Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցի լեգենդը ներդրումներ կկատարի Գյումրիում

Մարտ 28,2013 13:56

Ալեքսանդր Կարելինը Գյումրիում կկառուցի սահադաշտ ու լողավազան

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Ալեքսանդր Կարելինը պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել Գյումրիում կառուցվող Սպորտսիթիում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա մոտ ընկերը` ռուսաստանաբնակ գյումրեցի գործարար Հրանտ Պետրոսյանը:

Նշենք, որ Հրանտ Պետրոսյանը տարբեր բիզնեսներ ունի Նովոսիբիրսկում, որը և Ալեքսանդր Կարելինի ծննդավայրն է: Ռուս լեգենդի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում կլինեն անվանի սպորտսմեններ և գործարարներ, Գյումրի կայցելի ապրիլին ու կմեկնարկի « Գյումրի սպորտսիթիի » շինարարությունը: «Ինքը Ռուսաստանի հերոս է, իրոք շատ հզոր է, շատ մեծ հեղինակություն ունի, աշխարհի մասշտաբով դեմք է, հոյակապ տղա է, մեր մոտ ընկերն է, Մնացական Իսկանդարյանի մոտ ընկերն է, և ես համոզված եմ, որ նա շատ անակնկալներ կանի գյումրեցիներին: Հայերի հետ շատ մոտ է, իր ընկերների մեծ մասը հայրեր են, և Նովոսիբիրսկում հայկական ահագին տրադիցիաներ միասին ենք պահպանում, Կարելին ֆոնդը շատ հզոր է: Դրա համար պայմանավորվել ենք նույնիսկ Գյումրին Նովոսիբիրսկի հետ դարձնել քույր և եղբայր քաղաք»,- այսպես ներկայացրեց իր ընկերոջը « Գյումրի սպորտսիթիի» հիմնադիր Հրանտ Պետրոսյանը:

Իսկ թե ինչն է շահագրգռել ռուսաստանցի լեգենդին Գյումրիում ներդրումներ կատարելու, բնականաբար ոչ միայն հայերի հետ շատ մոտ հարաբերությունները, այլև Գյումրու ռուսական շունչը: Նշենք, որ նախկին Ալեքսանդրապոլի որոշ թաղերում դեռ պահպանվում է ռուսական կոլորիտը, բացի այդ, Գյումրիում է տեղակայված ռուսական ռազմաբազան, ու մեծ թվով ռուսներ են բնակվում այս քաղաքում: «Հույս ունենք, որ սահադաշտը և լողավազանը ռուսներն իրենց փողով կկառուցեն, չնայած իրենք իրենց համար են կառուցում, որովհետև Գյումրիում դեռ ռուսներ են ապրում ու կապահովեն ռուս կանանց ու նրանց էրեխեքին աշխատատեղերով: Որպես շինություն` կարող է իրենց պատկանել, բայց թող մեզ մոտ կառուցեն, մենք իրենցից կօգտվենք, իրենք` մեզանից: Այսինքն այս ամբողջականության մեջ կարևոր չէ` որը որինն է, ամենակարևորն է, որ մեկը մյուսին լրացնում, ամբողջականացնում է: Այս ծրագիրը պետք է հաղթի բոլոր հայտերը, որոնք ներկայացվում են միջազգային կառույցներին: Եթե օրինակ` Բաքուն ներկայացնում է հայտ` Եվրոպայի բոքսի առաջնությունը անցկացնել Բաքվում, մենք էլ կներկայացնենք. կոմիսարները կգան կստուգեն , որ ասենք մենք ավելի լավ պայմաններ ունենք` ակտիվ հանգիստ, ճաշառեստորանների քանակը շատ է, մեր ջուրն ավելի լավն է, նախապատվությունը մեզ կտան:Այստեղ փողի խնդիր չկա, հավատի խնդիր կա, ոչ մեկը չի ուզում հավատալ, որ սա իրացվող ծրագիր է: Ամենահասարակ օրինակը բերեմ, եթե ձեր մեքենան կանգնած է, դուք պիտի հրեք, որ մեկը գա օգնի ձեզ, ասելս այն է, որ եկեք սկսենք, չարչարվենք, որ մարդիկ մոտենան : Իմիջիայլոց, ես դեռ 6 տարի առաջ խոսեցի Ծառուկյանի հետ` ահագին մարդկանց ներկայությամբ, ոգևորված իրեն հատուկ ձևով ասաց` ով մի մանեթ դնի, 11 ես կդնեմ»:

Ըստ Հրանտ Պետրոսյանի , «Սպորտսիթիի» հիմնադրումով ոչ միայն կփոխի Գյումրու ողորմելի վիճակը, այս քաղաքի դերն ու նշանակությունը, այլ ծննդատներում արատավոր երեխաներ այլևս չեն ծնվի, ազգին առողջ մայրեր կտան, բանակին էլ` առնական, տղամարդ տղաներ, այլևս վատառողջ զինվորներ չեն լինի : «Նայեք դինամիկան, թե մեր ծննդատներում ինչքան արատավոր երեխաներ են ծնվում, Աստված մարդուն սիրում է մարմինն ու հոգին իրար հետ: Եթե նայեք գեղեցկության մրցույթները, բոլոր աղջիկները սպորտով պարապած են, մեկը վոլեյբոլ, մյուսը` բասկետբոլ: Իսկ մեզ մոտ այնպիսի վիճակ է, որ վաղուց այլևս չենք տեսնում նաիրյան հեզաճկուն աղջիկներին ու առնական տղամարդկանց, տձև ազգ ենք դարձել: Սպորտը միայն սպորտսմենների համար չէ. Եվրոպայում ման գալու ժամանակ այնպիսի տպավորություն է, որ դու սպորտային հրապարկում ես գտնվում, ամբողջ դահլիճները զբաղեցնում են 30-50 տարեկան կանայք, ովքեր հայելուն նայելուց իրենց դուր չեն գալիս», -ասում է հայ գործարարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031