Լրահոս
Օրվա լրահոսը

« Գյումրու տարվա մարդ» տիտղոսի թեկնածուին գյումրեցիները չեն ճանաչում

Մարտ 28,2013 20:05

Մի քանի օր է`գյումրեցի մտավորականների շրջանակում քննարկվում է  « «Գյումրու տարվա մարդ»  տիտղոսի  թեկնածուի  հարցը: Նրանցից շատերին  զարմացրել է այն, որ միակ թեկնածուն 22-ամյա  Պետրոս Պետրոսյանն է, « Շանթ» հեռուստաընկերության   կազմակերպած  «Ժողովրդական երգիչ» նախագծի  հաղթողներից մեկը:

Տիտղոսը  շնորհող հանձնաժողովի որոշ անդամների  պնդմամբ, այս երիտասարդը Գյումրու մեծահարուստներից մեկի` Գյումրի օդանավակայանի  տնօրեն Սեյրան Չուխաջյանի փեսան է: Ֆեյսբուքում ևս ակտիվ քննարկումներ են գնում այս թեմայով: Մենք  փորձեցինք  քաղաքի ակտիվ մտավորականներից պարզել, թե ճի՞շտ ընտրություն է կատարվել թեկնածուի հարցում:

«Քաղաքը մերն է»   քաղաքացիական նախաձեռնության անդամ  Կարինե Մկրտչյանն ասաց. «Ես չեմ ճանաչում ով է, բացարձակ գաղափար չունեմ, բայց տարվա մարդը ինչ-որ ձեռքբերումներով պետք է աչքի  ընկած լինի և հանրային ճանաչում ունենա: Եթե անգամ աչքի է ընկել  ու չունի ճանաչում , տարօրինակ է, առավել ևս, որ մենք երկրորդ ոսկե մեդալակիրը ունեցանք, արժեր, որ մեր սպորտսմենը ստանար տարվա մարդ կոչումը: «Տարվա մարդ» պետք է լինի ինչ-որ մեկը, որը Գյումրին միջազգային ասպարեզ է դուրս բերում առնվազն: Եթե առաջարկս տեղ կհասնի, սա միայն իմ ցանկությունը չէ, ես տեսա, թե ամբողջ Գյումրին ոնց էր ալեկոծվում: Իսկ  ինչ մնում է «քաղաքի մարդ», պատվավոր քաղաքացի, չգիտեմ ինչ, ընդհանրապես հետաքրքասիրությանս  շրջանակների մեջ չի մտնում դա, նշան դնելու պես մի բան է :Եթե դա չի համապատասխանում, մարդու հոգուց չի բխում, որ հա ինչ լավ է, որ էս մարդը արժանացավ էդ կոչմանը, որովհետև էսքան ներդրում, էսքան  վաստակ ուներ, էդ զգացողությունը  քաղաքացին չի զգում, եթե չի զգում, ուրեմն  ինչքան  ուզում են թող տիտղոսներ շնորհեն»:

Գյումրու  ջազ ակումբի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանն էլ, ասաց, որ թեև շատ է սիրում Պետրոսին, բայց դեռ  շուտ է նրան «Տարվա մարդ տարվա »  շնորհելը : «Պետրոսը իմ համար  հարազատ անձնավորություն  է, շատ լավ ընկեր է, պրոֆեսոնալ երգիչ,  նրան  շատ եմ սիրում , բայց շատ եմ խնդրում հանձնաժողովի նախագահին ու կազմակերպիչներին հիշեն, որ ունենք գյումրեցի Տիգրան Համասյան ( ջազ դաշնակահար, 2006թ. աշխարահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի հաղթող Ա.Ն.), ով մի քանի  օրից կլինի Գյումրիում: Թող հետևեն նրա այս տարվա մրցանակներին»  ,-առաջարկեց Մկրտիչ Մանուկյանը:

Սախարովի անվան  մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն էլ ասաց. «Ես չեմ ճանաչում , կարող է իմ մեղքն է, այսինքն ես կյանքի ինչ-որ ոլորտի, զարգացումների նկատմամբ ուշադիր չեմ: Բայց ասենք էդ չճանաչելը  կարելի էր վերագրել ինձ, եթե հարցնեին Պետրոս  Պետրոսյանին ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, բայց եթե Պետրոս Պետրոսյան` «Տարվա մարդ» էդ հարթության վրա ենք նայում, պարզ է , որ շատ ավելի  նորմալ կլինի, եթե քաղաքի տարվա մարդ, ում որ տալիս են, մենք ճանաչենք, գիտենանք: Այլապես էդ ամբողջը կորցնում է իր ամենահիմնական  իմաստը, որովհետև դու արդեն ինչ-որ տեղում պետք է լինես, որը տարբեր է մյուս եղած  հարյուրներից, հազարներից, տասհազարներից: Իմ մեջ պիտի առաջանա այն հարցը, որը Կատոն Ավագը իրեն տվել է. երբ որ  իրեն  ասել  են, թե եկեք ձեզ հուշարձան կանգնեցնենք, ասել  է` պետք չէ , ավելի լավ է  հաջորդ սերունդները  ասեն` ինչո՞ւ Կատոն Ավագին արձան չեն կանգեցրել, քան ասեն, թե ինչո՞ւ են Կատոն Ավագին արձան կանգնեցրել: Հիմա ես պիտի հարցնեմ ինչո՞ւ են Պետրոս Պետրոսյանին  տալիս «Տարվա մարդ» : Իմ մեջ էդ հարցը չպիտի առաջանար»,- ասում է  մեր զրուցակիցը: Բայց, ըստ նրա, ինքը շատ հանգիստ` օլիմպիական  հանգստությամբ է վերաբերում օլիմպիական կոչումներին: «Չորս բոլորը , ինչպես ասում են, շունը պոչը պտտեցնի, ամենատարբեր պատվավոր  անդամների` դոկտորների, պրոֆեսորների, ակադեմիկոսների, ես ինչ գիտեմ թե էլ ինչերի,ամբողջ հայ ժողովուրդը հերթի է  կանգնել  պետական տարբեր մրցանակներ, շքանշաններ, կոչումներ ստանալու համար բոլոր ոլորտներում:Փոքր երկիրը տասնյակ  գեներալներ,վաստակավոր գործիչներ  ունի արվեստի, կարող է  մարդը սիրում է, կարող շատ անմեղ բան է, բայց երբ որ ուղեկցվում է  ինչ-ինչ արտոնություններով, որը ենթադրում է մեքենա, վարորդ , չի  կարող էսքան փոքր  երկիրը թույլ տալ էսպիսի բաներ: Լավ է, որ մարդիկ կարողանան երբեմն հրաժարվել, ոչ թե հուզվեն, թե դա իմ վաստակնէ , որը վերջապես սկսեցին գնահատել:Հրաժարվեն, ասեն` ոչ, ես դեռ չեմ գտնում, որ ես Տարվա մարդ եմ : Ես կարող է ամսվա մարդ եմ , սկսեցինք էդտեղից `օրվա մարդ, շաբաթվա մարդ, ամսվա մարդ, հետո նոր կհասնենք տարվա մարդուն: Հայաստանը  փոքր երկիր է, ապայման  ամեն մեկը ինչ-որ մեկի  քավորն է, սանիկն է, փեսան է :Ես գիտեմ տասնյակ  հ/կ-ներ, որոնք ինչ որ գումարի դիմաց պատրաստ են տալ ինչ-որ վկայագիր, կոչում հուշամեդալ և այլն: Թող ամեն մարդու անուն ազգանունը հերիք  լինի  իրեն ճանաչելու համար, օրինակ գրվի   բժիշկ,  հասկանանք, որ խոսքը բժշկի մասին է, ոչ թե` ոչ բժշկի մասին է, որպեսզի լրագրողները կարողանան մարդու անունից հետո նրա բազմաթիվ  կոչումները տեղավորեն, որպեսզի երկար չլինի, քան հոդվածն ու հարցազրույցը», -եզրափակեց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031