Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական քննարկման կիզակետում էր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան

Մարտ 28,2013 20:22

 Մեկնարկեց «Կրոն և հասարակություն»  քննարկումների շարքը:

Այսօր Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մեկնարկեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կազմակերպած «Կրոն և հասարակություն»  քննարկումների շարքը: Առաջին քննարկման թեման էր` «Կրոն և կրթություն»:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը  նշեց, որ ըստ մի շարք հետազոտությունների` Հայաստանում կրթություն-կրոն հարաբերությունը ամենածանր հարցերից է. «Մասնավորապես, շատերը նկատառումներ ունեն այն հանգամանքի շուրջ, թե ինչ կարիք կա «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդել, եթե գոյություն ունի «Հայոց պատմություն» առարկան»:

Հարցի շուրջ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ առարկան դասավանդվում է անմիջապես Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո (դասագրքերի տպագրում, ուսուցիչների վերապատրաստում). «Առարկան շատ լավ է ընդունվել  դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների կողմից, այն մեր եկեղեցու պատմությունն է: Առարկան ճիշտ է դասավանդվում, իսկ ահազանգեր չեն եղել այն հարցի շուրջ, թե ինչու է այն դասավանդվում»:

Կրոնագետ, ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հանդիպել է տարբեր դպրոցների տնօրենների, ուսուցիչների եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ` արձանագրելով որոշակի խնդիրներ. «Տվյալ առարկայի ուսուցիչների ոչ բավարար քանակը հանգեցնում է նրան, որ առարկան դասավանդում են այլ ուսուցիչներ` իրենց ցանկության համաձայն: Այդպիսի խնդիրների, օրինակ, Վանաձորում ենք հանդիպել: Կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչները բողոքում էին, որ առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան»: Կրոնագետը հայտնեց, որ հետազոտություն է կատարում նաեւ դասագրքերի բովանդակության հետ կապված. «Հաջող է, օրինակ, 9-րդ դասարանի դասագիրքը, չնայած փաստերը խիստ հագեցած են, եւ անգամ համալսարանականները կդժվարանային սովորել դրանով: Բացի այս, անհասկանալի է, թե ինչ գործ ունի իսլամը «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքում: Այն կարելի է ներկայացնել առանձին` կրոնների պատմության մասին դասագրքում»:

Դասագրքերի բեռնաթափման խնդրի շուրջ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ 2012թ-ին բեռնաթափվել են հիմնական դպրոցի բոլոր առարկաների դասագրքերը:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի կարեւորության  շուրջ Դանիել Երաժիշտը կարծիք հայտնեց, որ ազգը փրկելու եւ պահպանելու համար պարտադիր պայման է Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությունը. «Յուրաքանչյուր երեխա պետք է իմանա այն` որպես հայ քրիստոնյա»:

Քննարկումները կշարունակվեն նաեւ մարտի 29-ին եւ 30-ին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա Սարգսյան says:

    հետաքրքիր էր, որ քննարկամ ընթացքում դահլիճից կարծիք հնչեց այն մասին, որ գիտությունն ու կրոնը իրակա հակասել են միշտ, իսկ մեր կրթական համակարգում, փաստորեն չեն հակասում, և դա վատ է: ճճճ

  2. Սևակ says:

    Իսկ մեզ ահազանգեր են հասել, որ որոշ երեխաների խտրականության են ենթարկում: Օրինակ աթեիստ երեխաներ կան, որոնց ստիպում են խաչակնքվել, անգամ աղոթել: Իսկ ով առաքելական եկեղեցու հետևորդ չէ, նույնպես երբեմն հանդիպում է անհանդուրժողականության: Առարկայի շրջանակներում դպրոցներում իրականացվում է կրոնի քարոզ, ինչպես նաև ձևավորվում է անհանդուրժողականություն «հայ առաքելական քրիստոնյայի» կարծրատիպային կերպարից տարբերվող երեխաների նկատմամբ: Շատ խնդրահարույց է այս աբսուրդային վիճակը, երբ կոնկրետ կրոնական կազմակերպություն (հայ առաքելական եկեղեցին) իրականացնում է քարոզ ու կրոնական ծեսերը կրթական համակարգ է ներմուծում: Իմ գնահատմամբ սա հարձակում է աշխարհիկ հասարակարգի դեմ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031