Լրահոս
Օրվա լրահոսը

Մանեւրելու ժամանակ` մինչև ապրիլի 9-ը, կամ ամեն ինչ արվում է , որ Ր. Հովհաննիսյանը «չփչացնի» այդ օրը

Մարտ 28,2013 15:29

Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը օրեցօր ավելի է երկարաձգվում: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց  «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` մեկ օր առաջ ՀՀ նախագահին հասցեագրված նամակին, ինչին հաջորդեց Ր. Հովհաննիսյանի արձագանքը:

Ի՞նչ շարունակություն և հանգուցալուծում կունենա քաղաքական այս նամակագրությունը և արդյոք այն տեղավորվո՞ւմ է առողջ և տրամաբանված քաղաքականության շրջանակներում: Aravot.am-ը այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ քաղաքագետների հետ զրույցում:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց, որ նամակագրության միջոցով կողմերն առավելագույնը կարող են հասնել նրան, որ լեգիտիմ ձևով հնարավորություն տան Ր. Հովհաննիսյանին դուրս գալ այս հացադուլից`առանց որևէ զգալի քաղաքական կորստի:

Քաղաքագետը մանրամասնեց. «Չեմ պատկերացնում այս պահին, այսօրվա իրավիճակով իշխանությունների համար նպատակահարմար կլինի գնալ լուրջ քաղաքական զիջումների: Ր. Հովհաննիսյանն էլ բացի այն պահանջներից, որ առաջարկում է, նորերը չի ներկայացնի: Միգուցե Ս. Սարգսյանը կհամաձայնի հանդիպել Ր. Հովհաննիսյանի հետ նախագահական նստավայրում, բայց նա հրապարակ չի գնա: Այս պահին քաղաքական իրավիճակն ավելի քան անվտանգ է իշխանության համար: Կարելի է ասել, որ Ր. Հովհաննիսյանին այս նամակագրությամբ ի վերջո փոխեց քաղաքական իրավիճակը և ճանաչեց այն իրականությունը, որ գոյություն ունի: Իշխանությունները փորձում են ավելի իջեցնել քաղաքական պայքարի աստիճանը, և այս պահին միակ նպատակը կարող է լինել իշխանության համար պարզապես հնարավորություն տալ, որ Րաֆֆին դուրս գա իրավիճակից ու ավելորդ լարվածություն չլինի, և ոչինչ չփչացնի ինագուրացիայի օրը: Իշխանությունը որևէ այլ զիջումների անհրաժեշտություն չունի»:

Քաղաքագետ Արմեն Մինասյանն էլ Ր. Հովհաննիսյանի պահանջներում պետաիրավական շրջանակներից դուրս գործելու որոշակի միտում է տեսնում: Այս առիթով նա մանրամասնեց. «Ասվածս վերաբերում է հիմնականում նրա պահանջներին: Այստեղ օրենքի և սահմանադրության պահանջներին անհամապատասխանելիության խնդիր կա`սկսած արտահերթ ընտրությունների պահանջից` վերջացրած պաշտոններով: Ակնհայտ է` սահմանադրական դատարանի որոշումից հետո վերահաշվարկի իրավական ճանապարհներն արդեն փակվել են և խոսելն այդ մասին առնվազն ոչ մի արդյունքի չի բերելու: Բոլոր դեպքերում քննարկում գնում է, և շատ ավելի լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում իրավիճակի հաղթահարման մեխանիզմներ կգտնվեն, և ենթադրում եմ, որ ավագանու ընտրությունները ինչ-որ ձևով կնպաստեն արագացնելու գործընթացը: Հետագա հնարավորությունները հասկանալու համար կարևոր է, թե ապրիլի 9-ին ինչ կլինի: Ր. Հովհաննիսյանը մինչև այդ օրն է մանևրելու ժամանակ տվել: Իշխանության անելիքները հասկանալի են: Կլինի այլընտրանքային երդմնակալություն, թե ոչ՝ դեռ հարց է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031