Հատված Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանի հարցազրույցից:
– Կարծիք կա, որ Ր. Հովհաննիսյանը որոշակի սակարկությունների է գնացել իր պահանջների համատեքստում։ Եթե նա ներկայանում է՝ որպես ընտրված նախագահ, ապա ինչո՞ւ է պահանջում նախարարական պորտֆելներ։
– Քաղաքական որոշակի թեզեր շրջանառվում են քաղաքական գործընթացի ցանկացած հանգրվանի ու ցանկացած որոշման դեպքում, և քաղաքական թեզեր շրջանառողներն ունեն որոշակի շահագրգռություններ։ Նկատելի է, որ
կան քաղաքական ուժեր և հանրության շրջանի առանձին հատվածներ, որոնք շահագրգռված են, որպեսզի տարածվի այն թեզը, թե Ր. Հովհաննիսյանը գնում է որոշակի գործարքի։ Այդ նպատակը կարող է լինել նեղ անձնական, հատվածական շահերը։ Մենք գիտենք, որ ընդդիմության կազմում եղած առանձին քաղաքական ուժեր մշտապես փորձում են «սևացնել» դիմացինին, իրենց քաղաքական շահն առաջ մղել։ Նման կարգի թեզերը պարարտ հող են գտնում, քանի որ լինում են այնպիսի կետեր, որոնք ձևական տրամաբանությամբ արդարացնում են իրենց թեզերը։
Կարդացեք նաև
Սակայն մի կողմ թողնենք, թե ստվերային բանակցությունների մասին ամեն մի խումբ, անհատ ի՞նչ շահեր է հետապնդում, փորձենք հասկանալ՝ իսկապես, դա այդպե՞ս է, թե՞ ոչ։ Նախ՝ նամակում հստակ գրված է, որ պաշտոնների ցանկը պետք է տեսնել համախմբման մեջ, այսինքն՝ չի կարող լինել այնպես, որ եթե սա առաջարկես, մյուսներից կարելի է հրաժարվել, ընդ որում՝ Ր. Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին (հարցազրույցն արվել է մարտի 27-ին- Մ.Մ.) կրկին անդրադարձել է այն մտքին, որ իր նամակը պետք է հասկանալ ամբողջի մեջ, պաշտոններն այն նվազագույնն են, որին պատրաստ է գնալ։ Ինչո՞ւ սա գործարք չէ…Որովհետև, եթե կա այնպիսի ճանապարհ, որը երկրում ստեղծում է երկիշխանություն, չի կարող գործարք դառնալ։ Այն տրամաբանությունը, որը հետապնդում է Ր. Հովհաննիսյանը, այդ նամակում ընկած է։ Այն է՝ կամ պետք է հասնել առաջին խնդրի լուծմանը՝ նոր նախագահական ընտրություններին, կամ էական պաշտոնների միջոցով հաստատել երկիշխանություն։ Այսինքն՝ մի բան է, որ երկիշխանություն կա երկրում, այլ բան է, երբ կա մեկի իշխանություն՝ Սերժ Սարգսյանի, որն ընդամենը մի քանի պորտֆելներ հանձնելով Ր. Հովհաննիսյանին՝ նրան կրնկի տակ է պահելու։ Տարբերությունն այս 2 թեզերի միջև է, և որպես «գործարք» բնորոշումը նման արդյունքներով պետք է որոշվի։
– Ինքներդ ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում։
– Եկեք գուշակություններով չզբաղվենք։ Շատ դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, որովհետև մենք գործ ունենք մարդկային հոգեբանության, մարդկային գիտակցության, ինչպես նաև՝ անհատական ու խմբային շահերի ներկայացման հետ։ Ոչ ոք չի կարող ասել, թե տվյալ անձը, որ քաղաքացիական անհնազանդություն է ցուցաբերում, որքա՞ն կկարողանա դա ցուցաբերել, ի՞նչ հոգեվիճակով կշարունակի պայքարը, ի՞նչ գործոններ կազդեն իր վրա, որպեսզի այլ ճանապարհ ընտրի, և այլն։ Ուրիշ բան, եթե
հարցնեք, թե ո՞րը կարելի է դիտարկել ելքերից լավագույն տարբերակը։ Նման իրավիճակում կա տասնամյակների խնդիր, երբ Հայաստանում ընտրական մեխանիզմները չեն գործում, և այդ խնդրին ի վերջո պետք է տրվի լուծում։
Հիմա այդ խնդիրն է՝ ժողովուրդը կարո՞ղ է այնպիսի ճնշում գործադրել, որ երբևէ Հայաստանում ընտրական մեխանիզմները սկսեն գործել, և արդյո՞ք Ր. Հովհաննիսյանի ընտրած ճանապարհը կարող է լուծել այդ խնդիրը: Այլեւս այդ խնդիրը բարձրացված է այսօր:
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ժամ»