Հատված Ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանի հարցազրուցից:
– Տարածված կարծիք կա, թե ավագանին այդպես էլ չի դառնում հակակշիռ քաղաքապետին եւ միաձայն հաստատում է քաղաքապետի բոլոր որոշումներն ու առաջարկները:
– Ասեմ, թե ինչու այդպիսի սխալ տպավորություն կա: Քաղաքապետարանի աշխատանքը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողները գալիս եւ ավագանու նիստերին ներկա լինելով` իրենց գործը համարում են ավարտված, կամ քաղաքապետարանում հրավիրված ասուլիսներին են ներկա լինում միայն: Մինչդեռ ավագանու իսկական աշխատանքը կատարվում է հանձնաժողովներուն: Ոչ մի լրագրող չորս տարվա ընթացքում չի եկել հանձնաժողովի նիստին մասնակցել, որ խորամուխ լինի, թե ինչ հարցեր ենք քննարկում: Ինչո՞ւ եմ այդ մասին ուզում խոսել, որովհետեւ Ձեր հարցի պատասխանը դա է: Հարցերը նախ քննարկվում են հանձնաժողովներում, ընդ որում` համակողմանի, շատ շահագրգիռ, ընդհուպ վարչության պետի, քաղաքապետի տեղակալի մասնակցությամբ: Հարցեր են եղել, որ հանձնաժողովի որոշմամբ օրակարգից դուրս են եկել, ու դրանից մամուլը տեղյակ չի եղել: Եթե հարցի առթիվ անհամաձայնություններ կան` հանձնաժողովում են լուծվում, կամ հարցը հանվում է, դրա համար էլ արդեն ավագանու նիստում հաճախ համաձայնեցված հարցերն են հասնում, ու բնական է, որ ավագանին միաձայն է քվեարկում: Բայց լինում են նաեւ անհամաձայնություններ հենց ավագանու նիստում:
– Շարունակեմ, օրինակ` հարցեր եղան, որ քաղաքացիական հասարակությունն էր բարձրացնում, ավագանին լուռ էր, բայց այդ հարցերը լուծվում էին հասարակական հնչեղություն ստանալուց հետո. Մաշտոցի պողոտայի բուտիկների, «Ծածկած շուկայի» եւ էլի ուրիշ հարցեր: Մի՞թե այդ հարցերը բարձրացնելն ավագանու խնդիրը չէ:
Կարդացեք նաև
– Լիովին համաձայն եմ: Խնդիրն այն է, որ ոչ Մաշտոցի պուրակի հարցը, ոչ էլ «Ծածկած շուկայի» հարցը ավագանու նիստում չեն քննարկվել, եւ այդ առթիվ համաձայնություն չի տրվել: Հատկապես` «Ծածկած շուկան» քանդելու աղմուկը: Բայց հարցուպատասխանի ժամանակ ավագանու անդամները բարձրացրել են այդ հարցերը: Եվ մեզ հավաստիացրել են, որ «Ծածկած շուկայի» դեպքում նույն ձեւով Գեորգի Աղաբաբյանի հեղինակած կառույցը պահպանվելու է, որ Երեւանի զարդն էր: Եվ վերջին անգամ նույնպես քաղաքապետի մոտ բարձրացվեց այդ հարցը փետրվարի 19-ին: Մենք այնտեղ սեփականատիրոջ հետ ունենք մի չլուծված հարց, որը նույնպես լուծվելու է` վեցերորդ կամարի հարցը (որի վերաբերյալ հիմա քննարկում կա մասնագետների եւ սեփականատիրոջ հետ), եւ ամբողջ «Ծածկած շուկան» լինելու է նույն կերպարանքով, ինչպես նախկինում էր: Այնպես որ` ավագանին այդ կառույցի նկատմամբ անտարբեր չի եղել: Ինչ վերաբերում է քանդված ներկա վիճակին` այնտեղ պետք է լինի ավտոկայանատեղի, դա չի երեւալու արտաքինից, դա է կառուցվում, քաղաքապետի տեղեկատվությունն այդպես է, իսկ մենք հիմք չունենք իրեն չհավատալու:
– Ավագանու աշխատաոճից, ուրեմն, Ձեր կարծիքով, դժգոհություն չպետք է լինի:
– Ես կարծում եմ, Երեւանին համայնքի կարգավիճակ տալը նոր բան էր` ընտրովի լինելու առումով, եւ այն հանգամանքը, որ երկու քաղաքական կուսակցություն` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են ներկայացված ավագանիում (ՀԱԿ-ն այդպես էլ չեկավ), դա արդեն դրական է: Բայց մենք չունեինք ավագանիով աշխատելու ավանդույթ` առաջին փորձն էր: Լավ էր, որ ավագանիում մասնագիտական բարձր որակներ ունեցող մարդիկ կային, որոնք` սոցիալական, մշակութային, Երեւանի արտաքին տեսքի առումով հարցերի քննարկումների ժամանակ իրենց մասնագիտական որակները դրսեւորում էին:
Անզեն աչքով նայենք, թե ինչ է կատարվում Երեւանում այս 4 տարվա ընթացքում. Երեւանի բոլոր մուտքերը գեղեցիկ ձեւավորվել են, կյանքի են կոչվել Երեւանին բնորոշ բոլոր շատրվաններն ու ցայտաղբյուրները, շենքերի ֆասադները դեռ առաջին քաղաքապետից սկսած ու հետո էլ` մինչեւ այժմ գեղեցկացել, ներկվել, մաքրվել են, արտաքին լուսավորման հրաշալի լուծումներ են գտնվել, էլ չեմ ասում ծաղկազարդման, գեղեցիկ նստարանների մասին: Երեւանը հիմա բարեկարգ եւ բոլորովին ուրիշ տեսք ունի: Բակերի խաղահրապարակներ անցյալում չենք ունեցել: Թեեւ ավագանի չուներ քաղաքը, բայց երեք քաղաքապետ է եղել այս 4 տարվա ընթացքում, նրանցից ոչ մեկը չի բացառել նախկինի աշխատանքը, այլ աշխատել է զարգացնել եւ շարունակել արվածը, արդեն հիմք դրած ավանդույթները:
Մ. Խ.
«Ազգ»