Մի քանի ամիս առաջ որոշ ուժեր փորձում էին հանրությանը համոզել, որ երկրում բուրժուադեմոկրատական հեղափոխություն են իրականացնում: Բուրժուադեմոկրատիան ՀԱԿ-ի վերջին հանգրվանն էր և ՀԱԿ-ԲՀԿ տանդեմի գաղափարախոսությունը, որը սակայն պարզվեց, որ ընդամենը մանր ապստամբության պես մի բան էր, որը շատ արագ Սերժ Սարգսյանին հաջողվեց տապալել՝ կամ ներքին ռեսուրսներով, կամ արտաքին միջամտությամբ:
Այսօր, «Բարգավաճ Հայաստանը» գնում է Երևանի ավագանու հաղթական ընտրությունների, իսկ բուրժուադեմոկրատական հեղափոխության մյուս մասը՝ ՀԱԿ-ը, զբաղված է սոցիալ-լիբերալ ինչ-որ գաղափարախոսություն մշակելով: Բուրժուադեմոկրատիան մնաց անցյալում: Հայաստանի հասարակությունը կեղծ նժդեհականության և կեղծ տարոնականության կամ ցեղակրոնության համար քննադատում է իշխող Հանրապետական կուսակցությանը: Դաշնակցության գործողություններում հազիվ կարելի է նկատել սոցիալիզմ կամ հեղափոխականություն:
Գաղափարախոսությունները հայկական քաղաքական դաշտի համար աճպարարության կամ ժանգլյորության ռեկվիզիտներ են, և այս հարցում իշխանությունները միակը չեն: Այդ իսկ պատճառով, երբ հայտարարվում է, որ բուրժուադեմոկրատական հեղափոխություն է իրականացվում երկրում, դա ոչ ոք լուրջ չի ընդունում, միգուցե հայտարարողների մի մասից բացի, որովհետև հասարակության համար պարզ է, որ գաղափարախոսությունները ընդամենը ներքին ապստամբությունների, այսպես ասած, գլոբալ շղարշներ են՝ այսօր բուրժուադեմոկրատ են, վաղը` սոցիալ-լիբերալ, երեկ` ուլտրաազատական, վաղը չէ մյուս օրը` եթե պետք լինի, կլինեն ազգայնական-լիբերալ: Կարևորը գիտահանրամատչելի դարձվածքներն են, ձայնի տեմբրը, տոնայնությունը և դեմքի բնականաբար խելոք արտահայտությունը:
Քաղաքական ուժերին կամ այրերին թվում է, թե հասարակությունը այդ ամենը պատրաստ է կլանել շարունակաբար` դառնալով ընդամենը, խոշոր հաշվով, ներհամակարգային առևտրի ամբողջականությունն ապահովող հանդիսատես: Սակայն նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությանը ընդամենը մի պարզ բան էր պետք՝ անկեղծություն, ոչ թե գաղափարական իմաստուն շղարշներ, որոնք արժեզրկել են առաջին հերթին դրանց հեղինակները:
Անկեղծությունը միգուցե հայկական քաղաքական կատեգորիա չէ, ընդհանրապես քաղաքական կատեգորիա չէ միգուցե, բայց այսօր Հայաստանում մի իրավիճակ է, երբ քաղաքական բոլոր կատեգորիաները վարկաբեկված են և զրոյից սկսելու համար անհրաժեշտ է վերադառնալ պարզ մարդկային կատեգորիաների, որոնցից առաջինը երևի թե անկեղծությունն է: Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունները ծառայեցրեց հենց այդ նպատակին: Հաջորդ փուլում անհրաժեշտ է անկեղծության հիմքի վրա արդեն նոր քաղաքական կատեգորիաների ձևակերպումն ու գործընթացի կազմավորումը, որովհետև զուտ անկեղծությունն, իհարկե, արդեն շատ քիչ է արդյունավետ առաջ շարժվելու համար: Բայց, քիչ լինելով հանդերձ, այն պարտադիր պայման է նոր գործընթացների համար որպես հիմք և նույնիսկ պատվանդան, որը մշտապես պետք է տեսանելի լինի:
Կարդացեք նաև
Այսինքն` անկեղծությունը պետք է լինի շոշափելի, գործընթացին, այսինքն` տվյալ դեպքում կոթողին զուգահեռ տեսանելի, ինչպես պատվանդանը: Դա հատկապես կարևոր է` նկատի ունենալով, թե որ «գաղափարախոսական հեղափոխականները» ինչպես են հերթական անգամ նետվում մարտի, որի միակ զոհը ոչ թե իշխանություններն են դառնալու, ինչպես խոստանում են, այլ անկեղծությունը, ինչպես ցույց են տվել մինչև այսօր:
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»