Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի մրցանակի» հավակնորդ. «Հոգևոր երաժշտությունը նպաստում է ներաշխարհի ներդաշնակությանը»

Մարտ 28,2013 15:46

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , ընտրական փուլում մասնակիցները 14-ն էին: Aravot.am-ի հետ զրույցում մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, մրցույթի համակարգողԱիդա Խաչիկյանը տեղեկացրեց, որ եզրափակիչ են անցել 6-ը` Լիլիթ Սանոսյանը, Հովհաննես Ներսիսյանը, Արամ Ավետիսյանը, Արսեն Ստեփանյանը, Արման Նիկոլյանը եւ Մանե Գալոյանը:

«Ամենամյա այս մրցույթը ներառում է «Գործիքային կատարում» եւ «Երգեցողություն» անվանակարգերը: Երկու անվանակարգերի համար էլ նախատեսված է երկու մրցանակ»,-ասաց տիկին Խաչիկյանը: Նա նաեւ նշեց, որ մրցույթի հաղթողները հայտնի կլինեն ժյուրիի աշխատանքների ամփոփումից հետո` մայիսի 29-ին` մրցանակների շնորհման օրը:

Մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող, ԱՀԹ Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսիսյանը նշեց, որ հոգեւոր ոլորտում բերած ծառայությունը նպաստել է նրա կատարողականության զարգացմանը: «Հոգեւոր երաժշտության երգեցողությանը տիրապետելն ինձ համար մեծ դպրոց էր: Եվ դասական, եւ հոգեւոր երաժշտությունն ինձ համար առաջնային են, իսկ մարդու ներաշխարհի ներդաշնակության համար դրանք մեծ նշանակություն ունեն,-ասաց նա եւ հավելեց,-դասական երաժշտությունը «ծագել» է եկեղեցական երաժշտությունից` շարականներից, այսինքն` դրանք իրարից հեռու չեն: Հետեւաբար, կարելի է ասել, որ դասական երաժշտության հիմքը եկեղեցական երաժշտությունն է»:

Նշենք, որ մրցանակը ՀՀ նախագահի վկայագիրն է, կրծքանշանը եւ դրամական պարգեւը` 2,500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031