Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին խնդրեցինք մեկնաբանել դեսպանների հայտարարությունը։ «Քաղաքական հայտարարությունները չենք մեկնաբանում»,- ասաց նա։ Մեր հարցին՝ «հնարավո՞ր է, որ սա ազդի դատախազության հետագա գործողությունների վրա, այսինքն գործը կարճվի», մեր զրուցակիցը պատասխանեց. «Քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են իրավական հիմքով»։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի մեկնաբանությամբ՝ այն, որ «Սիվիլիթասի» հետ դեսպանատները համագործակցում են, առանց ճշտելու էլ երեւում է՝ տարբեր փաստաթղթերով եւ այն դրամական փոխանցումներով, որոնք տարբեր երկրների կառավարությունները փոխանցել են հիմնադրամին։
Սահակյանը դեսպաններին խորհուրդ է տալիս՝ իրենց գործառույթները կատարել միայն իրենց իրավասությունների շրջանակներում, դիվանագիտական էթիկայի կանոնները պահպանեն եւ չմիջամտեն այս կամ այն երկրի ներքին գործերին։ «Առավելեւս, եթե քննություն է իրականացվում, իրավական ոլորտի խնդիր է, եւ չեմ կարծում, որ առանց վերջնական եզրահանգման, նմանատիպ գնահատականները հօգուտ արդարադատության են։ Սա դիտվելու է որպես որոշակի ճնշում, ուստի բոլոր կողմերին, եւ այսօր մենք էլ ենք զերծ մնում որոշակի գնահատականներից, խորհուրդ կտանք զսպվածություն դրսեւորեն եւ այդ նուրբ սահմանը չանցնեն։ Մենք ինքնիշխան պետություն ենք եւ թույլ չենք տա, որ մեր ներքին գործերին ինչ-որ մի առումով խառնվեն, անկախ այն բանից, թե Վ. Օսկանյանը որքանով է դեսպաններին հետաքրքիր որպես սուբյեկտ, ինչ շահադիտական խնդիրներ ունեն իրար հետ»,- ասաց պատգամավորը։
Մեր զրուցակցին հիշեցրինք Ռայներ Մորելի խոսքը, որում ասում է, որ «Սիվիլիթասին» ներկայացված մեղադրանքների հիմք չի տեսնում։ Ըստ Սահակյանի, եթե նախաքննական մարմինները համագործակցում են դեսպանի հետ, նրան ինչ-որ ինֆորմացիա են տալիս, ու նա գործից տեղյակ է, դա ուրիշ բան է։ Բայց նա վստահ է, որ դեսպանն ինֆորմացիայի նման ծավալին տեղյակ չէ։ Ինչ մնում է տեղի ունեցողը որպես քաղաքական հետապնդում որակելուն, ապա, ըստ Սահակյանի. «Վ. Օսկանյանն էդ ի՞նչ ընդդիմադիր լու՜րջ քաղաքական գործիչ է, որ իշխանությունը նրան չեզոքացնի՝ քաղաքական հետապնդում իրականացնելով»։
Կարդացեք նաև
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
«Հայկական ժամանակ»