Կիրակի օրը` մարտի 31-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հարության օրը` Սուրբ Զատիկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը խոսեց Սուրբ Զատիկի տոնի, դրա անցկացման ծիսակարգի մասին: Հարության խորհուրդը, ըստ Տեր Կարապետ քահանա Կարապետյանի, այն ողնաշարն է, որի վրա կառուցված է ողջ քրիստոնեությունը: «Քրիստոս հարյավ ի մեռելոց», «ձեզ և մեզ մեծ ավետիս», սրանք այն խոսքերն են, որոնցով մարդիկ շնորհավորում են միմյանց Քրիստոսի հարության տոնին:
Անդրադառնալով Սուրբ Զատիկի օրը ձու ներկելուն, Տեր Կարապետ քահանա Կարապետյանը նշեց. «Զատիկի ձվի գույնը ունի հատուկ խորհուրդ. կարմիրը Հիսուսի արյան գույնն է, և ոչ ոք իրավունք չունի այդ օրը ուրիշ գույն օգտագործել»: Խոսելով հասարակությունում տարածված կիրակի օրը գերեզմաններ գնալու սովորության մասին, եկեղեցականը նշեց, որ դրա համար նախատեսված է տոնին հաջորդող երկուշաբթին` Մեռելոցը. «Մենք պարտավոր ենք ուրախանալ այդ կիրակի օրը, քանի որ այն տոնական է: Իսկ Սուրբ Զատիկի օրը գերեզման գնալը անարգանք է Հիսուս Քրիստոսի հանդեպ»:
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ