Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Բաղդասարյան. Կոնսերվա բաժանելուց զատ պետք է ռեժիսորին պաշտպանել

Մարտ 28,2013 15:36

Մարտի 19-ին կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարը, եւ ձայների մեծամասնությամբ երրորդ անգամ նախագահ վերընտրվեց Ռուբեն Գևորգյանցը, որը կառույցը ղեկավարում է 2003 թվականից: Ի դեպ, շուրջ 10 տարի կառույցը ղեկավարած կինոմիության նախագահը համագումարին խոստովանել էր  , որ ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ եւ իրենք պայքարում ու հաղթահարում են դժվարությունները վայրի կապիտալիզմի պայմաններում:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ հապշտապ եւ համարյա գաղտնի հրավիրվեց համագումարը, պարոն Գեւորգյանցը չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով զբաղվածությունը: Ավելի ուշ մեր հարցերին խոստացավ վաղը պատասխանել:

Որոշ ռեժիսորներ չէին մասնակցել կինեմատոգրաֆիստների միության համագումարին: Նրանց թվում է շնորհալի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Aravot.am-ը պարոն Բաղդասարյանից հետաքրքրվեց պատճառը: Ռեժիսորն ասաց, որ ուղղակի մոռացել էր համագումարի օրվա մասին. «Ես անկեղծ մոռացել էի, հետո իմացա, որ այդ օրն էր»:

Նա նեղսրտեց. «Ասում են սուսուփուս է անցել, ելույթներ չեն եղել, դա նորմա՞լ բան է: Մենք ոչ Տաջիկստան ենք, ոչ էլ Թուրքմենիա, այդ ամենը անհասկանալի է ինձ համար»:

Հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ նախագահը արդեն երրորդ անգամ է վերընտրվում: «Ոնց կարող եմ վերաբերվել, հո չի՞ կեղծվել, ընտրել են: Ես էնտեղ չեմ եղել, չեմ լսել՝ ով ինչ ելույթ է ունեցել»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ իբրեւ կինոմիության անդամ, գո՞հ է այդ կառույցի գործունեությունից, աշխատանքից: «Կարծում եմ, որ միշտ կարելի է փոխել ինչ-որ բան, բայց փոխել՝ ինչի՞ հետ, ամենակարեւոր հարցը դա է: Փոխել ինչը՝ ինչո՞վ: Կուզենայի, որ միությունն ավելի ակտիվ եւ ավելի անկախ լիներ ու պաշտպաներ անդամներին՝ որպես պրոֆմիություն: Այդ առումով այնքան էլ գոհ չեմ՝ լիքը աշխատելու տեղ կա: Կուզենայի, որ ռեժիսորների ֆիլմերը, որ հաճախ դուրս չեն գալիս տարբեր պատճառներով՝ քաղաքական կամ այլ, պաշտպանված լինեին միության կողմից: Միության խնդիրն է պաշտպանել հեղինակի իրավունքները, ազատ խոսքի եւ ազատ արտահայտվելու իրավունքը: Ցավոք, այդ բանը չկա մեզ մոտ: Միության առաջնահերթ ինդիրը դա է, ինքը նախեւառաջ պրոֆմիություն է, հետո են գալիս մնացած հարցերը: Շաքար եւ կոնսերվա բաժանելը, իհարկե, շատ լավ բան է, բայց նախ ռեժիսորի իրավունքները պետք է պաշտպանել»,- նշեց Էդգար Բաղդասարյանը:

Իսկ ի՞նչ օգուտ է տվել կինոմիությունը կոնկրետ իրեն՝ որպես ռեժիսոր, օրինակ, երբեւէ պրոպագանդե՞լ է իր ֆիլմերը: «Ինձ ոչ ոք ոչ մի անգամ չի պրոպագանդել, ոչ միությունը, ոչ էլ մյուսը: Բայց կա տեղ, որ կինոմիության տոմսն ինձ օգնում է: Որ գնում եմ «Մոսֆիլմ»՝ առանց անցաթղթի, միայն միության տոմսով կարողանում եմ ներս մտնել»,-ասաց ռեժիսորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031