Նա չի բացառում դպրոցի տնօրենի պաշտոնին իր վերադարձը:
Տավուշի մարզի Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արսեն Ուլիխանյանը մարտի 13-ին հրաժարական է տվել:
2009 թվականից Հովքի դպրոցը ղեկավարող Ա. Ուլիխանյանը մեզ ասաց, որ ինքը նախկինում երկու անգամ մասնակցել է հանրակրթական դպրոցի տնօրենի սերտիֆիկատ ստանալու մրցույթին, հաջողությամբ հանձնել է գրավոր քննությունը, սակայն բանավոր քննությունից անհաջողության է մատնվել: Նա հայտնեց, որ ինքը մասնակցելու է սերտիֆիկատ ստանալու առաջիկա մրցույթին:
Կարդացեք նաև
Ա. Ուլիխանյանի խոսքերով՝ Հովքի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աննա Ղավալյանը հիմնական աշխատող չէ, նախկին տարիներին, երբ ինքը դպրոցի տնօրեն չէր, Աննան աշխատել է Հովքի դպրոցում, հետո աշխատանքից դուրս եկել: 2012թ. Արսեն Ուլիխանյանը հրաման է տվել Աննա Ղավալյանին որպես ժամանակավոր աշխատող աշխատանքի ընդունելու համար: 2012թ. ապրիլի 13-ին ՀՀ կրթության պետական տեսչության տեսուչները Տավուշի մարզում կատարած ուսումնասիրություններից հետո Ա. Ուլիխանյանին զգուշացրել են , որպեսզի Հովքի դպրոցում անգլերենի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ անցկացվի: Ուլիխանյանն ասում է, որ ինքը ցանկանում էր այդ մրցույթն անցկացրել, սակայն դրա կայացումը ձգձգվում էր:
2013թ. փետրվարի 13-ին Տավուշի մարզային «Տավուշ»թերթում տպագրվել է այդ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը, Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունը դրան տեղյակ է եղել : Մրցույթը պետք է տեղի ունենար մարտի 15-ին, սակայն Հովքի դպրոցի ուսուցիչների գործադուլի պատճառով այն չի կայացել: Ա. Ուլիխանյանը տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել, մարտի 15-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը լուծել է Ա. Ուլիխանյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:
Նախկին տնօրենի խոսքերով՝ Աննա Ղավալյանն իրեն անընդհատ ասել է, որ չի մասնակցելու անգլերենի ուսուցչի թափուր տեղի մրցույթին, քանի որ այն համարել է իր աշխատատեղը: Տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմումի վերաբերյալ Ա. Ուլիխանյանն ասում է, որ այդ ժամանակ ինքը հուզված վիճակում է եղել, զայրացել է այն բանի համար, որ ինքը գործել է օրենքի սահմաններում, դպրոցի աշխատակիցների հետ ունեցել է լավ հարաբերություններ, սակայն ուսուցիչների մի փոքր խմբի հաջողվել է կոլեկտիվին իր դեմ հանել, գործադուլ անել;
Ա. Ուլիխանյանը հնարավոր է համարում վերադարձը դպրոցի տնօրենի պաշտոնին: Իր դիրքորոշումը Հովքի դպրոցի աշխատակիցներին բացատրելու համար նա մտադիր է առաջիկայում հանդիպել կոլեկտիվի հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ