Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Մարտ 28,2013 15:31

Սարմեն Ղահրամանյան

Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

Դյուամել

 

 

Իսկ «աղջին» ինձ չի էլ նայում, ու՝ հե՛չ, հե՜չ էլ պետքը չի՝ երեխեքն էլ հազիվ քնել են, եւ իմ թաքուն զգացմունքների տառապանք տանջանքները ինքնակամ լրիվ անտեսել ու՝ դանդա՜ղ, դանդա՜ղ, դանդա՜ղ խորամանկ ժպիտներո՜վ պտույտներ էր գործում օձապար տալով հայելու դեմը ինքն իրեն հավանելով, անհասկանալի պտույտներ էր գործում օձապար տալով հայելու դեմը դանդաղ խորամանկ ժպիտներո՜վ… Ու մի՝ օրորվում է՜, ինքնամոռաց՝ մի շորորվում է՜, ասես, ամառվա շոգին քրտինքի մեջ կորած խոտհնձելուց՝ դեմդ ծալված պոչի վրա կանգնած շողշողուն յերմար օխծը ինի, ու հեսա՝ շվվացնելու է, շվվացնելու է վրադ: Ու մի պահ մտածեցի, թե, բա երեւի կինոմեխանիկ Սուրիկն է խաղաղ օրերի նման նոր հնդկական կինո  բերել ցուցադրել կլուբում, ու էդ հնդկական կինոյի ազդեցության տակ է, ու էդ հնդկական կինոյի ազդեցության տակ էդ հնդկական կինոյի պարեր պարապած հնդկական քածերի պարերն է ուզում նմանակել վատ ձեւով դեմս կանգնած ափերն ու ոտքերն իրար տալով զարկելով, բայց նաեւ մտածեցի, որ՝ չէ՛՝ անցած օրը Աղդամից արձակված ականը շվվոցով եկել ու շրմփոցով՝ կլուբի կռիշի հետ, կլուբի պատերն էլ է սրբել տարել, ու էդ բաց բացահար տեղերը կինոմեխանիկ Սուրիկը ոչ մի սավան էլ չի կապել փակել էկրանի համար, ու կինոապարատի դիմացն ու դեմը բաց բացահար է, բաց բացահար է կինոապարատի դեմը, ու, թե բուդկայից կինոապարատը միացրեց՝ դու կինոյի պատկերները տեսնելու հավաքելու համար՝ ամեն ինչդ թողած՝ մինչեւ թումբերն ու ձորերը պիտի վազես վազվզես պատկերները մտովի հավաքելու ի մի բերելու ամբողջացնելու համար: Բայց նաեւ մտածեցի, որ՝ չէ՛, հիմա կռիվ է, պատերազմ է, կինոմեխանիկ Սուրիկն էլ հրացանը ձեռքին՝ մեզ հետ խրամատում նստած է, ու հիմա խաղաղ օրերը չեն, որ ամբողջ գյուղով շնչակտուր վազենք ու շնչակտուր «Բոբին» նայենք մի մարդու նման, ու վերջում էլ կինոյի մեր ապրումներից քթներս վեր քաշելով՝ ազնվացած խուլ թաքուն արտասուքներս կուլ տալով քթներս սրբելով կլուբից դուրս գանք մի մարդու նման… Ու Էդգարը հանպատրաստի կենտրոնում հայտնվածի նման հանպատրաստի ստեղծագործում էր տղաների համար տղաների գյուղավարի փռթկոցների ու հռհռոց քռքռոցների տակ, եւ աչքի տակով նայում տեսնում էր տղաների լավ տրամադրությունը, ու՝ լավ, հանունի գործ անողի նման շարունակեց «բռնած գործն», ու ասաց, ասաց՝ ու կարեւոր գործս թողած՝ մտովի շշկռվել շփոթվել էի ինքս ինձ տեղաշորում պատրաստ պահած տկլոր պառկած: Մտովի ինքս ինձ տալիս բռնում էի կռվից պատերազմից զերծ էն խաղաղ տարիների շփոթմունքով՝ գլուխս գժվում էր արդեն: Ու մեկ էլ, թե բա՝ վրադ չի ազդո՞ւմ կարմիր նոր տակաշորերս ու կարմիր նոր հալավս… վա՜յ քու… հա՛։ Ու դանդա՜ղ խորամա՜նկ պտույտ ժպիտների հետ, թե բա՝ ազդո՞ւմ է վրադ՝ եղբորդ կինն է սովորեցրել, ասում է՝ տղամարդիկ գրգռվում նոր ջիղով են լցվում ոգեւորվում, երբ կանայք թարմացնում թարմություն են մտցնում կյանքի մեջ նոր կանաչ կարմիր դեղին տակաշորերով խորամանկ  պտույտներով։ Վա՜յ քու ինչն եմ ասել, հա՛: Հավեսս նե՜նց փախավ, նե՜նց փախավ հավեսս, տղե՛րք, ուրեմն իմ  եղբայրն էդ օ՞րն է ընկել «գեղագիտորեն»։ «Գեղագիտորեն» էդ օրն է ընկե՞լ իմ եղբայրը: Էդ քաղաքի կանայք նե՜նց փիս փիս բաներ գիտեն, տղե՛րք, ու նե՜նց փիս փիս բաներ են սովորեցնում իրենց տղամարդկանց՝ ի՛մ արեւ, ու էդ քաղաքի տղամարդիկ՝ ի՜նչ մեղք են, ի՛մ արեւ,  ամբողջ օրը գազի փոշու մեջ… կարմիր տակաշորերով են ոգեւորվում Հրանտիկանց ցուլի նման: Բա մեր մաքուր բնությանն ի՜նչ եմ ասել՝ ատկազ  չկա՛, ի՛մ արեւ, ատկազ չկա՛… թե ուզում եք՝ հենց հիմա էլ ինքնաձիգը տամ… ու պինդ բռնած… թող գնա թուրքի դեմը պահի մի ժամով երկու ժամով… Հետո, Էդգարը մտքերի մեջ ընկավ, թառանչ քաշեց,  եւ թառանչ քաշելով ասաց, ասաց՝ շան քածն էլ բերել լցրել է, բերել լցրել է շան քածը. գոնե չորսը լիներ՝ երկուսին ես կշալակեի,  երկուսին՝ ինքը, ու հայդա՛՝ կփախչեինք, չէ, հինգերորդը վեցերորդն էլ ունեցավ։ Ամեն  անգամ ասում եմ՝ գնա շրջկենտրոն՝ ռադ արա, գնա՝ ռադ արա, ասում է՝ բա հետո՞, բա հետո՞՝ ամոթ չի՞՝ բժիշկը  տղամարդ է, գնամ ոտքերս շքռե՜՞մ ուրիշ տղամարդու առաջ. ա՜, ինչո՞ւ է  ուրիշ, մի օր էլ իրա կինը ոտքերը կշքռի իմ առաջ՝ մեծ աշխարհ չի՞։ Մեծ աշխարհ չի՞, բա հիմա չասե՞ս՝ դե հիմա բժշկիդ ասա՝ թող իրա ալարկոտության անգործության համար տակը մնացած ավելացած էդ երկու երեխային էլ ինքը գրկի ու մեր հետեվից վազ տա փախչի փրկվի քոլերի վրայով՝ թե կարա: Ու հետո Էդգարը արտիստիկ խոժոռվեց ու տանջահար դեմք ընդունեց, ասես, ասում էր՝ «աչքովս տեսածն եմ ձեզ ասում», եւ տղաների քռքռոցների տակ ձեռքերը տարավ ու գլուխը գրկեց եւ՝ օրորվում էր, օրորվում էր, ու ամբողջ կերպարանքով, ասես, ափսոսանք էր բողոքում, մի մե՜ծ բանի անդառնալիորեն կորստյան մասին էր պատմում ասում, եւ տղաների քռքռոցների տակ գլուխը բռնած օրորվելով, թախծոտ լավ երգի լավ տողերը աղավաղելով ու մեղեդին ու տողերն ու բառերը հանպատրաստի «ձեռի հետ» հնարելով, սկսեց խանձված խռպոտ ձայնով մի երգ ծորալ.

Օրերը կանցնե՜ն՝ սիրելիս:

Տարիները կանցնե՜ն՝ սիրելիս:

Պատկերս՝ կխամրի՜ կանցնի՝ սիրելիս:

Եւ ուրի՜շն…  ինձ կփոխարինի՝ սիրելիս…

Եւ Լյովան վազքով վազելով եկավ ու «ինքն իրեն մոռացած» «երգի մեջ կորած» Էդգարի գլխավերեւը խոժոռված կանգնեց ու խոժոռված նայում էր, նայում էր միառժամանակ խոժոռված, ու հետո, թթված դեմքով, չընդունող արհամարհական տոնով ասաց՝ ա՛, չես ամաչո՞ւմ, մեծ մարդ ես, մեծ գլուխդ գրկել ղախպա կնոջ լաց ես դրել էս քյորփեքի մեջ: Ու Էդգարը գլուխը գրկած օրորվելով Լյովային չնայելով ասաց՝ հա՛, Լյովա, հա՛՝ իմ արեւ, հա՜՝ ես գիտեմ իմ գլխին գալիքը. էդպես է լինելու: Ու՝ օրորվելով, գլուխը բռնած Լյովային չնայելով արտիստիկ ասաց, Լյովային ասաց՝ մի քիչ էն յան կանգնի դեմս մի փակի ու թող՝ «երեխեքն ու քյորփեքը» տեսնեն, թող տեսնեն, թե ոնց է լինելու Էդգարի վերջն ու ոդիսականը, ու ծոր տալով շարունակեց հնարովի կիսատ մնացած մելամաղձոտ երգի տողերը տղաների քռքռոցների տակ.

Խաղաղություն կընկնի՜ երկրիս վրա՝ սիրելիս:

Եւ օրերը տարիները կանցնե՜ն կգնան՝ սիրելիս:

Ու պատկերս կխամրի՜ կանցնի՝ սիրելիս:

Եւ որտեղից որտեղ կռվից փախա՜ծ մի ցռան մոզի՜՝ սիրելիս:

Լկստվա՜ծ ու լպստվա՜ծ…  քյաքյուլը ժելեով սղալա՜ծ…

Քո թույլտվությա՜մբ՝ տեղաշորդ կմտնի՜՝սիրելիս:

Ու դագաղում ոսկորնե՜րս՝ շուռ կգա՜ն՝ սիրելիս…

 

Շարունակելի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031