշրջանում գործող միջազգային կազմակերպություններին, նախ և առաջ՝ ԱՍԵԱՆ-ին և Չմիավորված երկրների շարժմանը (ՉԵՇ): Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հետ ՀՀ կապերի ինտենսիվացումը ժամանակի հրամայականն է: Նկատի ունենալով տարածաշրջանի հեռավորությունը, ՀՀ կարիք ունի դիվանագիտական հենակետերի, որոնցից ելնելով հնարավոր կլինի ծածկել ողջ տարածաշրջանը, ինչպես նաև խրախուսել ԱՍԵԱՆ-ի երկրների հետ հարաբերությունների զարգացումը, այդպիսով ապահովելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առավել ներգրավվածությունը»,– գրված էր Վիետնամում դեսպանատուն ստեղծելու նույնքան պաշտոնական հիմնավորման մեջ։ Հիմա ուշադիր վերընթերցեք այս մեջբերումը, եւ համեմատեք այն՝ դրանից առաջ մեջբերվածի հետ։ Ոչ մի տառի ու ստորակետի տարբերություն, ինչպես նկատեցիք, չկա։ Հենց գոնե այսքանից պարզ է դաոնում, որ դեսպանատներ ստեղծելը որեւէ լուրջ հիմնավորում չունի։ Դեսպանատները ստեղծվում են որոշակի մարդկանց «հագով»։ Օրինակ, Վենետիկում հապճեպ ստեղծված դեսպանատունը, ինչպես արդեն նշել ենք, Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի համար «պատվավոր աքսորավայր» դարձնելու նպատակ էր հետապնդում եւ միայն։ Թե ում համար են Շվեդիան, Վիետնամը, Մեքսիկան… պարզ կդառնա առաջիկայում։ Իսկ ընդհանրապես մի քանի բացառություններով՝ այլ երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները ծառայում են իշխող վարչախմբին ծառայություններ մատուցած անձանց արտերկրյա երկարատեւ հանգիստը կազմակերպելու նպատակով։ Հարկատուների հաշվին։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031