Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Իզուր են այս հետընտրական զարգացումները, ուղղակի եռանդի կորուստ է»

Մարտ 28,2013 11:10

Հատվածներ Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ հարցազրույցից:

– Սրբազան, ինչպե՞ս կգնահատեք 2013 թվականին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները։

– Ընտրությունները համարում եմ կայացած, դրանց արդյունքների վավերականությանը կասկածելու հիմք չեմ տեսնում, եւ եղած դժգոհությունը հիմք չէ վավերականությանը կասկածելու։ Շիրակի մարզում բոլոր խնդիրները շատ ավելի սուր են՝ եւ ոչ միայն սոցիալ-տնտեսական, բացի այդ, Շիրակը միշտ էլ հայտնի է եղել ընդդիմադիր կեցվածքով։ Այս ընտրությունների ժամանակ շիրակցին զգաց, որ կարող է ազատ քվեարկել, եւ ունեցանք այդ արդյունքը։

Ինչպե՞ս եք վերաբերվում հետընտրական շրջանում տեղի ունեցող հանրահավաքներին։

– Դրանք փոքր հանրահավաքներ են, բացարձակապես ոչ մի խնդիր չլուծող, ոչ էլ խնդիր հարուցող։ Ժողովուրդն ակտիվ քաղաքական պայքարից հեռու է, պասիվ քաղաքական պայքարի կողմնակից։ Ինքն իր քվեարկությունը կատարեց եւ քաշվեց մի կողմ։ Ժողովրդին դժվար է հրապարակ բերել, եւ լավ է, որ դժվար է, քանի որ հեղափոխությունները երբեք էլ որեւէ լավ բանի չեն հանգեցնում։

Այսինքն՝ պայքարի հանրահավաքային ձեւին կողմ չե՞ք։

– Խաղաղ հանրահավաքներին դեմ չեմ, սակայն փորձը ցույց է տալիս, որ մեր իրականությունը խաղաղ հանրահավաքներ չի կարողանում հանդուրժել, եւ, ի վերջո, խաղաղ հանրահավաքը վերածվում է բախման։ Եթե իմանանք, որ հանգուցալուծումը խաղաղ կլինի, ոչ մեկն էլ դեմ չի լինի հանրահավաքին, բայց քանի որ կա մտավախություն, որ ինչ-որ մի սադրանք, արյունահեղություն կամ բախում կլինի, բնականաբար… եւ ընդհանրապես իմացեք, որ հեղափոխությունը նախագծում են ռոմանտիկները, պտուղներից օգտվում սրիկաները, այնպես որ, ոչ մի հեղափոխություն լավ բանի չի բերի։

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին, որպես քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք վերաբերվում։

– Հարգում եմ իրեն, թեեւ շփումներ երբեք չենք ունեցել, բարոյական կայուն արժեքներին հետեւող մարդ է, բայց իր քաղաքականության մեջ մի քիչ ռոմանտիզմ կա։ Ինքը բախումներ չի հրահրի, բայց կլինեն մարդիկ, ովքեր, իր ռոմանտիզմից օգտվելով, կսրեն իրավիճակը։ Քանի որ սառը, սթափ գործելու մոտեցումը Րաֆֆու մոտ կարծես տկարացած է, եւ ավելի շատ ռոմանտիզմն է իշխում։ Գուցե ճիշտ չեմ, գուցե ինձ հետ չհամաձայնի, բայց, համենայնդեպս, կլինեն մարդիկ, ովքեր կսադրեն. երկու կողմից էլ՝ եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից միշտ էլ սադրիչներ կան, միշտ սրիկաներ կան։

Որքանո՞վ է, ըստ Ձեզ, երկրի նախագահն ուշադրություն դարձնում երկրում հասունացող դժգոհությանը։

– Քանի որ նախագահը երկխոսում է Րաֆֆու հետ, մամլո ասուլիս է տալիս, փորձում է հարցերին պարզաբանումներ տալ, նշանակում է՝ ուշադրություն դարձնում է։ Վստահ երեւում է, որ նախագահը հասկանում է, որ երկրում գոյություն ունի դժգոհություն եւ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ բարոյահոգեբանական առումով:

Անդրադառնանք «Ժառանգության» ստորագրահավաքին, ասում են՝ եթե բավարար քանակի ստորագրություն հավաքեն, դրանով ցույց կտան, որ Ր. Հովհաննիսյանին այսքան մարդ է սատարել։

– Բավարար՝ որքա՞ն, Դուք հավատում եք, որ 800 հազար ստորագրությո՞ւն են հավաքելու հօգուտ Րաֆֆու։ Դուք հավատո՞ւմ եք այդպիսի երազանքի։ Րաֆֆին այստեղ 40 հազար ձայն հավաքեց, բայց 4 հազար հոգի հրապարակ դուրս եկա՞ն, այդքան էլ դուրս չեկան։ Իզուր է ժողովրդին դրդել ակտիվ հեղափոխական պայքարի, եւ լավ է, որ ժողովուրդը դրան չի գնում։ Երազանքներից պետք է իջնել ռեալ իրականություն, երազելը լավ բան է, բայց պետք է սթափ մտածել։

Իսկ հանրահավաքային պայքարը, ըստ Ձեզ, ինչո՞վ կավարտվի, մարելո՞ւ է, թե՞ ոչ։

– Մարելու է, քանի որ ժողովուրդը ցանկություն չունի հավետ հրապարակներում նստելու եւ հեղափոխություն անելու։ Իզուր են այս հետընտրական զարգացումները, ուղղակի եռանդի կորուստ է։ Ես ամեն ինչում չէ, որ համաձայնել եմ իշխանությունների հետ եւ իշխանության կողմից պախարակվել եմ իբրեւ ընդդիմադիր, հայտնի է, չէ՞, որ ընդդիմադիրի պիտակ ունեմ, բայց ես ոչ իշխանամետ եմ, ոչ ընդդիմադիր։

Բայց այս հարցում համաձայն եմ իշխանության հնչեցրած այն կարծիքին, որ ձեր եռանդը պահեք հաջորդ ընտրությունների համար։ Եթե ոչ նախագահական կամ խորհրդարանական, ապա՝ Երեւանի ավագանու ընտրությունների համար։ Թե չէ այդ եռանդը, հրապարակում սպառվելով, մյուս ընտրություններին չի բավականացնի։

Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031