Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գերնպատակն է՝ Կոմիտաս տարածել աշխարհում»

Մարտ 28,2013 14:19

Հայաստանը 2009թ. սկսած մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից մեզանում իրականացվող միամսյակին: Ընդ որում, միայն 2012թ. Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ: Ապրիլի 30-ին կավարտվի միամսյակը, որի շրջանակներում Երեւանում եւ մարզերում անցկացվեցին կրթական եւ մշակութային միջոցառումներ: Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի երաժշտական ընկերության եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ անցկացրեց ֆրանսիական երաժշտության երեկո: Կոնսերվատորիայի վոկալ եւ գործիքային բաժինների (դաշնամուր, ջութակ, թավջութակ) ուսանողները հանդես եկան Բիզեի, Սեն-Սանսի, Գունոյի, Մասնեի, Ռամոյի, Դելիբի եւ ֆրանսիացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով:

«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, կարեւորելով ֆրանսիական կոմպոզիտորական դպրոցի դերը համաշխարհային երաժշտարվեստի օլիմպիայում, ասաց. «Կոնսերվատորիայի տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների ծրագրերում մշտապես զգալի տեղ է հատկացվել ֆրանսիացի կոմպոզիտորների արվեստին: Մինչ այս համերգը մենք կազմակերպել էինք լսումներ, որի արդյունքում էր կատարվել ուսանող-երաժիշտների ընտրությունը, մանավանդ վոկալ բաժնում կայացած ուսանողների ընտրությանն էինք խիստ մոտեցել, քանի որ այս դեպքում կարեւոր է նաեւ ֆրանսերենի ճիշտ արտաբերումը: Ասեմ, որ այդ երգեցիկ լեզուն ի սկզբանե տեղ է գտել կոնսերվատորիայի ուսումնական ծրագրում»:

Հարցին՝ արդյոք հնարավոր չէ՞ ֆրանսիացիների օրինակով հայոց լեզուն էլ միջազգայնացնել, պարոն Ղազարյանը շրջանցելով՝ պատասխանեց. «Մեր գերնպատակն է աշխարհում Կոմիտաս տարածել, հայ հոգեւոր երաժշտություն եւ, անշուշտ, մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031