Մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը:
Արարողության ընթացքում ընթերցվեցին Ս. Գրքից հատվածներ, ապա Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատը, որից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված ջուրը և յուղը:
Ապա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի եկավ և շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մի մանուկ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ