Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում դրամի փոխարժեքը ռեկորդ սահմանեց վերջին վեցուկես տարվա կտրվածքով։ Մեկ դոլարի գինը բորսայում կազմեց 419 դրամ 75 լումա։ Սա ամենաբարձր գինն է 2006 թվականի հունիսից այս կողմ։ Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, վերջին շրջանում դրամի բավականին կտրուկ արժեզրկման պատճառներն այնքան էլ հասկանալի չեն։ Հանրությանը մատուցվող պաշտոնական վիճակագրական ցուցանիշների տրամաբանությամբ դրամը ոչ միայն չպետք է արժեզրկվեր, այլեւ պետք է արժեւորվեր։ Խնդիրն այն է, որ ըստ այդ վիճակագրության՝ Հայաստանի տնտեսությունը զարգանում է գրեթե երկնիշ տեմպերով։ Նույն տեմպերով աճում են արտահանման ծավալները, որ երկրին պետք է բերեին լրացուցիչ արտարժույթ։ Ըստ վիճակագրության՝ աճում է նաեւ արտերկրում աշխատող մեր հայրենակիցների ուղարկած մասնավոր տրանսֆերտների ծավալը, որը նույնպես լրացուցիչ արտարժույթ է։ Այս գործոնների ազդեցության տակ դրամը պետք է արժեւորվեր, եթե իհարկե բերված պաշտոնական վիճակագրությունը համապատասխանում է իրականությանը։ Բացառված չէ, որ դրամի արժեզրկումը պայմանավորված լինի Հայաստանից արտարժույթի արտահոսքով, ինչի մասին սակայն պաշտոնական վիճակագրությունը լռում է: Ու քանի դեռ հասկանալի չէ, թե որն է դրամի արժեզրկման այսպիսի տեմպի պատճառը, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսի պահվածք կդրսևորի փոխարժեքը առաջիկայում: Նկատենք, սակայն, որ ապրիլը դրամի սեզոնային արժեզրկման շրջան է, որը դադարում է այն ժամանակ, երբ գարնանը արտերկրներ մեկնած մեր հայրենակիցները սկսում են Հայաստան ուղարկել այնտեղ վաստակած արտարժույթի զգալի քանակություն։ Ամռանը դրամը մի կարճ ժամանակահատված կրկին արժեզրկվում է։ Կպահպանվեն այս սեզոնային միտումները 2013 թ.-ին, դժվար է ասել։
Նկատենք, որ ըստ որոշ դիտարկումների՝ դրամի արժեզրկումը ունի մի քանի պատճառ։ Առաջինը՝ արտարժույթի արտահոսքն է Հայաստանից։ Չնայած այդ իրավիճակը չի արձանագրվում պաշտոնական ցուցանիշներով, բայց բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ նման երևույթ առկա է։
Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ ի հեճուկս մեր պաշտոնյաների հավաստիացումների, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացել է 35 տոկոսով, իսկ գազի դիմաց Հայաստանը վճարում է դոլարով։ Դա նույնպես դոլարի նկատմամբ ստեղծում է լրացուցիչ պահանջարկ եւ արժեզրկում դրամը։
Երրորդ պատճառը՝ արտագաղթի սահմռկեցուցիչ ծավալներն են։ Հայաստան եկող և այստեղից մեկնող մարդկանց թվերի բացասական սալդոն օր օրի աճում է և դա արձանագրում է անգամ պաշտոնական վիճակագրությունը։ Ենթադրվում է, որ մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում ընտանիքներով եւ այնտեղից ավելի քիչ են փող ուղարկում հարազատներին։
Կարդացեք նաև
Հ.Գ. Նշենք, որ դրամի արժեզրկումը խիստ ձեռնտու է գործող իշխանությանը։ Սիայն դրամի արժեզրկումից օգտվելով՝ պաշտոնական վիճակագրությունը, օրինակ 2012 թվականին կարողացավ ցուցադրել ՀՀ տնտեսության 7.2 տոկոս աճ։ Իրականում սակայն, հաշվի առնելով արժեզրկումը, անցած տարի Հայաստանում մոտ երկու տոկոս տնտեսական անկում է եղել:
«Հայկական ժամանակ»