Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդ փչացնելու հայկական ախտը

Մարտ 28,2013 14:29

Մեր իրականության մեջ արմատավորված, ցավոք, ոչ քիչ ախտերից իր զազրելիությամբ առանձնանում է մեկը, որի զոհը կարող է դառնալ հանրության ամեն մի քիչ թե շատ աչքի ընկնող անհատ: Այդ ախտը, որ տոտալիտար պայմաններում վերածվել է հատուկ մարտավարության, զրպարտություն կոչվող չարիքն է, որի կիրառումը հնուց ի վեր գործում է մեծ արդյունավետությամբ: Այն հատկապես առատորեն ծաղկեց եւ զարգացավ կեղծիքի վրա հիմնված խորհրդային կայսրությունում, որի ավանդներն այսօր հաջողապես շարունակվում են անցյալի այդ մի դասը լավագույնս յուրացրած որոշակի խավերի կողմից: Մինչեւ անգամ մեր օրերում ստեղծվեց նոր ժարգոնային արտահայտություն՝ մարդ փչացնել, այսինքն՝ մեկին դիտմամբ ստահոդ լուրերով հեղինակազրկել:

Մեր հանրության մեջ առկա բազմաթիվ օրինակներից կցանկանայի առանձնացնել զրպարտության երկու ցցուն օրինակ, որին վերջերս, դժբախտաբար, հաճախ եմ առնչվում…

Լեգենդ գրանտակերության

մասին

Անցյալ տարվա հունվարին տասնյակ համախոհների՝ բնապահպանների եւ պարզապես քաղաքացիների հետ ես նույնպես մասնակցեցի դեպի Թեղուտի անտառ կատարված մեծագույն էկո-արշավին, որի նպատակն էր բարձրաձայնել հանրության անհանգստությունը Հայաստանի բնության այդ հարուստ հատվածի անխնա ոչնչացման եւ շրջակա միջավայրի աղտոտման վտանգներով հղի հանքարդյունաբերություն սկսելու դեմ:

Թեղուտցին, դառը դատող, դատարակ նստող մեր գյուղացին, անշուշտ, դեմ է իր բնության անխիղճ բռնաբարմանը, ուստիեւ նա չի աշխատում հանքում, նա եկավ-միացավ արշավի մասնակիցներին: Մինչդեռ հանքում աշխատանքի անցածները (ոչ տեղացիներ, շրջակա բնակավայրերի բնակիչներ) մեզ դիմավորեցին պաստառներով՝ «Հեռու Թեղուտից, գրանտակերներ» եւ նման անհեթեթ մակագրություններով:

Այնպիսի նյութապաշտ եւ պրագմատիստ հանրության մեջ, որպիսին մերն է, ինչ խոսք, շատերն ի վիճակի չեն հասկանալ, որ, այնուամենայնիվ, կան մարդկանց որոշակի խմբեր, ովքեր առանց ֆինանսական շահագրգռվածության կարող են զբաղվել ինչ-որ գործունեությամբ, այնքան մտահոգվեն իրենց բնությանն ու հայրենակիցների առողջությանը սպառնացող վտանգներով, որ իրենց հաշվին Երեւանից վեր կենան, գան հասնեն Թեղուտ եւ բողոքի ձայն բարձրացնեն:

Մեկ ամիս անց, երբ միացել էի Մաշտոցի այգում ծավալվող բնապահպանական, սակայն, ըստ էության, հակաօրինականության դեմ ծավալված պայքարին, ինձ ոմանք «բարեկամաբար» հարցնում էին՝ ի՞նչ գործ ունես էդ գրանտակերների հետ…

Վերջ, պիտակը փակցված է: Ինչ խոսք, Հայաստանում կարող են լինել բնապահպանության անվան տակ գործող եւ այստեղից-այնտեղից դրամաշնորհներ պոկող կազմակերպություններ, սակայն նրանք Մաշտոցի զբոսայգու պայքարողների պես հաստատ օր ու գիշեր չէին մնա ձյան ու անձրեւի տակ՝ վտանգելով իրենց առողջությունը ողջ կյանքի համար, անտեսվելով, ծաղրվելով, ծեծ ուտելով…

Գրանտակերները հաստատ այդպիսին չեն լինում:

Զրպարտանքի եւ մարդ փչացնելու հիանալի աղբյուր դարձավ Դիմագիրքը (նույն ինքը՝ Facebook): Ամենատարբեր մարդիկ, միջին ու փոքր պաշտոնյաներից մինչեւ բամբասանքների պարզ սիրահարները, որոնց անհանգստացնում է հանուն օրինականության եւ սեփական իրավունքների համար պայքարը, ժամանակ առ ժամանակ, առանց որեւէ փաստի, վիրտուալ տարածության մեջ «կրակում են» իրենց բանսարկությունները՝ վստահ լինելով, որ դրանք անպայման ազդելու են:

Եվ նրանք չեն սխալվում: Մարդ արարածը (այն էլ մեզ նման փակ եւ քարացած հասարակության մեջ) ծարավի է բամբասանքի, ուրիշի սպիտակեղենը հոտոտելու, դիմացինին ոչնչացնելու գնով ինքնահաստատվելու: Մաշտոցի զբոսայգու հարցի լուծումից հետո ինչ-որ մեկի նախաձեռնությամբ վիրտուալ աշխարհը հեղեղվեց հիստերիկ չարախնդությամբ այն մասին, թե իբր բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը պայքարի արդյունքում բնակարան է գնել Թումանյան փողոցում…

Բնութենապաշտ Մարիամին անձամբ ճանաչողները գիտեն, որ նա անգամ հրաժարվել է բնակվել Երեւանում՝ մեր անապատացող, աղտոտված, աղճատված քաղաքում: Պարզապես Մարիամ Սուխուդյանը եւ իր նման համարձակ աղջիկները նման ստահոդ լուրեր տարածող տղամարդկանց աչքի փուշն են, որոնց արեւելյան բարդույթները սրվում են՝ ի տես իրենց քաղաքացի զգացող, ոչ անտարբեր, մանկապիղծ բացահայտող եւ բնության ամեն մի կանաչ անկյան համար հետեւողականորեն պայքարող մի բարալիկ աղջկա: Ուրիշ ինչպե՞ս կարող են պայքարել նման սկզբունքայնության եւ նվիրումի դեմ… Ճիշտ է, ստահոդ լուր տարածող երիտասարդը հետո ներողություն խնդրեց Մարիամից, ընդունեց իր սխալը, սակայն սեւ գործն արդեն կատարվել էր. «Վարդուշպրես» գործակալությունը մինչ օրս հաճույքով շրջանառում է բնապահպան երիտասարդների գրանտակերության եւ քաղաքի կենտրոնում բնակարաններ գնելու մասին լեգենդները…

Լեգենդ

17 կտորի մասին

Մաշտոցի զբոսայգու պայքարին մասնակցության շնորհիվ իրազեկ դարձա եւ ներգրավվեցի նաեւ քաղաքացիական մեկ այլ՝ ցմահ դատապարտյալների հարցերը բարձրաձայնող նախաձեռնության մեջ: Բնության ավերումներից եւ ապօրինի կառուցապատումներից ոչ պակաս կարեւոր հարց է բանտաճաղերից անդին հայտնված դատական սխալների զոհ հայրենակիցներիդ խեղված ճակատագրերը, որոնք տակավին հնարավոր է շտկել (ինչը կատարվել եւ կատարվում է ամբողջ աշխարհում, միայն ոչ՝ անսխալական Հայաստանում): Իսկ այն, որ մեր բանտերում կան անմեղ մեղավորներ, ո՛չ իմ, ո՛չ նախաձեռնության մյուս անդամների երեւակայության արդյունքը չէ, այլեւ հեղինակավոր փաստաբանների վկայակոչումները, որոնք մատնանշում են կոնկրետ դեպքեր: Իրավաբանական մտքի հանճարներ չպետք է լինել՝ մի փոքր ծանոթանալով դրանց եւ հասկանալու համար դրանցից մի քանիսի սարքովի եւ չափազանցված լինելը:

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ես քեզ հետ եմ խոսում, մարդ» գրքի ընթերցումն ինձ համար բացահայտեց դատական սխալի զոհ մի հայրենակցի, որի ճակատագրի հանդեպ չեմ կարող անտարբեր լինել: Ներկա գտնվեցի այս մեկ տարվա ընթացքում նրա վերաբերյալ բոլոր դատավարություններին, կարդացի հսկայական քանակության նյութ, ծանոթացա նրա փաստաբանների համոզիչ փաստարկներին, որոնք կրկին ու կրկին ապացուցում են, որ տղայի գլխին պարզապես սարքել են: Հիշեցնելու կարգով ասեմ, որ քսանամյա Ենոքյանը 1996-ին մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ: Իրական մարդասպանը երեք անգամ ընդունել է իր հանցանքը, սակայն չորրորդ անգամ այն բարդել է Ենոքյանի վրա: Այդ ցուցմունքն էլ դրվել է դատավճռի հիմքում եւ Մհերը դատապարտվել է մահապատժի (հետագայում փոխարինվել ցմահ բանտարկությամբ), իսկ իսկական մարդասպանը 15 տարի պատիժը կրելուց հետո ազատվել է:

Եվ ահա դարձյալ մարդիկ (հատկապես զանազան տիկնայք փափկասունք), իմանալով իմ ներգրավվածության մասին նաեւ այս քաղաքացիական նախաձեռնության մեջ, բարեկամական խորհուրդ են տալիս «գործ չունենալ» եւ հիշում են տարիներ առաջ հեռուստաալիքներից մեկով հնչածը, թե իբր Մհեր Ենոքյանն իր զոհին սպանել է եւ 17 կտոր արել…

Դե արի բոլորին բացատրի, որ դա սոսկ հերյուրանք է եղել, որ ինքս անձամբ տեսել եմ Ենոքյանի գործը՝ լուսանկարներով հանդերձ, իսկ այնտեղ ոչ մի հիշատակություն չկա «17 կտորի» մասին, որ այդ լուրը հաղորդվել է միմիայն դարձյալ մարդ փչացնելու մտադրությամբ, քանի որ Ենոքյանը 17 տարի պայքարում է գործի վերանայման համար, գրում է հոդվածներ, գրքեր եւ աստիճանաբար համակիրներ ձեռք բերում, սակայն ոմանց անհրաժեշտ է հրեշի իմիջ ստեղծել նրանից, թե՝ տեսեք-տեսեք ինչպիսի դաժան մարդ ենք պահում ճաղերի հետեւում: Իրականում դատաիրավական համակարգը այդպիսով իր անգործությունն է սքողում: Այնինչ հասարակության վստահությունը շահելու համար հենց արդարադատության համակարգը պիտի անդրադառնա մարդկանց ճակատագրերին: Ինչո՞ւ ենք բացառում, որ բանտում կարող է հայտնվել նաեւ մեզանից մեկը՝ մեկ ցուցմունքի վրա, ինչպես Մհերը: Ու եթե 17 տարի շարունակ հասարակությունը խոսում է այս գործի մասին, նշանակում է դատարանը չի պատասխանել բոլոր հարցերին: Անձամբ ինձ համար բազմաթիվ հարցականներ կան: Իսկ ամենազարհուրելին այն է, որ մեկ ցուցմունքը երբ հանում ենք, ոչինչ չի մնում: Ուրեմն՝ ինչպե՞ս կարելի է մեկ ցուցմունքով մահապատժի դատավճիռ տալ…

Կարելի էր շատ ուրիշ օրինակներ էլ բերել՝ մեզանում մարդ փչացնելու, մի քանի կոպեկի կամ սեփական կարիերայի համար ստահոդ լուրեր տարածելու այս գարշելի ավանդույթի մասին, ինչը կրկին եւ կրկին ապացուցում է մեր հասարակության լուրջ հիվանդ լինելը: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում, իրականում հայ հասարակության հիվանդ եւ առողջ բջիջների օրհասական պայքար է, որի ելքից էլ կախված է մեր՝ որպես ժողովուրդ, լինել-չլինելու խնդիրը:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031