Լրահոս
Օրվա լրահոսը

«Չուժոյ պախմելը» «Ազատ դեմոկրատների» համար չէ

Մարտ 28,2013 13:29

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ամենավտանգավորը եւ ամենամտահոգիչը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը համարում է այն, որ «ընդդիմադիր դաշտը եւ այլընտրանքը փորձեն միմյանց հետ պայքարել՝ երկրորդ տեղի համար կամ փորձեն սլաքներն ուղղել միմյանց վրա. դա կարող է տանել փոշիացման եւ նպաստել ռեժիմի վերարտադրության»: Aravot.am-ի հարցին՝ ավագանու ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտը մի քանի փորձեր արեց համախմբվելու, որոնք հաջողություն չունեցան, հիմա ընդդիմադիրները խոսում են ավագանու ընտրություններից հետո հնարավոր համագործակցության եւ դաշինքի մասին. որքա՞ն կարող է լինել նման համագործակցության արդյունավետությունը, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Ես այստեղ մի խնդիր էլ եմ տեսնում: Քաղաքական դաշտը մի գործընթացից դեռ դուրս չեկած մեկ այլ գործընթացի մեջ է մտնում: Այս պահի դրությամբ կա քաղաքական ճգնաժամ, գործընթաց է տեղի ունենում եւ դա չի հաղթահարվել: Այն խնդիրը, որը մարդկանց փողոց է հանել, որի համար մարդը հացադուլ է հայտարարել՝ հանգուցալուծում չի ստացել եւ այս ընթացքում մտնում ենք մեկ այլ գործընթացի մեջ: Սա ինձ համար մի քիչ անհասկանալի է եւ նպատակահարմարությունը չեմ տեսնում: Եթե երկու ընտրությունների արանքում մի քիչ ժամանակ լիներ, գուցեեւ տրամաբանական էր մասնակցությունը, բայց նախորդ ընտրության գործընթացի վերջակետը դեռ դրված չէ: Հիմա՝ նոր գործընթացն ինչքանո՞վ է…Իսկ ետընտրականը պարտադրված է լինելու: Եթե բոլորը միասին 50-ից ավելի գումարային տոկոս են հավաքում, պարզ է, որ բոլորի շահի բխում է՝ միավորվել եւ իրենց թեկնածուին տանել: Բայց դա կարելի էր անել նախապես համաձայնությամբ»:

Թե «Ազատ դեմոկրատներն» «Ազատությունից» բացի ո՞ր կուսակցությունների հետ են բանակցել՝ ավագանու ընտրությունների վերաբերյալ, Արզումանյանը համարում է «պատմություն», որին այսօր անդրադառնալն իմաստ չունի: Նա ասաց, որ չմասնակցությամբ անմասն չեն մնալու եւ շրջաններում իրենց ներկայացուցիչներն, ինչպես նախորդ ընտրություններում դիտորդների, վստահված անձանց կարգավիճակով, այս անգամ էլ մասնակցելու են: «Մենք շահագրգռված ենք ընդդիմադիր դաշտի հաջողության մեջ եւ ամեն կերպ աջակցելու ենք»,- ասաց նա:

Այս համատեքստում նա չցանկանալով մտնել Սարգսյան-Հովհաննիսյան նամակագրության մանրամասների մեջ միայն ասաց, որ դա էլ երկխոսելու ձեւ է եւ ապրիլի 9-ին չլինի հասարակության պառակտում, բախումներ. «Լավ կլինի, որ մինչեւ ապրիլի 9-ը կողմերը կարողանան ինչ-ինչ գոնե ճանապարհային քարտեզ գոնե մշակեն եւ հանրությանը ներկայացնեն»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին էլ՝ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» հարաբերությունների մասին, ասաց, որ երկու կուսակցությունների հարաբերությունները խզված չեն. «Կա երկու անձերի միջեւ խնդիր, որի պատճառով որոշվեց չշարունակել… այո, կուսակցության ղեկավարներն ունեն խնդիր, բայց երկու կուսակցություններն էլ գործում են ընդդիմադիր դաշտում: Զղջալ այն առումով, որ մենք մաս չենք կազմում Րաֆֆիի ստացած 37 տոկոսին, դա շատ կոնյուկտուրային կլիներ: Մեր մոտեցումները հիմնվում են գաղափարների վրա, գաղափարական հենքի վրա ենք մենք միասին մասնակցել: Բայց նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում «Ժառանգության» հետ  այդ գաղափարական հենքի մասով էլ խնդիր կար. ինձ ավելի հոգեհարազատ էր Հրանտ Բագրատյանի առաջարկած ազատական ծրագիրը, քան այն հռետորաբանությունը, որ սկսվեց կիրառվել ազգայնական եւ պահանջատիրական առումով: Ես ՀՅԴ-ի հետ էլ շատ լավ համագործակցում եմ, ունեմ ընկերներ, բայց անընդունելի է իրենց գաղափարախոսությունը շատ հարցերում կամ իրենց համար մեր գաղափարախոսությունը: Մարդիկ կան, փորձում են գնալ եւ հարթակում երեւալ, բայց ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է: Ռուսները շատ լավ խոսք ունեն՝ չուժոյ պախմել: Մենք նախընտրում ենք բանակցություններին մասնակցել ավելի կոնստրուկտիվ»:

Առավելագույնը, որ Հովհաննիսյան-Սարգսյան բանակցություններում կարելի է հասնել, ըստ Արզումանյանի, ընդդիմության դերի ինստիտուցիոնալիզացիան է, ընդդիմության կարեւորության ֆիքսումն՝ օրենսդրական մակարդակով, ինչը կարող է Հայաստանին անհրաժեշտ ռադիկալ փոփոխությունների երաշխիք լինել: «Ընդդիմությունը պետք է կարողանա պարտադրել. դա Հայաստանի շահից է բխում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ իշխանությունը պետք է գիտակցի, որ իմիտացիոն գործընթացներով այլեւ չի կարող գոյատեւել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031