Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ՖԻԼԱ- նախագահ Ռաֆայել Մարտինետիի գահընկեց լինելուց հետո բարեփոխված մրցավարության կանոնները որքանո՞վ են նպաստել մրցագորգում տիրող ուժերի իրական հարաբերակցության ճիշտ արտացոլմանը, օլիմպիական բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատասխանեց.«Մեր մարզաձեւում ակտիվություն մտցնելն ու դիտարժան դարձնելը անհրաժեշտություն է, ու դա արտացոլվեց Թբիլիսիում: Սակայն մրցավարության մեջ անհատի վերաբերմունքի իսպառ վերացումը դեռ մնում է օրակարգում: Մասնավորապես, վրացու հետ իմ գոտեմարտում, չնայած ես ակտիվ էի մրցագորգում, ռեֆերին ինձ պասիվության համար նկատողություն հայտարարեց՝ մրցակցիս միավոր նվիրելով: Գուցե, դա նրանից էր, որ մրցակիցս հանդես էր գալիս սեփական հարկի տակ: Բայց ինձ, այնուամենայնիվ, հաջողվեց հաղթել: Այնպես որ, այդ բարեփոխումները դեռեւս լուրջ հստակեցման կարիք ունեն: Ու դա Թբիլիսիում ես զգացի իմ մաշկի վրա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ