Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարը Գյումրիի զարգացման համար պահանջում է արտոնյալ պայմաններ

Մարտ 28,2013 14:11

Նովոսիբիրսկում բնակվող գյումրեցի գործարար Հրանտ Պետրոսյանը դատարկվող Գյումրիի միակ փրկությունը կապում է այն սպորտային քաղաք դարձնելու հետ: Նա 6 տարի շարունակ Գյումրու տեղական իշխանություններին ներկայացրել է իր «Սպորտսիթի» կառուցելու ծրագիրը՝ 13 հեկտար հողատարածք խնդրելով, սակայն այն հատկացրել են ընդամենը վերջերս: Գործարարի պատկերացմամբ՝ այս ծրագրի իրագործման դեպքում նոր կյանք կսկսվի Գյումրիում՝ ոչ միայն Ռուսաստանում բնակվող ունեւոր հայերը կվերադառնան հայրենի քաղաք, քանի որ հոգնել են այնտեղ ապրելուց, այլեւ ողջ աշխարհը հետաքրքրասիրություն կցուցաբերի Գյումրու նկատմամբ: Նա արդեն իսկ նամակներ է ստացել Արաբական երկրներից, Չինաստանից, Սինգապուրից, որոնք պատրաստակամ եմ ներդրումներ կատարել Գյումրիում, մասնակցել «Սպորտսիթիի» շինարարությանը, միայն թե, ըստ գործարարի, այստեղ պետության աջակցությունն է պետք: Նշենք, որ «Սպորտսիթին» ոչ միայն սպորտային համալիրների միավորում կլինի, այլ առեւտրային, արտադրական ու մշակութային կենտրոն, որտեղ կանցկացվեն տոնավաճառներ, շոու-ներ, էկոլոգիապես մաքուր սնունդ կվաճառվի՝ զարկ տալով շրջակա գյուղերի զարգացմանը:

«16 տարի է՝ Նովոսիբիրսկում եմ, ունեմ տարբեր բիզնեսներ, օֆիսներ, ռեստորաններ, հյուրանոց, բայց 10 տարի է՝ տարվա 6 ամիսը անցկացնում եմ Գյումրիում, որովհետեւ տեսնելով, թե հարազատ քաղաքս ինչպես է դատարկվում, մտածում եմ՝ ի՞նչ անեմ, որ գլոբալ փոփոխություն կատարվի: Մեր աղջիկների «շտանգեն» ինձ շատ ոգեւորեց, երբ որ Գյումրիում ընդամենը 7 աղջիկ են պարապում «շտանգա», որից 5-ը դարձան չեմպիոն, մեկ անգամ եւս ես համոզվեցի, որ գյումրեցիները ջրից է, օդից է, էկոլոգիայից է, թե էներգետիկայից, որ բնագավառում պրոֆեսիոնալ ու ճիշտ աշխատանք տարվի՝ անպայման արդյունք կտա: Ու ինձ մոտ ծագեց «Սպորտսիթիի» գաղափարը»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: Սակայն, ըստ նրա, կառավարությունը դեռ իրեն չի օգնում Գյումրի ներդրողներ բերելու հարցում, Հայաստանը միջազգային ասպարեզում համարվում է խիստ ռիսկային երկիր, իսկ ներդրողներին գրավելու համար անհրաժեշտ են արտակարգ պայմաններ, արտոնյալ հարկեր: «Էսօր Գյումրիում բոլորը հովանավոր են ման գալիս՝ առանց բացառության, ինչ կառույց ուզում ես ստեղծի, շատ արագ կդառնա որբանոց, որովհետեւ նայում են, թե ով իրենց օգնություն կբերի, կտա: Գյումրիում էսօր մոտ 300 հ/կ-ներ կան, որոնց կանոնադրության մեջ գրված են աշխարհի ամենալավ բաները՝ ծերերին, մանուկներին օգնություն, բայց վերջանում են մի բանով՝ բերեք, մեզ տվեք, մենք էլ բաժանենք: Եթե բոլորի կանոնադրությունը 2 բառով վերլուծենք՝ պահեստապետի մանիֆեստ է. ահա այն, ինչով ուզում են զբաղվել բոլորը»,- ասում է Հրանտ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ բարեգործություններով, նվիրաբերություններով քաղաք այլեւս չես կառուցի, պետք է մեխանիզմ մտածել ու փողը բերել Գյումրի՝ այն աշխատեցնելու համար: «Մենք էսօր ամբողջ Գյումրիում չունենք անգամ բանկ, մեր բանկերը ավելի շատ «լոմբարդ» են՝ էժան փող վերցնեն մեկից՝ 5 տոկոսով, 7 տոկոսով տան ուրիշի, 7-ով վերցնեն՝ 9-ով տան եւ այլն, այսինքն՝ վաշխառուներ են: Իսկ ինչ վերաբերում է մեծ փողերը Գյումրի բերելուն, պետք է հասկանան, որ մարդիկ մեծ փողեր ունեն այն պատճառով, որ իրենք իրենց կոպեկը հաշվում են: Իսկ էդ մարդկանց Գյումրի բերելու համար պետք է բացատրես դրա ձեռնտու լինելը: Երբ որ ներդրողներին բացատրում ես, որ իրենց Հայաստանում չեն խաբի, ինչ-որ ներդրեց, ինքը դրա տերն է, եւ որեւէ մեկը չի կարող խլել ձեռքից, ապա ինվեստիցիոն դաշտը կձեւավորվի»,- ասում է գործարարը: Նա առաջարկում է մեղմել հարկերը, ներմուծվող սպորտային գույքի մաքսազերծում չկատարել, որպեսզի ներդրողը իր փողը ոչ թե այլ երկիր տանի, այլ բերի Հայաստան: «Էսօր որ ղեկավարի հետ խոսում ես, բոլորը ողջունում են մեր ծրագիրը, բայց ողջունելով՝ հարց չի լուծվում, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր: Շատ ղեկավարներ էսօր դարձել են «Սպորտսիթիի» ֆան կլուբը, ֆան կլուբ մեզ պետք չէ՝ Հա-յաս-տա՛ն, եկեք մենք էլ գոռանք, բայց ի՞նչ, մեզ «բալեշչիկ» պետք չէ, մեզ գործ անող է պետք: Տեսեք՝ Վրաստանում արտոնություններ տվեցին, ու ներդրողները լցվեցին այնտեղ»: Ըստ Հ. Պետրոսյանի՝ իր ծրագիրը 1000-1500 աշխատատեղ կապահովի Գյումրիում, ամենաքիչը 3-4 անգամ էլ կավելացնի քաղաքի բյուջեն: «Ադրբեջանում ամեն տարի 4-5 մեծ սպորտային համալիրներ են հանձնվում, ադրբեջանական էդպիսի խուլ շրջան չկա, որտեղ ընտիր եվրոպական մակարդակով կառույց չհիմնեն, եթե նկատել եք՝ աշխարհի վերջին չեմպիոնատները, բիզնես ֆորումները անցկացվում են կամ Բաքվում, կամ Ստամբուլում: Իսկ ինչո՞ւ ոչ Հայաստանում. այս դեպքում ոչ միայն սպորտը կզարգանա, այլեւ երկրի տնտեսությունը»,- եզրափակում է գործարարը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031