Այսօր «Հայելի» ակումբում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսելով ներքաղաքական զարգացումների մասին ասաց, որ քաղաքականությունը երկխոսություն է, իսկ մնացած բոլոր ակցիաները ապաքաղաքական միջոցառումներ են« Քանի որ «Ժառանգությունը» ընդդիմադիր դաշտում է, ապա պետք է լինի սուր երկխոսություն, պետք է լինեն միայն փոխադարձ զիջումներ, իսկ, երբ դա միակողմյա է, ապա կուսակցությունը պարտվում է: Պարտություն` նշանակում է հրաժարականների շարք եւ հեռացում, որովհետեւ պարտությունը քաղաքականության մեջ մեկ անգամ է լինում»:
Արշակյանի խոսքով`քաղաքական ուժերը պետք է անընդհատ պայքարի մեջ լինեն, բայց ուժերի համախմբումը ես համարում է վատ բան, որովհետեւ դա կոռուպցիա է ծնում:
Արշակյանը նաեւ ասաց, թե քանի որ իշխանությունը ցանկանում է լիցքաթափել ստեղծված իրավիճակը` Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում են դառնալ իշխանության մի մաս.« Ես սրա կողմնակից եմ, եթե նրանք նույն ծրագրերն ունեն, այսիքն` եթե Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է իշխանության մի մասը, ապա հարկավոր է, որ նա ընդունի, իր կադրերով իրականացնի ծրագրերը: Լավ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, որոնք երիտասարդներ են անփորձ, պաշտոններ ստանան եւ փորձ ձեռք բերեն»:
Արշակյանը նաեւ նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը գնան երկխոսության, ապա դա օգտակար կլինի, եթե իհարկե դրանում չկա դավաճանություն:
Կարդացեք նաև
Նախկին պատգամավորի կարծիքով` նամակագրությունն այս դեպքում եւ Րաֆֆի Հովհաննիսանին, եւ Սերժ Սարգսյանին հարմար է. «Այս պայքարից շահում են երկուսն էլ, «Ժառանգությունը» շահում է, քանի որ դուրս է մղել հրապարակից մյուս ընդդիմախոսներին ու ինչքան երկար դա տեւի, այնքան կշահի, իսկ ՀՀԿ-ն մի քիչ ավելի է շահում, բայց չեմ կարծում, որ նրանք առայժմ կհրաժարվեն այս ռինգի գործընկերությունից: Ոչ մեկ նոկաուտի չի ենթարկի, սա կտեւի 12 ռաունդ եւ զանգը կհնչի ու կլինի նոր ընտրություններ»:
Արշակյանը վերջում խորհուրդ տվեց ու խնդրեց, որ նամակագրության մեջ անպայման ներառվի քաղաքական կուսակցություների մասին օրենքի քննարկումը եւ բացառվի նրանց օրենքից դուրս աջակցությունը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ