Ավագանու ընտրություններին մրցակցությունը, ըստ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի, կմեծանա: «Նախագահական ընտրությունների ժամանակ առաջին անգամ ֆիքսվեց, որ կես միլիոնից ավելի մարդ բողոքական են, դժգոհ են մեր կողմից իրականացվող քաղաքականությունից, եւ նման պարագայում մրցակցային միտումները ակնհայտորեն ուժեղանում են: Հիմնական պայքարը գնալու է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ միջեւ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Բոստանջյանը:
Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի ԲՀԿ ավագանու ցուցակի մասին ու ինչու չկա այդ ցուցակում, պարոն Բոստանջյանն ասաց. «Պրոֆեսոր մարդ եմ անհիշելի ժամանակներից, մի շարք երկրների, ամաչում եմ ասել ակադեմիաների իսկական անդամ եմ: Դա ավելի բարձր չէ՞ քան ավագանի աշխատելը»: Հետո հավելեց, որ եթե առաջարկեին էլ, ինքը մերժելու էր ցուցակում ընդգրկվելը:
Մեր հարցին, թե ինչու նախագահական ընտրություններին չմասնակցած ԲՀԿ-ն որոշեց մասնակցել ավագանու ընտրություններին, պարոն Բոստանջյանը նկատեց. «Երեւի թե հանրապետությունում իրավիճակը չբարդացնելու, ընդհարումային երեւույթներ չառաջացնելու համար, մարդը դա ավելի մեծ նպատակ համարեց քան մասնակցությունը: Ավագանու ընտրությունների կտրվածքով նման գործընթացներ չեն ենթադրվում, ընդհարումներ չեն լինի»:
Մեր դիտարկմանը, թե ավագանու ընտրությունները հաջորդում են նախագահական ընտրություններին, որոնց շուրջ դժգոհության ալիքը դեռ չի մարել, ընդդիմության թեկնածուն էլ հրապարակում ծայրահեղ միջոցի է դիմել, այս առումով լարված չի՞ անցնի ավագանու ընտրությունները, Վ. Բոստանջյանն ասաց. «Մեր մենթալիտետի հետ չի բռնում` բարեւ, ցտեսություն, մազերս սարքեմ, արտիստություն, բան: Ուզում եմ ասել, էս մարդու արած բաները` ջրիկ-վռիկ վազելը, գնալ-հետ գալը, նամակ գրելը: Հայ մարդը պետք է հասկանա, որ իշխանությունը նվաճվում է: Նվաճել լավ իմաստով եմ ասում: Բոլոր հացադուլային, մանր-մունր շուկայական ելեւէջները չեն կարող իշխանությունը ցանկանալու համար հիմք հանդիսանալ: Կան տարբեր ներկայացումներ, ու ամեն մի քաղաքացի, որը գնում է ներկայացման ուզում է լավ ներկայացում տեսնել, որ դուրս է գալիս, ասում է այ մարդ էս ինչ ներկայացում էր, հլը սրա սցենարը նայեք: Հատկապես քաղաքական կյանքում ինչ կատարվում է, պետք է կատարվի չափազանց տրամաբանական: Մեր հասարակությունը առանձնացրել է տեղ, իսկ երկրի նախագահին հրավիրվում է ինչ-որ փողոցում խոսվելու, սա արդեն սիրուն չէ»:
Կարդացեք նաև
Պարոն Բոստանջյանի խոսքերով, իրավիճակի փոփոխության ակնկալիքները պետք չէ կապել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. «Ստացվեց այնպես, որ այդ մարդիկ այլընտրանք չունեին, իրենց ձայները տեղադրեցին այնտեղ, բայց դեռ չի նշանակում, որ դրա տակ գտնվողը իրավունք է ձեռք բերել այդ բոլորի անունից այդպիսի մոտեցումներ ձեւավորի»:
Մեր դիտարկմանը, թե Ր. Հովհաննիսյանի պայքարի ոչ կտրուկ ձեւերը քննադատվում են, 2008-ին ՀԱԿ-ի ընտրած պայքարի կտրուկ ձեւերն էլ քննադատվեցին, այս դեպքում ինչ պայքարի ձեւեր են պետք, պարոն Բոստանջյանն ասաց. «2008-ին տեղի ունեցած դեպքերը, անկախ նրանից, որ ՀԱԿ-ը չկարողացավ հաղթհարել այդ բարիերը , բայց գոնե մեր հասարակության համար մնաց առաջընթաց: Գոնե հասկացանք, որ այն, ինչ 2008-ին տեղի ունեցավ, այլեւս տեղի ունենալու իրավունք չունի: Եթե 2008-ը չլիներ, հիմա կարող էր լինել»:
Իսկ պարոն Հովհաննիսյանի քայլերից պարոն Բոստանջյանը ոչինչ չի հասկանում:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գուցե անհիշելի ժամանակներից պրոֆեսոր և մի քանի երկրների ակադեմիաների իսկական անդամը (անդամը`լավ իմաստով) մեզ`տհասներիս,կբացատրի,թե ինչ է նշանակում. ,,նվաճել իշխանությունը,, և այս պարագայում այդ ակցիան հասկանալ ,,լավ իմաստով,,:Չէ որ հայտնի է,որ իշխանության գալիս են դեմոկրատական ճանապարհով (ընտրությունների միջոցով) և կամ էլ այն ՆՎԱՃՈՒՄ են հեղափոխության միջոցով: