«Չմասնակցությունը երկար քննարկվել է: կային տարբեր մոտեցումներ: Հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը եւ այն, որ չհաջողվեց համախմբվել ընդդիմությանը…մենք նաեւ բանակցություններ էինք վարում «Ազատություն» կուսակցության հետ, որպեսզի կարողանանք ընդհանրական-ազատական թեւով մասնակցենք: Ի վերջո, նաեւ կան այլ հանգամանքներ, որ ընդդիմության մի քանի ճակատով հանդես գալը կարող է տանել փոշիացման այդ բանակցությունները»,- սա էր ընդհանուր առմամբ, պատճառը: Այսօր «Պոստ-սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով Երեւանի ավագանու ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության չմասնակցության պատճառների մասին, ասաց կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Անրադառնալով ներքաղաքական ստեղծված իրավիճակին եւ դրանից հնարավոր ելքերին, պարոն Արզումանյանն ասաց, որ հուսադրող է այն, որ երկու կողմերն էլ ձգտում են երկխոսության ձեւով հարթել այս կնճիռը: Նրա գնահատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները ցույց են տալիս, որ իրավիճակի սրացման չեն տանելու, ինչպես եղել է առ այսօր: «Կարծում եմ, շատ կարեւոր է, որ կարողանան նստել եւ բանակցություններ սկսել»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ինքը կողմնակից չէ մինչ բանակցությունները որեւէ կողմից նշաձողերի սահմանման, քանի որ բանակցությունների իր փորձը ցույց է տվել, որ դա «ոչ պրոդուկտիվ» ճանապարհ է: Բայց նա տեսնում է մոտեցումներ, որոնց շուրջ կարելի է բանակցել, ինչը նաեւ բխում է Հայաստանի հետագա զարգացումից: «Կա գործիչ, որը նույնիսկ պաշտոնական տվյալներով, հավաքել է ձայների 37 տոկոսը: Դա ահռելի թիվ է եւ համարում է, որ ավելին, հաղթել է ընտրություններում, մարդիկ դուրս են եկել փողոց՝ պաշտպանում են. կարելի է գնալ Վրաստանի, Ուկրաինայի ճանապարհով: Բայց ի սկզբանե հասկանալի էր, որ այդ ճանապարհը գոնե Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում մերժվեց, մնում է բանակցությունները, երկխոսությունը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ իր գնահատմամբ՝ «կողքից դիտորդի» կարգավիճակով, որը «կարեկցանքով, ավելի ճիշտ համակրանքով նայող»: Նա Րաֆֆիին մաղթեց հաջողություն, առողջություն եւ տոկունություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ