Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Copy-paste-ի մեխանիզմով դժվար է գիտական ծրագիր անցկացնել»

Մարտ 28,2013 14:51

Այսօր ԱԺ 334 սրահում անցկացվեցին խորհրդարանական լսումներ` «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագիծը մշակվել է նախարարության կողմից եւ ներկայացվել կառավարությանը. «Արժանանալով հավանության` նախագիծը ներկայացվել է ԱԺ: Որպես նախագծի հեղինակներ` պատրաստ ենք ստանալ առաջարկություններ: Օրենքի անհրաժեշտությունը հասունացել է, եւ մենք հույս ունենք, որ ստանալով հիմնական առաջարկությունները` կկարողանանք հանձնաժողովի հետ վերամշակել նախագիծը, ապահովել ԱԺ-ում երեք ընթերցումների սահուն ընթացքը եւ հիմք դնել ՀՀ-ում գիտության ֆինանսավորման նոր մեխանիզմների: Երիտասարդ գիտնականների եւ ակադեմիական գիտական շրջանակների կողմից քանիցս բարձրացվել է օբյեկտիվ գիտական փորձաքննության անհրաժեշտության հարցը` որպես որակի ապահովման եւ արդյունավետ ֆինանսավորման կարեւորագույն մեխանիզմ»:

Նախարարի փոխանցմամբ. «Նախագիծը ենթադրում է, որ համապատասխան ընթացակարգերով գիտական ծրագրերը պետք է փորձաքննության ենթարկվեն, իսկ փորձաքննության ինստիտուտը պետք է լինի անկախ` ներքին եւ արտաքին փորձագետների ներառմամբ: Ինչպես նաեւ, պետք է ներդրվեն փորձագետների որակը հավաստող մեխանիզմներ, իսկ փորձաքննության արդյունքները կարեւոր հիմք են հանդիսանալու գիտական գործունեության ֆինանսավորման համար: Բացի ֆինանսական «ներարկումներից», անհրաժեշտ է ներդնել նաեւ մեխանիզմներ` ֆինանսների առավել արդյունավետ օգտագործման համար»:

Պարոն Աշոտյանը փաստեց, որ վերջին տարիներին գրանցվել են դրական տեղաշարժեր. «Առավել արդյունավետ են դարձել գիտական ծրագրերի համակարգման գործընթացները, նվազել է կրկնվող ծրագրերի թիվը, իսկ copy-paste-ի մեխանիզմով դժվար է ծրագիր անցկացնել»:

ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանն իր զեկույցում ներկայացնելով նախագիծի անհրաժեշտությունը, նշեց, որ այն սահմանում է գիտական փորձաքննության հիմնական խնդիրները, սկզբունքները եւ ձեւերը, փորձաքննության մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ հստակեցնում է փորձագետի պատասխանատվության խնդիրը, որը, պարոն Հարությունյանի խոսքով, նախկինում չէր համակարգվում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ քննարկման արդյունքում ձեւավորված անհրաժեշտ առաջարկությունները կհամալրեն օրենսդրական նախագիծը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031