Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պատահական»-ը որպես փոխադրամիջոց

Մարտ 28,2013 16:32

Տավուշի մարզի Բերդ քաղաքին հարակից 14 գյուղերից  Իծաքարը, Նավուրը և Չինչինը Բերդի հետ կապող տրանսպորտային միջոց չունեն:

Խնդիրն առաջանում է գյուղերից Բերդ եկող և՛ աշխատողների և՛ ուսանողերի համար:

Նավուրում, Իծաքարում և Չինչինում ապրող շատ ընտանիքների երեխաներ հնարավորություն չեն ունենում դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու: Դա հիմնականում տրանսպորտային մեծ խնդրի հետ է կապված: Բերդում են գտնվում Բերդի պետական քոլեջը, Բերդի արհեստագործական ուսումնարանը, վարժարանը և Տավուշի ավտոդպրոցը:

Մարդիկ Բերդում աշխատանքի գնալու համար տնից դուրս են գալիս մոտ 2 ժամ առաջ մինչ աշխատանքային ժամը, որպեսզի ոտքով կարողանան հասնել Բերդ: Եթե ճանապարհին անցնող մեքենաներից գոնե մեկը կանգնի, նշանակում է այդ օրը «բախտը բերեց»` չի ուշանա:

Առավոտյան թարմ, ուրախ աշխատանքային օր սկսելու փոխարեն, նրանք հոգնած հասնում են աշխատանքի` մտածելով օրվա ավարտին կրկին ոտքով տուն հասնելու մասին:

«Ես արդեն 23 տարի է ապրում եմ Նավուրում, աշխատում ` Բերդում: Ինձ համար դժվար է ամեն օր մի քանի ժամ շուտ դուրս գալ տնից` աշխատանքից չուշանալու համար: Իսկ արդեն մոդայիկ դարձած տաքսիներով երթևեկելու հնարավորություն չունեմ: Բոլորս (Նավուր գյուղի բնակիչները) միշտ պայքարել ենք տրանսպորտային խնդիրը լուծելու համար: Բերդից Նավուր 10 կմ է, տաքսու վարորդները 1000 դրամ են վերցնում տանելու համար: Ես ինչպե՞ս ամեն օր 2000 դրամ վճարեմ աշխատանքի գնալ գալու համար: Ստիպված ոտքով եմ գնում, կամ սպասում եմ պատահական մեքենաների վարորդների բարեգթությանը: Գյուղացիներից ոմանք մեքենաներ ունեն, նրանց համար մի քիչ հեշտ է: Շատ անգամներ ենք դիմել գյուղապետարանին այդ հարցով, սակայն մինչ այսօր խնդիրը կա ու այն լուծելու համար ոչինչ չի արվում»- ասում է Նավուր գյուղի բնակիչ Ե.-ն (չցանկացավ ներկայանալ):

Ուսանողների շրջանում այս հարցը ավելի կարևոր է: Տասնավարտ երեխաներն առավոտյան ժամը 7-ին չեն կարող տնից դուրս գալ ու ոտքով ճանապարհ ընկնել, կամ ճամփեզրին կանգնել ու սպասել որևէ մեքենայի: Մեքենան իհարկե կանցնի Չինչինի, Իծաքարի կամ Նավուրի տարածքով, բայց հարց է «կկանգնի՞ արդյոք ուսանողին դասի տանելու համար»:

«Ես 2 տարի սովորել եմ Բերդի պետական քոլեջում: Մենք մեքենա ունենք, սակայն իմ ուսանողության տարիներին հայրս Հայաստանում չէր: Առավոտներն ընկերներիս հետ ոտքով իջնում էինք, եթե ճանապարհին ծանոթ վարորդներ էին պատահում, կանգնում էին, տանում էին Բերդ: Բերդից ուսանողական ավտոբուս էր աշխատում, դրանով հասնում էինք քոլեջ, որը Բերդից դուրս է գտնվում: Բերդում բարեկամներ ունեմ: Շատ անգամներ ուշ լինելու պատճառով նրանց տանն էի գիշերում: Ձմռանը կրկնակի դժվարանում էր ճանապարհների հարցը: Առավոտյան եթե ավտոբուսի ժամից ուշ էի հասնում Բերդ, ստիպված ոտքով էի գնում քոլեջ: Այն Բերդից մոտ 3-4 կմ հեռավորության վրա է գտնվում»,- ասում է նախկին ուսանող Հ.-ն, ով նույնպես չցանկացավ ներկայանալ:

Գյուղացիները չեն կարծում, որ տրանսպորտային խնդիրն անլուծելի հարց է, բայց թե դրա տակ թաքնված իրական պատճառն ինչն է, նրանք չգիտեն:

Ճանապարհը Բերդից Նավուր 10 կմ է, Իծաքար` 13 կմ, Չինչին` 16 կմ: Անցյալ տարի այդ ուղղության ճանապարհն ասֆալտապատել են, հիմա այն լավ վիճակում է և տրանսպորտային խնդրի լուծման համար նպաստավոր:

Հ.Գ. Հարգելի՛ գյուղապետեր, մի՛ կրճատեք գյուղացու առանց այդ էլ սահմանափակ հնարավորությունները: Պայմաններ ստեղծեք նրանց համար, որպեսզի սովորեն, աճեն, զարգանան: Մի՛ դրդեք նրանց ամենաչնչին հնարավորության դեպքում դուրս գալու հարազատ գյուղից: Այլապես մի օր ստիպված կլինեք ղեկավարել դատարկ գյուղը: Տրանսպորտ չունենալու պատճառով թույլ մի՛ տվեք նրանց սպանելու իրենց մեջ ինքնադրսևորման հնարավորությունը:

 

Աշխեն Բադալյան՝ (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031