Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մշտապես խուսափել է պատասխանել ներքաղաքական հարցերին՝ նշելով, թե ինքը մի կարեւոր սկզբունք ունի ու երբեք չի խախտել այն. «Ես երբեք չեմ մեկնաբանում ներքաղաքական զարգացումներն ու դրանց առնչվող այլ հարցեր»։ Բայց, կարեւոր սկզբունքին հավատարիմ մնալով՝ այսօր Հայկ Դեմոյանը հայտնվել է ՀՀԿ ավագանու ցուցակում։
– Պարոն Դեմոյան, ո՞վ Ձեզ խորհուրդ տվեց ընդգրկվել ցուցակում։
– Խորհուրդ, պարտադրանք եւ այլ նման բաներ չեն եղել, եղել է առաջարկ, որին համաձայնել եմ, եւ որն ինձ շատ պարտավորեցնում է։ Աշխատանքային իմ հիմնական կրեդոն որեւէ բան փոխելն է դեպի լավը՝ հանուն ընդհանուր շահի ու ընդհանուրի բարօրության։
– Ձեզ դո՞ւր է գալիս ՀՀԿ–ի այն ցուցակը, որում ներկայացված եք նաեւ Դուք։
Կարդացեք նաև
– Իմ կարծիքով՝ ցուցակները դուր գալու կամ չգալու համար չեն։ Կարեւորն այն է, թե ում հետ հնարավորություն կընձեռվի համագործակցել որպես ավագանու անդամ՝ ի շահ մեր մայրաքաղաքի։
– Բայց ցուցակը գլխավորող անձից՝ գործող քաղաքապեւո Տարոն Մարգարյանից, շատերը դժգոհություններ ունեն, ինչպե՞ս եք պատրաստվում այս պայմաններում համագործակցել։
– Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանին, ապա կարող եմ ասել, որ նա այսօր փորձում է կուտակված բազմաթիվ խնդիրները լուծել, եւ այդ առումով տեսանելի են որոշակի արդյունքներ։ Իսկ ինչո՞ւ չհամագործակցել նոր արդյունքներ ունենալու համար, եթե կա այդպիսի ցանկություն եւ հնարավորություն։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Ժողովուրդ»