Այս օրերին տարբեր սոցհարցումներ են հրապարակվում, ըստ որի՝ երեւանցիների 60 տոկոսը քաղաքապետի պաշտոնում ուզում է տեսնել Տարոն Մարգարյանին: Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հարցրեց՝ Դուք ունե՞ք սեփական սոցհարցումները եւ ըստ Ձեզ, քանի՞ տոկոսն է երեւանցիների Ձեզ ուզում տեսնել այդ պաշտոնում:
Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ «90 տոկոս պետք է տային գործող քաղաքապետին եւ իր ավագանուն, որովհետեւ նմանատիպ սոցհարցումներ եղել են միշտ: Նույն այդ սոցհարցումները փետրվարին առավելագույնը 10 տոկոս էին տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ստիպված եղան բացառապես ձայնագողությամբ եւ թվանկարչությամբ զբաղվել, ուստի մեկնաբանել այդ սոցհարցումները՝ այլեւս ժամանակավրեպ է»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ժառանգությունը» ընտրակեղծիքների, Ընտրական օրենսգրքի խախտման դեպքեր արդեն արձանագրե՞լ է: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Տեղյակ եմ: Կան քաղաքացիներ, որոնք այսօր էլ ինձ տեղեկացրել են, որ ցուցակներ են կազմվում, որ գումարները բաժանեն: Դեռեւս գումար չեն տալիս, տվյալներն են հավաքագրում: Մեկ այլ կեղծ գործընթացներ էլ են իրականացնում «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան տակ: Մտնում են տները, իբրեւ աջակցման արձանագրությունները լրացնելու, բայց նաեւ անձնագրային տվյալներ են ուզում, ինչը այստեղ չկա, դուք կարող եք տեսնել: Մեր անվան տակ են հիմա փորձում մտնել տները, որովհետեւ շատ դռներ իրենց համար այլեւս փակ են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ