Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ախր մեր ղեկավարները չգիտեն, որ մարդն է կարեւոր». հոգեբան

Մարտ 28,2013 15:19

«Առանձնասենյակում նստելն եւ շատ սիրուն որոշումներ ընդունելը կարող է ի վերջո իրատեսական չլինել եւ բացասական հետեւանքներ ունենալ»,-ասում է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը՝ նշելով, որ պետական կառավարման մարմինները վերջին տարիներին սկսել են հետաքրքրվել կառավարման հոգեբանությամբ:

Նրա խոսքով՝ հոգեբանական հարցերը մեր այժմյան կառավարման համակարգում նույնպես արդիական են, քանի որ վերաբերում են որոշումների կայացման եւ իրագործման խնդիրներին, կադրային քաղաքականությանը, ինչպես նաեւ աշխատակիցների միջեւ փոխհարաբերություններին:

«Այսօրվա ցանկացած կառավարիչ՝ անկախ նրանից՝ ինչպիսի պաշտոն է զբաղեցնում , պետք է իմանա՝ իր բոլոր գործառույթները անդրադառնո՞ւմ են ողջ հասարակության վրա»,- նշում է պրոֆեսորը՝ ընգծելով, որ կառավարման հոգեբանության մեջ շատ կարեւոր է նաեւ հետադարձ կապը, այսինքն՝ եթե կառավարող մարմինը ինչ-որ որոշում է կայացնում, պետք է նաեւ ուշադրությամբ հետեւի հասարակության արձագանքին:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Աղուզումցյանի համոզմամբ՝ զարգացած երկրներում առաջնային են համարվում մարդը եւ մարդկային ռեսուրսները, եւ կառավարման հոգեբանության մեջ նույնպես կարեւոր գործոն է հանդիսնում նախեւառաջ մարդը:

«Անկախ տեխնիկայի զարգացվածության աստիճանից, անկախ նրանից՝ ինչքան հարուստ է պետությունը, ամեն ինչ որոշվում է մարդու կողմից: Եթե պետությունն ուղղված է լինում դեպի մարդը, ապա՝ այդ դեպքում լինում է դրական տեղաշարժ»,- նշում է ՀՀ հոգեբանների ասոցիացիայի նախագահը:

Aravot.am-ը հոգեբաններից հետաքրքրվեց, թե մեր կառավարության կողմից կայացված որոշումները որքանո՞վ են համապատասխանում հոգեբանների կողմից նշված կառավարման հոգեբանության չափանիշներին:

Հոգեբանական գիտությունների դոկտոր Հրանտ Ավանեսյանը պատասխանեց.

«Նախ մեր կառավարության կողմից չի իրականացվում հարցի նախնական հետազոտություն , եւ հետո հասարակությանը հոգեբանական մեթոդների միջոցով պետք է պատրաստել տվյալ որոշումը ընդունելու եւ պատշաճ ձեւով ընկալելու համար»: Որպես իր ասածների ապացույց՝ հոգեբանը նշում է տաքսիներին վերաբերվող կառավարության կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունը, որը տաքսիստների շրջանում մեծ բողոք էր բարձրացրել:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը կարծում է, որ ամեն մի համակարգ իր յուրահատկությունն ունի:

«Սովետական համակարգի դրական կողմերը կարելի է վերցնել, օգտագործել: Կան բաներ, որոնք անհնար է այսօր օգտագործել: Իսկ մարդիկ դեռ հին ձեւով են մտածում: Շատ հաճախ ղեկավարներից ոչ թե պահանջվում է ուղղվածությունը դեպի մարդը, այլ՝ ամեն գնով արդյունքի հասնելը: Ախր մեր ղեկավարները չգիտեն, որ մարդն է կարեւոր»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031