Նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության բաժնի պետի տեղակալ Պետիկ Հակոբյանի միջնորդությունը` Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ: Նա Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանի հարազատ եղբայրն է, ով 2001թ. հունվարի 1-ից մինչեւ 2010-ի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը: Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր. 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պետությանը պատճառած շուրջ 85 մլրդ դրամ վնասի համար: Ռուբեն Մնացականյանը կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող եւ այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում՝ վերջինիս ստեղծած հանցավոր շղթայի մի օղակն է: Եվ չնայած Ռ. Մնացականյանի մասով նախաքննությունը նոր թափ է հավաքում, Գյումրիում խոսում են, որ այս կալանավորումը քաղաքական պատվեր է: Ենթադրվում է, որ հեռուստամեկնաբանի եղբայրը, մինչեւ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, ստվերային քարոզչություն է իրականացրել ոչ իշխանական թեկնածուի օգտին, ինչն էլ աննկատ չի մնացել իշխանությունների աչքից:
«Հրապարակ»