Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն ծառայությունը պատասխան չէր ուղարկել դատարանին

Մարտ 28,2013 14:14

Արտակ Մարդյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու մասով դատական բողոքն ավարտվեց: Նա բողոք էր ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, առ այն, որ անվավեր ճանաչեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) որոշումը եւ պարտավորեցնեն ՄՊԾ-ին կայացնել վարչական բարենպաստ ակտ, այն է՝ վերականգնել Արտակի փախստականի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում: Դատաքննությունն անցավ նախագահող դատավոր Արթուր Առաքելյանի, դատավորներ Ա. Աբովյանի եւ Գ. Ղարիբյանի մասնակցությամբ:

Բողոքաբեր Արտակ Մարդյանի ներկայացուցիչն էր Աշխեն Եսայանը:

Պետք է նկատենք, որ այդ դատաքննության ժամանակ ՄՊԾ-ից անգամ չէր ներկայացվել վերաքննիչ բողոքի պատասխան, չէր ներկայացվել նույնիսկ միջնորդություն, որ դատաքննություններն անցկացվեն առանց իրենց պատասխանող կողմի ներկայության: Նախագահող դատավոր Արթուր Առաքելյանը հրապարակեց Արտակի բողոքը եւ նշանակեց վճռի հրապարակման օրը՝ ապրիլի 11-ը:

Արտակ Մարդյանի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր մեկնաբանությամբ, որ նրա 18 տարին լրացած չի եղել այն ժամանակ, երբ նրա ծնողները ձեռք են բերել քաղաքացիություն, սակայն այդ փաստացի հանգամանքն ի հայտ էր եկել միայն 2011 թվականին, մինչ այդ Արտակն օրենքով սահմանված կարգով 2004 թվականին ստացել է փախստականի վավեր վկայական, այդուհետեւ՝ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Արտակը հանկարծակիի էր եկել: Ռուսաստանից գալով Հայաստան՝ տեղեկանում է, որ ճամփորդական փաստաթղթի վավերականության ժամկետը չի կարող կրկին վավերացնել, քանի որ ՄՊԾ-ից իրեն ներկայացնում են որոշում. «Արտակ Մարդյանի ծնողների քաղաքացիության ընդունման ժամանակ նրա 18 տարին լրացած չի եղել, ուստի դադարեցվել է նրա փախստականի կարգավիճակը, իսկ անձնագիրը համարվել անվավեր»: Արտակը հայցադիմում է ներկայացնում վարչական դատարան, որտեղ ամիսներ տեւած դատական քննությունից հետո դատավոր Արթուր Խաչատուրյանը վճռում է մերժել Արտակի հայցն ընդդեմ ՄՊԾ-ի: Արտակը չի հուսահատվում: Նա շարունակում է պայքարել սեփական իրավունքների համար, որի փաստացի ապացույցը եղել է անձնագիրը եւ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվելու հանգամանքը: Նա բողոք է ներկայացնում վարչական վերաքննիչ դատարան: «Վարչական վերաքննիչ դատարանի վճիռը կարեւորում եմ, քանի որ ես հաջողության չհասա վարչական դատարանում, իսկ փաստացի, տարիներ շարունակ ունեցել եմ փախստականի կարգավիճակս հաստատող անձնագիր եւ այդ նույն անձնագրով էլ օրինական շարժվել եմ Հայաստանում, կրթություն եմ ստացել եւ կատարել գործարքներ»,-անկեղծանում է Արտակը: Նա մյուս բոլոր փախստական երիտասարդների պես, որոնց անդրադառնում է «Առավոտը», փորձում է հնարավորինս ապացուցել իր փախստական լինելու հանգամանքը, ինչը ոչ մի անգամ չի հուզել ՄՊԾ-ին: Այն հարցին, թե ի՞նչ է անելու Արտակը, եթե դատարանը վճիռն այս անգամ էլ մերժի, նա ասաց. «Դատարանի վճիռն իմ օգտին բավարարելու դեպքում, ես կհամոզվեմ, որ տարիներ շարունակ խաբված չեմ եղել եւ չեն շարունակում ինձ խաբել, սակայն, եթե վճռով մերժեն, ապա կշարունակեմ այնքան, որքան պահանջվի մինչեւ հաղթական ավարտը»:

Որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է հայտնվել Արտակը, ապա հարկ ենք համարում շեշտել, որ եթե վարչական վերաքննիչ դատարանը վճռով մերժի նրա բողոքը եւ չպարտավորեցնի ՄՊԾ-ին կայացնել բարենպաստ վարչական ակտ, ապա նա կդառնա քաղաքացիություն չունեցող անձ: Նշենք, որ Արտակը ծնվել է 1987 թվականին՝ Ադրբեջանի Բաքու քաղաքում: 1988 թվականին ընտանիքի անդամների հետ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվել է Հայաստանի Հանրապետություն: Դիմել են պետական լիազոր մարմին, ստացել «Հաշվառման թերթիկ», «Փախստականի ընտանիքի քարտ», «Փախստականի ընտանիքի» վկայական: Սկզբնական շրջանում բնակվել են հանրակացարանում, այդուհետեւ ստացել են 1 սենյականոց բնակարան՝ նախատեսված 5 շնչի համար: 16 տարին լրանալուն պես՝ Արտակը ստացել է փախստականի վկայական, որից հետո՝ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

Հետաքրքիր է, ի՞նչ կշահի ՄՊԾ-ն՝ Արտակին թողնելով առանց կարգավիճակի, որը երկար տարիներ տրամադրվել է հենց իրենց իսկ տված տեղեկանքի շնորհիվ, եւ ի՞նչ կկորցնի Արտակը՝ բացի անձնագրից, որը նրա միակ անձը հաստատող փաստաթուղթն է Հայաստանում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031