Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Արմեն Արզումանյանի ռեպերտուարից է:
Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել՝ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ.
ՀՀ նախագահական ընտրություններից առաջ շատերը թերագնահատում էին Րաֆֆուն: Հետընտրական իրադարձությունների համատեքստում կարող ենք փաստել, որ հիմա էլ Րաֆֆին հետեւողականորեն գերագնահատվում է:
Քաղաքական «մարտիրոսի» կերպարը հետաքրքիր էր առաջին օրերի ընթացքում: Քաղաքական մնջախաղը ենթադրում է, որ նման հրապարակային գործելաոճին զուգահեռ Րաֆֆին ընդունակ կլինի նաեւ մնալ իրական քաղաքականության հարթությունում: Իհարկե, Րաֆֆին այստեղ էլ ճեղքում է արդի քաղաքագիտական բոլոր շրջանակները եւ, բնակություն հաստատելով միայն իրեն հայտնի զուգահեռ հարթության մեջ, ոչ մի կերպ չի կարողանում արդյունքը գերադասել գործընթացից: Ինչ խոսք, հաճելի է երկրի Նախագահից պարբերաբար նամակներ ստանալ, որտեղ քեզանով մտահոգվում են, քեզ ընդունում են, քեզ հրավիրում են, քեզ գնահատում են: Սակայն անգամ ամենաբուռն «սիրախաղը» իր ավարտն է ունենում: Չափավոր համառությունը լրացուցիչ հմայք է հաղորդում հարաբերություններին, սակայն, երբ այն հասնում է կամակորության աստիճանի, մյուս կողմն ունի բոլոր նախադրյալները հիասթափվելու եւ դադարեցնելու նման շփումները:
Եվ երբ դեռ ուսանողական տարիներից մետրոպոլիտենի հարազատ դարձած ձայնը հայտարարում է. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ,այդ պահին չկա ոչ մի երաշխիք, որ կլինի հաջորդ կանգառ… »:
Այս առնչությամբ այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատասխանելով նախարարին, ասաց. «Չգիտեմ համառություն ասելով՝ ով ինչ է հասկանում: Ինձ համար համառությունը ճիշտ կատեգորիա է: Հավանում եմ համառ մարդկանց: Եթե դա ինքնանպատակ չի եւ ունի որոշակի ընկալում՝ հասարակության կողմից, ես չեմ կարծում, որ այդ բառը տեղին է օգտագործված: Ընդհանապես, նույն ռեպերտուարն է, ինչ մամուլի խոսնակի երեկվա հայտարարությունը: Այսօր փառք Աստծո, կա հնարավորություն, որ բոլորը տեղեկանան՝ ով ինչ է ասում: Երբ փոխանակվեց առաջին նամակագրությունը, միանգամից մի քանի ժամ հետո նախագահի թիմի ներկայացուցիչերը սկսեցին զբաղվել առաջարկությունները քննադատելով: Նույնիսկ ոչ պարկեշտ արտահայտություններ թույլ տվեցին: Իրենք պրոբլեմ ունեն իրենց մեջ: Մի կողմից ասում են՝ այո, այս թնջուկը լուծելու անհրաժեշտություն է սա, բայց մյուս կողմից տեսնում ես, որ ոմանք սկսում են այդ կուսակցությունից ծաղրել, ոչ կոռեկտ արտահայտություններ անել: Ես լուրջ չեմ վերաբերվում դրան: Ես, ցավոք սրտի, գիտեմ այդ կամակատարների շրջանակը»: Նա նաեւ գնահատական տվեց, որ մարդ տեսակը կուսակցական այս շահերում վերանում է:
Կարդացեք նաև
Բրյուսովի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը նույնպես անտարբեր չգտնվեց Արմեն Աշոտյանի գրառման նկատմամբ: Նրա խոսքերով էլ՝ «Մի ասացվածք կա. հիվանդը չի ամաչում, հիվանդի տերը պիտի ամաչի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ