«Բարեւ Երեւան» դաշինքի թեկնածուն քաղաքապետ դառնալու դեպքում կրճատելու է սուրճ դնողի «հաստիքը»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է տարածել, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն սկսել է պաշտոնների խոստումներ տալ յուրայիններին, մասնավորապես փոխքաղաքապետի պաշտոն է խոստացել Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետ Դավիթ Օհանյանին:
Այսօր Aravot.am-ը «Բարեւ Երեւան» ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց ճշտել՝ Դուք ձեր բարեկամներին, շրջապատի մարդկանց նման խոստումներ չե՞ք տվել, որեւէ մեկին չե՞ք ասել՝ դու կրթության վարչության պետ ես լինելու, կամ պոլիկլինիկաները քոնն են լինելու: Նա պատասխանեց. «Ես մեկ խոստում եմ տվել, որ հաղթանակի դեպքում շատ աշխատանք ունեն կատարելու: Ուրիշ ոչ մի խոստում չեմ տվել: Առավել եւս՝ բարեկամներին: Նման բան չկա: Ոչ միայն բարեկամներ, ընկերներ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ չե՞ն նեղանա Ձեր բարեկամները, որ քաղաքապետ էլ լինեք՝ այսպես ասած բան ձեռք չեք գցելու, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ կնեղանան: Եթե իմ՝ պատգամավոր եղած ժամանակ 5 տարի չեն նեղացել, չեն օգտվել դրանից, չեմ կարծում, որ հետագայում եւս նման խնդիր առաջանա: Բայց այն, որ ես խոստացել եմ ցուցակում ընդգրկված անդամներին մեծածավալ աշխատանք եւ մեծ պարտականություններ եւ ոչ միայն իրենց, ցանկացածին, ով աշխատելու է քաղաքապետական համակարգում, ասում եմ, որ մեծ աշխատանք է սպասվում, բայց՝ աշխատաժամերին»:
Մեր դիտարկմանը, որ սովորաբար ով գալիս է պաշտոնի, իր թիմն է բերում՝ քարտուղարուհուց ու սուրճ դնողից սկսած՝ մինչեւ շատ ավելի լուրջ պաշտոններ, Արմեն Մարտիրոսյանը արագ արձագանքեց՝ ընդգծելով իր առավելությունը. «Մի փոքր այդ առումով եւս բախտս բերել է՝ սուրճ չեմ օգտագործում եւ սուրճ դնող ինձ միանշանակ պետք չի: Ինչ վերաբերում է վերից վար սեփական մարդկանց բերելուն, ես դրա կողմնակիցը չեմ: Վստահելու խնդիրը չի: Ինձ համար կարեւորը պրոֆեսիոնալ կարողություններն են: Ի՞նչ վստահելու խնդիր պետք է լինի՝ եթե կան հստակ պարտականություններ: Ես այս օրերին շփվել եմ քաքապետարանի տարբեր աշխատողների հետ: Նրանց մեջ մեծաթիվ են կազմում պրոֆեսիոնալները: Պետք է այդ կուսակցական հրահանգավորումից ուղղակի ազատեն եւ կատարեն իրենց վրա դրված պարտականութուները եւ կադրային ջարդ չի լինելու»: Արմեն Մարտիրոսյանը միայն ընդգծեց, որ խնդիր կունենան նրանք, ովքեր զբաղվել են կուսակցական պատվեր կատարելով եւ թերացել են իրենց պարտականություններում:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ուսուցիչներին, մանկապարտեզների աշխատակիցներին վախեցնում են,ասում են՝ գիտեք, ձեզ բոլորիդ ով էլ գա՝ հանելու է. «Նմանատիպ բան չկա: Մենք հո դրսից մանկավարժ չե՞նք բերելու: Իրենք ազատ են լինելու, իրենց կարեւորագույն աշխատանքն են իրականացնելու եւ չեն ստորացվելու երբեք ձայնաբերության պարտադրանքի համար: Բնականաբար ե՛ւ տեխնիկական աշխատողներն են մնալու, ե՛ւ մանկավարժները»:
ՀՀԿ-ի տատիկն ասում է, որ Տարոն Մարգարյանը երկրային հրեշտակ է: Հարցին՝ Դուք ի՞նչ առավելություն ունեք երկրային հրեշտակների նկատմամբ՝ նա պատասխանեց. «Ես երկրային հրեշտակի չեմ նմանվում: ՀՀ քաղաքացի եմ, որը հպարտ է իր արմատներով, ծնվել եւ մեծացել է Երեւանում, ունի իր սեփական պատկերացումները Երեւանի եւ երկրի վերաբերյալ: Սրբերի դեմ պայքարելու փորձ չունեմ, չեմ էլ ուզում պայքարեմ: Ամեն մեկը իր գործով թող զբաղվի: Կարծում եմ, եթե խոսքն իրական սրբերի մասին է, ապա բնականաբար հնարավորինս պետք է ձգտես իրենց պատկերացումներին, ապրած կյանքին, իսկ եթե չակերտավոր սրբերի մասին է խոսքը, այդ դեպքում ձգտելու որեւէ երեւույթ չկա: Եվ չեմ կարծում, որ կեղծիքը ձգտման արժանի երեւույթ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ