Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, մի փոքր համեմատական անցկացնելով իր նախորդ տարվա զեկույցի հետ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ դրական առաջընթացներ կան: Մասնավորաբար, որոշ խնդիրներ, որոնք տեղ են գտել Պաշտպանի նաեւ այս տարվա զեկույցում, արդեն իսկ լուծումների ճանապարհին են. «Իրականում առաջընթաց կա ե’ւ արձագանքների, ե’ւ մարդու իրավունքների մասով: Տասնյակ հարցերով նախապատրաստական հիմքը ստեղծված է»:
Մարդու իրավունքների ոտնահարումներից ամենազերծ մնացող կառույցն այսօր, ըստ պաշտպանի, դա Կադաստրի պետական կոմիտեն է: «Կադաստրը ապացուցեց, որ ինչքան էլ գումարներ չկան, ինչքան էլ սուղ են միջոցները, այնուհանդերձ ցանկության դեպքում հնարավոր է շատ հարցեր կանոնակարգել»,-ասաց Կարեն Անդրեասյանը: Պաշտպանը դրական տեղաշարժեր է արձանագրել խոսքի ազատության ոլորտում, ինչն, ըստ նրա, վերջին տարիներին ակնհայտորեն բացակայել է մեր իրականությունից:
Պաշտպանն ամենաբացասականը որակեց տնտեսական մրցակցության հանձնաժողովի եւ դատական համակարգի աշխատանքը, մասնավորաբար, դատարանների գործունեություն ոլորտում: Հիշեցնենք, որ այս ոլորտների վերաբերյալ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցը տվյալ գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից խիստ հակազդեցության արժանացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ