Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը պատրաստ է երկխոսելու

Մարտ 28,2013 14:08

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը համոզված է, որ թշնամանքը եւ չարակամությունը վատ խորհրդատու են:

– Ի պատասխան Սերժ Սարգսյանի նամակի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան հրավիրեց Ազատության հրապարակ՝ քննարկելու իր իսկ առաջարկները՝ ընդդիմությանը որոշ վերահսկողական եւ մարզպետների պաշտոններ տալու, մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ Սերժ Սարգսյանն ընդառաջ գնա Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին:

– Այսօր հայաստանյան քաղաքական կյանքում ավելի ու ավելի են արմատանում քաղաքական մշակույթի միջազգայնորեն ընդունելի տարրեր, եւ դա տեսանելի է, բարեբախտաբար, քաղաքական մշակույթը մեզանում առաջ է գնում: Արդեն եւ իշխանական, եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց գործելաոճի անբաժանելի մաս են դարձնում երկխոսությունը, մեկմեկու հարգելու, լսելու, մեկը մյուսի ասածը քննելու եւ քննարկելու պատրաստակամությունը: Իսկ սա պետք է հուսադրող գործոն լինի, քանի որ ագրեսիվ պահվածքը, հայհոյախոսքը, կներեք՝ լաչառությունը ոչ մի տեղ չտանող ճանապարհներ են, եւ ուրախալի է, որ դա այսօր հասկանում են հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր խաղացողները (մեկ-երկու անհույս բացառություններով): Հիշողությունը չկորցրածները պետք է հիշեն, որ այս գործելաոճի սկիզբը դրվեց Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարիներից, երբ հայտարարվեց չհասկացվածության պատը քանդելու, հանդուրժողականության, համերաշխության եւ միմյանց հարգելու պատրաստակամության մասին, երբ այլոց եւս կոչ արվեց գործել այս սկզբունքներին համարժեք: Ի պատիվ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ պետք է ասել, որ իրենց գործելաոճն ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Հարցնում եք՝ տեսնո՞ւմ եմ հնարավորություն, որ Սերժ Սարգսյանը գնա Րաֆֆի Հովհաննիսյանին ընդառաջ. իհարկե, եւ այդ ցանկությունն առկա է երկուստեք՝ եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ՀՀ նախագահը պատրաստ են երկխոսելու, ինչպես նախագահը նշեց՝ առանց շոուների, աշխատանքային մակարդակում պատրաստ է նստել եւ քննարկել բոլոր հարցերը:

– Ի վերջո՝ ներքաղաքական խնդիրների ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

– Շատ դրական, թշնամանքը եւ չարակամությունը վատ խորհրդատու են, եւ ես հորդորում եմ բոլոր մյուս ուժերին, որոնք հիմա մի տեսակ չարացած եւ խանդով են նայում Ազատության հրապարակ-ՀՀ նախագահ երկխոսությանը, թոթափեն իրենց միջի թույնը եւ փորձեն առավել բարի եւ հանդուրժող դառնալ, գուցե իրենց բախտը եւս կբերի, եւ իրենք եւս անմասն չեն մնա երկրում կատարվող այս դրական փոփոխություններին:

– ՄԻՊ-ը զեկույց էր հրապարակել Երեւանի քաղաքապետարանի գործունեության մասին, որտեղ մարդու իրավունքների խախտումների եւ չարաշահումների դեպքեր կային: Այս ամենից հետո ՀՀԿ-ականները դարձյա՞լ պնդելու են, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է, եւ որ ՀՀԿ-ն Երեւանում եւս հաղթելու է:

– Ես ծանոթ եմ այդ զեկույցին՝ եւ որպես ՀՀ քաղաքացի, եւ առաջին հերթին որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բավական պրոֆեսիոնալ է աշխատել, եւ նրա տվյալներում ներկայացված են ոչ միայն թերությունները, այլեւ առաջընթացը, կարծում եմ՝ այս զեկույցը պետք է խթան լինի ավելի լավ աշխատանքի: Ինչ վերաբերում է չարաշահումներին՝ ի՞նչ, դուք ուզում եք բոլոր խնդիրները մեկ օրում, մեկ գրչի հարվածո՞վ լուծվեն, հենց հիմա եւ անմիջապե՞ս: Այդպես չի լինում անգամ լավագույն երազում: Համբերություն, եւ ամեն ինչ լավ կլինի: Իսկ կա՞ մեկը, ով կասի, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը վատ քաղաքապետ է: Չկա, վստահ եղեք, եւ այն փոփոխությունները, որ նրա պաշտոնավարման շրջանում կատարվել են մեր քաղաքում, անգամ չուզողներն են տեսնում, ուրեմն ինչո՞ւ չասել, որ այս անգամ եւս Տարոն Մարգարյանը իրավունք ունի հավակնել քաղաքապետի պաշտոնին: Սրանում ի՞նչ վատ բան եք տեսնում, բնական է, որ իշխող քաղաքական ուժը Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում եւս պետք է ձգտի մեծամասնության, զարմանալի պետք է լիներ հակառակը: Եվ հետո՝ մի՞թե ընտրապայքարի մեջ մտած այլ ուժեր ուրիշ բան են ասում, նրանք նույնպես պնդում են. թե հաղթելու են:

– Արդեն իսկ ահազանգեր կան ընտրակաշառքների, ուսուցիչների, բժիշկների եւ բյուջետային այլ աշխատողների՝ ՀՀԿ գրասենյակներ «հրավերների» եւ հանձնարարականների մասին:

– Եթե կան ձեր նշած դեպքերը, պետք է համապատասխան միջոցներ կիրառել, եթե մարդկանց ստիպում են կատարել անօրինական գործողություններ, պետք է ահազանգել, եթե կան կոնկրետ փաստեր, պետք է դիմել համապատասխան մարմիններին, իսկ եթե դրանք ընդամենը փողոցի խոսակցություններ են, կներեք, լուրջ չեն կարող լինել:

Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031