Ապրիլի 22-ին ավարտվում է «Արմավիայի» ավիաընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքած պայմանագիրը: Թե որ ընկերությունը կզբաղեցնի «Արմավիայի» տեղը՝ այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից: Ըստ վարչության պետի, «Արմավիան» չունի այնպիսի ֆինանսական հնարավորություններ եւ վիճակն էլ այնպիսին չէ, որ կարողանա պայմանագիրը երկարացնել ու պետության առջեւ ստանձնած իր պարտականությունները կատարի. «Կարծում եմ մոտ ժամանակներս մենք վերջնական պատասխան կունենանք այդ հարցի վերաբերյալ: Պայմանագրի ժամկետները, համաձայն նրա որոշակի դրույթների, լրացուցիչ հաշվարկներ կան, կոնկրետ օրը ֆիքսված չէ, բայց նախատեսվում է վերջնական ժամկետը երեւի թե ապրիլի 22-ին»:
Հաշվի առնելով, որ շատ քիչ ժամկետ է մնացել պայմանագրի ավարտին, հնարավո՞ր է այս կարճ ժամանակում այլ ընկերություն ներգրավել «Արմավիայի» փոխարեն, պարոն Մովսիսյանն ասաց, որ «Արմավիան» եթե մինչեւ ապրիլի 22-ը եւ դրանից հետո ողջամիտ ժամկետի համար ունենա ֆինանսական հնարավորություններ, ապա պայմանագրի ժամկետը կերկարացվի, սակայն քաղավիացիան, ինչպես վստահեցրեց, վարչության պետը` մտադիր չէ անորոշ թողնել այս խնդիրը եւ անորոշության պայմաններում շատ երկարացնել «Արմավիայի» պայմանագիրը:
Հարցին էլ, թե հնարավո՞ր է սնանկ ճանաչվի «Արմավիան» պարոն Մովսիսյանը չբացառեց այդ հավանականությունը:
Արտերկրի ավիաընկերություններն, ըստ պարոն Մովսիսյանի, այնքան էլ շահագրգված չեն Հայաստանում թռիչքներ իրականացնել. «Ես ինքս մի քանի կազմակերպությունների դիմել եմ եւ հետաքրքրությունը քիչ է»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին էլ, ի՞նչն է պատճառը, որ օտարերկրյա ավիաընկերությունները հրաժարվում են Հայաստանում աշխատել, հնարավո՞ր է «Զվարթնոց» օդանավակայանի գներն են բարձր, պարոն Մովսիսյանն ասաց. « Զվարթնոց» օդանավակայանի գները բարձր չեն, ես ձեզ ասում եմ որպես քաղավիացիայի պետ, գները պարզապես կարող են դառնալ բարձր մասնագիտական թյուր վերլուծությունների արդյունքում, եթե իրենք լիարժեք չտիրապետեն օդային գործունեությանը եւ գներին: Այսինքն` կարող է վերցնեն մի տեսակ սպասարկում` վերգետնյա, ասենք `1000 դոլար եւ մեկ ուրիշ երկրում լինի 700 դոլար, բայց դրա մեջ չլինի տելեկամուրջի սպասարկում եւ այլն»:
Իսկ ամբողջական վերլուծությամբ` «Զվարթնոցի» գները շատ մրցունակ են, ըստ քաղավիացիայի պետի` հաշվի չառնելով նույնիսկ, այն բարդությունները` վառելիքի ներկրման հետ կապված եւ այլն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ