Գորիս քաղաքի բնակչուհի, Գորիսի պետական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի Ա. Ա.-ն մեղավոր է ճանաչվել անմեղ անձանց ծանր հանցագործության մեջ մեղադրելու մեջ եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Գորիսի բնակչուհին մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու մեջ: «Դատարանում հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա. Ա.-ն, իր կամքով համաքաղաքացիներ Մ.Միրզոյանի և Դ.Հայրապետյանի հետ գնալով սրճարան և գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու մասին, ոստիկանության Գորիսի բաժնում գրավոր հաղորդում տալու եղանակով կատարել է սուտ մատնություն, իբրև Մ.Միրզոյանը և Դ.Հայրապետյանը իրեն առևանգել են եւ պահել անազատության մեջ` վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա. Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով», – այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզի դատախազությունից:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև