Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մարտի 28-ին անցկացրին «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլը, որի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նախագծի` պետական, միջազգային ու հասարակական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ լրամշակված տեքստը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը ողջունեց ներկաներին հանդիպմանը մասնակցելու համար և նշեց, որ քննարկումը միտված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարելավման ուղղությամբ հստակ առաջարկներ ստանալուն: «Այս քննարկման անմիջականությունից է կախված ռազամավարության՝ նոր առաջարկներով համալրման արդյունավետությունը»,- ասաց Կիրակոսյանը՝ հույս հայտնելով ստանալ կառուցողական առաջարկներ ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը ավարտուն տեսքի բերելու համար:
ԵԱՀԿ Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Վլադիմիր Չունտուլովի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանումը մնում է ԵԱՀԿ գործունեության կարևոր դրույթներից մեկը: «Այն հասարակությունը, որը տեղյակ է մարդու իրավունքների պաշտպանությունից, հակված է նաև այդ իրավունքները պաշտպանելուն»,-նշեց Չունտուլովը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ անդամ 57 պետությունները ստանձնել են պարտավորություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Այդ իրավունքները չեն հանդիսանում պետության միայն ներքին խնդիրը , այլ դիտարկվում են մարդու իրավունքերի պաշտպանություն՝ համընդհանուր համակարգում: Պետք է ձևավորվի մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մշակույթ, քանի որ դա միայն մեկ աշխատանքային խմբի և իշխանության երեք ճյուղերի աշխատանքը չէ, այլ հասարակության ընդհանուր օրակարգը»,- շեշտեց Չունտուլովը՝ վստահեցնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է օժանդակելու Հայաստանին այս գործընթացում:
Հանրային քննարկմանը մասնակցող պետական, հասարակական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներն իրենց բանավոր նկատառումները ներկայացրեցին Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ, որոնց մի մասը նախարարի տեղակալի հավաստմամբ, կքննարկվեն ու կընդգրկվեն ծրագրում: Նրանք գոհունակություն հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությանը՝ իրենց առաջարկները գնահատելու և գործողությունների ծրագրում մեծամասամբ ընդգրկելու կապակցությամբ:
Կարդացեք նաև
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլի նպատակն էր` վերանշյալ կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստանալ հանրության կողմից ընդունելի, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրատեսական միջոցառումներ նախատեսող փաստաթուղթ:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի 29.10. 2012 թվականի թիվ ՆԿ-159-Ն կարգարդրությունն ուժի մեջ է մտել 2012 թվականի նոյեմբերի 17-ին: Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի ընդունումը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման, ապահովման և պաշտպանությա ամրապնդմանը, ազգային օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների երաշխավորմանը, մարդու իրավուննքերի պաշտպանության առավել հետևողական եւ համակարգված քաղաքականության իրականացմանը: