Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի հանրային քննարկում` ՄԱԿ–ի տարածաշրջանային գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ:
«Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, եւ ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնական գրասենյակներն այդ երկիր տեղափոխելը դժվարություններ կառաջացնի մեզ համար: Մենք պետք է ամեն հնարավոր բան անենք գործընթացը կասեցնելու համար»,-այս մասին այսօր ՀՀ Հանրային խորհրդում հանրային քննարկման ընթացքում ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Ըստ բանախոսի` ՄԱԿ-ի կողմից նման որոշման պատճառը հիմնականում ֆինանսական դրդապատճառներն են: «Թուրքիան պատրաստակամություն է հայտնում մեծ ֆինանսական միջոցներ հատկացնել, իսկ ՄԱԿ-ն էլ այնպիսի վիճակում չի, որ հրաժարվի ֆինանսական գայթակղիչ առաջարկներից: Հասկանալի են նաեւ Թուրքիայի նպատակները: Այդպիսով Թուրքիան տնտեսական հզորացման հետ մեկտեղ ՄԱԿ-ի եվրոպական կենտրոն կդառնա»,- ասաց Մանուկյանը:
Կարդացեք նաև
Հանրային խորհրդի նախագահն ընդգծեց, որ այդպիսի որոշումը հակասում է նաեւ ՄԱԿ-ի գաղափարախոսությանը, քանի որ Թուրքիան երկիր է, որը դեռ չլուծված խնդիրներ ունի մի շարք երկրների հետ, իսկ Հայաստանի հետ ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունի եւ Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականություն է վարում:
Բանախոսը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամեն բան անում է, որպեսզի թույլ չտա ՄԱԿ-ի գրասենյակների Թուրքիա տեղափոխմանը, սակայն միայնակ ոչինչ անել չի կարող և իրենք մի շարք տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ կօգնեն այս հարցում:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյանը հավելեց, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնի վերածվի. «Մենք պետք է ամեն ինչ անենք մեր բողոքի ձայնը ՄԱԿ-ի ղեկավարությանը հասցնելու համար: ՄԱԿ-ն իր եվրոպական գրասենյակները Թուրքիա տեղափոխելով հակասում է ինքն իր գաղափարախոսությանը»,-ասաց Սաֆրաստյանը:
Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն ասաց, որ իրենք դեմ չեն Թուրքիայի հետ շփվելուն, սակայն առաջ քաշելով մի քանի նախապայման.«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, լուրջ աշխատանքներ տանի երկրում խոսքի ազատության վերականգման եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի առումով: Այս ամենից հետո միայն մենք կընդունենք, որ հենց Թուրքիան դառնա ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոն եւ պատրաստակամություն կհայտնենք օգնել նրանց այդ գործում»,- ասաց Դանիելյանը:
Հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ կարելի է սա չդարձնել միայն ներքին խնդիր, այլ գործընթացը տանել այնպես, որ ՄԱԿ-ի գրասենյակի տեղափոխումը Ստամբուլ նպատակահարմար չէ ոչ միայն մեզ հայերիս, այլև մի շարք երկրների, այդ թվում նաև արաբների համար:
Քննարկման ավարտին քննարկման մասնակիցները եկան ընդհանուր համաձայնության, ստեղծել հասարակական կենտրոն. պայմանավորվել արտաքին գործերի նախարարության և ԱԺ հանձնաժողովի հետ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի այս հարցով:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ