Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն որերորդ անգամ Ազատության հրապարակում անցկացվող ասուլիսներում խոսում է այն մասին, որ, եթե իշխանություններն «անկեղծ լինեին», կբավարարեին իր պահանջն ու կբացեին 120 տեղամասերի պարկերը: Այս թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տվել են թե՛ պատկան մարմինները, թե՛ իշխանության ներկայացուցիչները եւ թե՛ մասնագետները: Անգամ լրատվամիջոցներն են մի քանի անդրադարձ կատարել խնդրին: Բայց նախօրեին կայացած ասուլիսում պարոն Հովհաննիսյանը կրկին բարձրացրեց թեման՝ իշխանությանը կրկին կոչ անելով բացել բոլոր կամ որոշ տեղամասերի քվեատուփերը:
Խնդիրն այն է, որ քննարկվող հարցն օրենսդրության մակարդակում սպառիչ լուծում ունի: Ընտրական օրենսգրքով նախատեսված են կոնկրետ գործիքներ, մասնավորապես՝ վերահաշվարկն ու քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը: Դրանցից առնվազն մեկի՝ վերահաշվարկի ինստիտուտին դիմելը Րաֆֆի Հովհաննիսյանին եւ մյուս բոլորին հնարավորություն կտար բացել պարկերը, ընդհուպ հանրապետության բոլոր տեղամասերում: Բայց այդ գործիքից պարոն Հովհաննիսյանը չի օգտվել: Երեկ նա բացատրեց, որ այդ «տեխնիկական սխալը» անփորձության հետեւանք է: Իսկ ինչո՞ւմն է «անփորձությունը»:
Ընտրական օրենսգիրքը նման դիմումներ ներկայացնելու շատ հստակ ընթացակարգ ու խիստ ժամկետ է սահմանում: Այսպես օրինակ՝ վերահաշվարկի համար կարելի է դիմել քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18:00:
Ըստ որում՝ նման դիմումները ենթակա են պարտադիր ընդունման: Բայց իրականությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից եղել է ընդամենը 10 դիմում, ըստ որում՝ ընթացակարգի խախտմամբ:
Կարդացեք նաև
Նույնը՝ հստակ ընթացակարգն ու խիստ ժամկետները, վերաբերում են նաեւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն: Այս դեպքում եւս, թեեւ ներկայացվել են 120 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 70 դիմումներ, բայց դրանք պատկան մարմիններին ներկայացվել են ընթացակարգի ու ժամկետների խախտմամբ: Ի դեպ, անվավեր ճանաչելու դիմումն ամենեւին չի ենթադրում պարկերի բացում, քանզի անհրաժեշտ ապացույցների առկայության դեպքում պարկի պարունակությունը որեւէ խնդիր լուծել չի կարող, իսկ ապացույցների բացակայության պարագայում՝ առավել եւս:
Քվեատուփերի բացման մեկ այլ հնարավորություն էլ առկա է Սահմանադրական դատարանում քննության ժամանակ: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցի քննության ժամանակ դատարանում միջնորդություն եղավ բացել եւ վերահաշվարկել հանարպետության բոլոր 1988 տեղամասերի քվեատուփերը: Դատարանն այս միջնորդությունը չբավարարեց՝ պարզաբանելով ժամանակի սղությունը:
Այսպիսով՝ «պարկերը բացելու» օրինական հնարավորությունները սպառվեցին: Թվում էր` Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պրոֆեսիոնալ իրավաբան է, հասկանալով նշված իրողությունը, ձեռնպահ կմնար խնդրի հետագա քննարկումից: Փոխարենը հասկանալով, որ ինքը որեւէ իրավական հնարավորություն չունի նշվածն իրականացնելու համար, ըստ էության, ապօրինի կոչով դիմում է իշխանությանը:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը սեփական անգործությունը «տեխնիկական սխալ» որակում, իսկ դիմացինին հորդորում ապօրինի քայլերի դիմել:
Ռոմիկ ՍԻԼՎԱՆՅԱՆ
«Ազգ»