Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:
Քաղաքապետը նախ ծանոթացել է առաջիկայում Հյուսիսային պողոտայում նախատեսվող լայնածավալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների նախագծին: Հատկանշական է, որ այս ծրագրի իրականացումը կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակը: Ծրագրի շրջանակում, մասնավոր ներդրումներով, պողոտայի ճեմուղիների բետոնյա ծածկը ամբողջությամբ կփոխարինվի բնական քարով, մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարծքները, կնորացվեն նաև նստարաններն ու արտաքին լուսավորության ցանցը:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Շարլ Ազնավուրի հրապարակ և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածք և հետևել այդ վայրերում իրականացվող սալահատակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս աշխատանքները 2013 թվականի զարգացման ծրագրերում են ընդգրկվել քաղաքացիների առաջարկությամբ: Իսկ այս տարի, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կիրականացվի հրապարակների 5080 քմ և մայթերի 21300 քմ սալապատում, ինչպես նաև 86800 քմ մայթերի ասֆալտապատում:
Կարդացեք նաև
«Ազնավուրի հրապարակի և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի սալահատակը, վերջին տարիների ընթացքում գրեթե քայքայվել էր: Նշված տարածքները, որոնք երևանցիների համար հանգստի սիրելի վայրերն են, արդեն շատ շուտով բարեկարգ վիճակում կհանձնենք մեր քաղաքացիների տնօրինմանը: Զուգահեռաբար տարեկան ծրագրով բոլոր վարչական շրջաններում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում նաև մայթերի բարեկարգման ուղղությամբ: Վստահ եմ, որ մի քանի տարվա ընթացքում անբարեկարգ մայթերի խնդիրն ամբողջությամբ դուրս կգա օրակարգից»,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը հետևել է նաև վարչական շրջանում մեկնարկած բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատաման աշխատանքների ընթացքին: Ժամանակակից խաղահրապարակներից, զրուցարաններից ու նստարաններից բացի, որոշ բակերում կկառուցվեն նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտեր:
Ի պատասխան բնակիչների գոհունակության, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերել կատարած աշխատանքին և հավելել, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հրազդանի կիրճ՝ մարզասեր երևանցիների կողմից սիրված «չռիկի» տարածք: Այցի առիթը քաղաքապետի կողմից մարզասեր երևանցիներին մարզական գույքի նվիրաբերումն էր: Նման խնդրանքով քաղաքապետին էին դիմել այս վայրում երկար տարիներ մարզվող երևանցիները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքը, ինչպես նշում էին մարզասերները, անսպասելի արագ էր եղել:
Քաղաքապետի անակնկալ նվերից հաճելիորեն տպավորված մարզասերներն իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին, ընդգծելով, որ շատերին են խնդրել օժանդակել այս հարցում, սակայն հարցին լուծում տվեց հենց քաղաքապետը, ընդ որում սեփական նախաձեռնությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն