Մարիամ Շահինյանը՝ Բոհումիլ Կլեպլի հետ:
Ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» փառատոնի հիմնադիրը
«Ազգային պատկերասրահ», «Վերադարձի» փառատոների, «Հայաստանի պատանի տաղանդներ» նախագծի հիմնադիր Մարիամ Շահինյանը վերջերս է վերադարձել Եվրոպայից, որտեղ մեկնել էր Ավստրո-հայկական մշակութային միության նախագահ Ռազմիկ Թամրազյանի հրավերով: Տիկին Շահինյանը եղել է Վիեննայում եւ Պրահայում: Նպատակն էլ, ինչպես ինքն է ասում, յուրօրինակ մշակութային եզրեր գտնելն էր եւ «Հայ-չեխական մշակութային խաչմերուկներ» նախագծի կյանքի կոչելը: Ի թիվս այլ հանդիպումների, նա մասնակցել է նաեւ մարտի 5-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված հայ համայնքի ներկայացուցիչների մեծարմանը:
Տիկին Շահինյանը տպավորված է Չեխիայի հայկական համայնքով, որը համախմբված է Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի ու նրա տիկնոջ շուրջը. «Դեսպանատանը հրաշալի աուրա էր, ինչ վերաբերում է Չեխիայի հայությանը, այն տարբերվում է այլ համայնքների հայությունից, որովհետեւ մտավորական համայնք է՝ բաղկացած հիմնականում վերջին տարիներին Հայաստանից մեկնած հայերից: Նրանց թվում սիրված արվեստագետներ կան, գործարարներ: Հաճելի էր, որ դեսպանատանը կայացած ընդունելության ժամանակ կորիզը պարգեւատրվեց ՀՀ արտգործնախարարության եւ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով ու պատվոգրերով: Տեղեկացա, որ Արմեն Քոլոյանի շնորհիվ Պրահայում գործում է շաբաթօրյա հայկական դպրոց, արդեն հողատարածք է հատկացվել Հայ առաքելական եկեղեցուն, որը պաշտոնապես գրանցված է Չեխիայի մշակույթի նախարարության կողմից:
Կարդացեք նաև
Չեխիայի և Հունգարիայի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ հայր Բարսեղ վարդապետ Պիլավչյանի հետ խոսել ենք հոգեւոր երաժշտության եւ եկեղեցում համերգներ ունենալու թեմայով:
Ուրախ եմ, որ ի թիվս այլոց, հանդիպեցի Չեխիայի ազդեցիկ ու հայրենասեր հայազգի գործարարներից մեկին՝ Գեւորգ Ավետիսյանին, որը հայտնի է իբրեւ «Միկո Ինթերնեշընլ» ընկերության նախագահ, «Մառլենկա» հանրահայտ թխվածքի արտադրության սեփականատեր: Ի դեպ, Չեխիայում է գտնվում «Գեներալ» հանրահայտ հյուրանոցը, որը աշխարհում ճանաչվել է 7-րդը»: Տիկին Շահինյանը Չեխիայում ծանոթացել է նաեւ չեխ դերասան, ռեժիսոր Բոհումիլ Կլեպլի հետ, որի մայրը հայ է, եւ դրանից ելնելով նա իրեն հայ է համարում: Մեր զրուցակիցը մտադիր է առաջիկայում այդ արվեստագետին ներկայացնել Հայաստանում՝ ստեղծագործական երեկոյով. «Եթե մարդն իրեն հայ է համարում եւ ամենուր բարձրաձայնում է այդ մասին, ուրեմն արժի, որ նրան Հայաստանում եւս ճանաչեն»:
Ինչ վերաբերում է Վիեննա կատարած այցին, այստեղ Ավստրո-հայկական մշակութային միության նախագահի կազմակերպած հանդիպման ժամանակ, ցուցադրվել են տեսաֆիլմեր՝ «Ազգային պատկերասրահ», «Վերադարձի» փառատոների, «Հայաստանի պատանի տաղանդներ» նախագծի մասին: Առանձին ընդունելություն է եղել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի մոտ: Ու ինչպես Մարիամ Շահինյանն է ասում, գցվել է հայ-ավստրիական մշակութային կամուրջ, որը կունենա շարունակություն՝ գործի տեսքով: «Չեխական» նախագծերը եւս առայժմ բանակցությունների փուլում են, սակայն, Մարիամ Շահինյանի համոզմամբ, դրանք եւս կյանքի կկոչվեն: Նրա ասելով, մտադիր են իրենց փառատոների «ծավալներն» ընդլայնել, եւ բացի դասական երաժշտությունից, արվեստի այլ ճյուղեր էլ ներառել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ