«Ամերիայի» հերթական ուսումնասիրությունը
«Ամերիայի» հերթական հետազոտությունը նվիրված է սննդամթերքի` ներառյալ խմիչք, ծխախոտ, արտադրության ոլորտին:
Սննդամթերքի, խմիչքի եւ ծխախոտի արտադրությունն ըստ մարզերի ուսումնասիրելիս պարզվում է, որ արտադրանքի 49%-ը բաժին է ընկնում Երեւանին, 13 %-ը` Արարատի մարզին, 13%-ը` Կոտայքի մարզին, 8%-ը` Շիրակի մարզին, 4%-ը` Լոռու մարզին, 3-ական տոկոս` Արագածոտնի եւ Արմավիրի մարզերին, 2-ական տոկոս` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերին եւ 1%` Տավուշի մարզին:
Կարդացեք նաև
Հայաստանում սննդամթերքի արտադրությունն ունի իր ուրույն տեղն ու դերը վերամշակող արդյունաբերության մեջ: 2012թ.-ի տվյալներովՙ սննդամթերքի արտադրությունը կազմել է վերամշակող արդյունաբերության 36%-ը, խմիչքների արտադրությունը`14%-ը, իսկ ծխախոտի արտադրությունը` 4%-ը:
Արտաքին առեւտրի կառուցվածքն ուսումնասիրելիս բացահայտվում են շատ ուշագրավ փաստեր: Այսպես` Վրաստանի տեսակարար կշիռը ճյուղի ընդհանուր արտահանման մեջ չնայած կազմում է ընդամենը 7.5%, այնուամենայնիվ այն ամենադիվերսիֆիկացվածն է արտադրատեսակների տեսանկյունից եւ ամենաշատ ապրանքախմբերով է համարվում հիմնական գործընկեր երկիր: Մասնավորապես, միսն ու մսամթերքը, սննդարդյունաբերության մնացորդներն ու պատրաստի անասնակերն արտահանվում են միայն Վրաստան, արտադրված շաքարի եւ շաքարից հրուշակեղենի արտահանման 99%-ը արտահանվում է Վրաստան, իսկ մեկ տոկոսը` ԱՄՆ, ցորենից, ալյուրից, օսլայից եւ կաթից պատրաստված ապրանքների արտահանման 79%-ը դարձյալ բաժին է ընկնում Վրաստանին: Այս շարքը երկար է եւ ընդգրկում է տարատեսակ ապրանքներ: Նման ակտիվ համագործակցության հիմնական պատճառներն են գրեթե միակ սահմանակից երկիր լինելը, որը ենթադրում է համեմատաբար փոքր ճանապարհածախս, ժամանակի խնայողություն, բացի դրանիցՙ արտահանման մի մասն էլ վերաարտահանվում է, իսկ որոշ ենթաճյուղերում առկա է նաեւ հայկական արտադրանքի մրցունակությունը:
Սննդամթերքի արտադրանքի մասով ամբողջ արտահանման մեջ Ռուսաստանի գծով գերակշռում է ոգելից խմիչքների, մասնավորապես` կոնյակ, գինի, մեծ տեսակարար կշիռը: Հայաստանից ոգելից, ոչ ոգելից ըմպելիքների եւ քացախի արտահանման 73%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Ամերիայի փորձագետների կանխատեսմամբՙ սննդամթերքի արտադրության ծավալները 2012թ. համեմատությամբ 2015թ. կաճեն 19 %-ով, նույն ժամանակահատվածում խմիչքների արտադրությունը կաճի 46%-ով, իսկ ծխախոտի արտադրությունը` 27%-ով:
«Ազգ»